«Ամեն ինչ մեր օգտին է, միայն թե ապուշներն են իշխանության...». Պարույր Հայրիկյան

Lragir.am-ի հարցերին պատասխանում է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը

Պարոն Հայրիկյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն կարծես ակտիվություն է ցուցաբերում Արցախի հարցում։ Հնարավո՞ր է Մինսկի խմբի շրջանակներում առաջիկայում քաղաքական գործընթաց սկսվի։

Նիկոլն իրեն պարտված ճանաչեց, բայց տուժող կողմ չճանաչեց։ Իսկ աշխարհում ընդունված կարգ կա՝ և քրեական իրավահարաբերություններում, և ընդհանրապես։ Սովորաբար, երբ հարց է քննարկվում, տուժող կողմի կարծիքը շատ կարևոր է։ Եվ տուժողը նույնիսկ կարող է ներել, ընդունված է, որ դա ամենաուժեղ մեղմացուցիչ հանգամանքն է։ Հայաստանը մեծ ուրախությամբ հանդես է գալիս պարտվողի դերում՝ Նիկոլի շուրթերով, բայց երբեք որպես տուժող հանդես չեկան Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Եվ քանի որ դա արդեն ի վիճակի չէ անել Նիկոլը, նա չի կարող ասել, որ՝ «մենք տուժող ենք իմ սխալների պատճառով», երևի դա է նաև իրեն կաշկանդում, իհարկե, հրատապ է դառնում իր հեռացումը։ Սա շատ կարևոր է դառնում սերունդների համար։

Ինչ վերաբերում է Ամերիկայի քաղաքականությանը, ես շատ բաներ եմ տեսել իմ անցած ճանապարհին և չեմ շտապի որևէ բան ասել։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ ժամանակին Սովետական միության լինելն ու չլինելը, պատկերացրեք, կախված էր այլախոհների դիրքորոշումից։ Եվ եթե այլախոհներն ասեին՝ լավն է Գորբաչյովը, այդպես էլ կմնար Սովետական միությունը, այսօր կլիներ Չինաստանի պես մի բան։ Եվ դա արձանագրված է, Կոնգրեսի արձանագրություններում կան այդ բոլոր փաստերը, որ՝ քանի որ համախմբված այլախոհները միասնական ճակատով գտնում են, որ Գորբաչյովի արածը խաբկանք է, մենք՝ ամերիկացիներս պիսի լսենք կամ Գորբաչյովին․․․ իսկ այսօրվա դեպքում՝ կամ Ալիևին, կամ նաև հայերին։

Հայերը մի քանի հզոր գործոններ ունեն այս պարագայում՝ պատերազմական հարձակման են ենթարկվել, փաստաթուղթ են ստորագրել ճնշման տակ, անտեսվել է ինքնորոշման իրավունքը, դրանից առաջ անտեսվել է հարցը միայն խաղաղ բանակցություններով լուծելու որոշումը և այլն։ Հետևաբար, շատ մեծ հնարավորություններ ու մեծ հեռանկար կա, մանավանդ, որ Մակրոնը՝ համանախագահներից մեկը, ամբողջ ընթացքում եղել է այդ իրադարձությունների վկան։ Այնպես որ, շատ բան կախված է մեզնից։

Այսինքն՝ ճիշտ քաղաքականությո՞ւն պետք է վարել։

Այո, պատկերացրեք, շատ բան պետք չէ։ Ընդամենը պետք է լինել ազնիվ։ Սահմանների մասին խոսելիս էլ հերթով իրար փոխարինած ապուշները երբեք չնշեցին, իրենք չեն էլ ուսումնասիրել Առաջին հանրապետության կնքած պայմանագրերը։ Ընդամենը մի 5-6 փաստաթուղթ է։ 1920 թ. օգոստոսի 11-ին, երբ Ֆրանիսայում կնքվում էր Սևրի պայմանագիրը, Թիֆլիսում Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնագիր էին կնքում, որով Հայաստանը թույլ էր տալիս, որ 11-րդ բանակի զորքերը ազգամիջյան  բախումները կանխելու նպատակով մտնեն Արցախ, Զանգեզուր և Նախիջևան։ Այսինքն՝ նրանք ադրբեջանցիների հետ չէին կնքում այդ պայմանագիրը, Արդբեջանն արդեն սովետական էր, իրենք դա հայկական տարածք համարելով էին այդ պայմանագիրն ստորագրում հայերի հետ ու խնդրում մտնելու թույլտվություն։ Եթե Արցախը Հայաստանի կազմում չէր, ինչու՞ էին Արցախ զորք մտցնելու մասին Հայաստանի հետ պայմանավորվում։ Այս բոլոր փաստարկները պետք է բերել, բայց հայկական դիվանագիտութունը երբեք այս փաստարկը չհնչեցրեց։ Այսինքն՝ ամեն ինչ մեր օգտին է, միայն ապուշներն են իշխանության։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.