Նոյեմբերի 24-ը՝ ապագաղութացման սկիզբ... Գնդակը գտնվում է Հայաստանի հասարակության դաշտում.

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

«Այս համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա, սա նաև իր տեսակի մեջ առաջին համաձայնագիրն է, որ Եվրամիությունը կնքում է Եվրասիական միության անդամ պետության հետ։ Հիմա կարևորը դրա իրագործումն է և կյանքի կոչումը, որպեսզի հնարավորություն ունենանք օգտվել դրա ընձեռած բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել, ինչպես նաև կշարունակենք հետևել՝ ինչպես են այս համաձայնություններն իրագործվում», – հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին։

Մինչև վերջին պահը հնարավոր չէր համարվում, որ Հայաստանը կարող է ստորագրել այս համաձայնագիրը, որովհետև թվում էր` կխանգարեն ռուսական գործոնը, Հայաստանի իշխանության որակը: Ամեն ինչ փաստաթղթի ստորագրման դեմ էր, սակայն ստորագրությունները դրված են, Հայաստանի եվրաինտեգրման նոր մակարդակն այլևս իրականություն է, հիմա օրակարգում այլ հարց է` ԵԱՏՄ խայտառակ միության անդամ Հայաստանը կարո՞ղ է ունենալ եվրոպական հավակնոտ ամբիցիաներ:

Հայաստանը դարձավ յուրօրինակ էքսպիրիմենտ, որովհետև, ըստ էության, կոնսենսուսի պայմաններում դրվեց Հայաստանի ապագաղութացման մեկնարկը: Ստորագրությունը ստարտ է, բայց երաշխիք չէ, որովհետև խոչընդոտները մնում են նույնը: Եթե չլինի բարեփոխումների հասարակական պատվեր, ճնշում, ապա փաստաթուղթը մնալու է ֆորմալություն, որը բովանդակային առումով ոչինչ չի տալու Հայաստանին: Հայաստանի եվրոպականացման ցանկացած քայլ, ինստիտուցիոնալ բարեփոխման յուրաքանչյուր դրսևորում Հայաստանը պոկելու են ԵՏՄ-ից, որովհետև սկզբունքորեն հնարավոր չէ մեկտեղել ճահիճն ու կամուրջը, որը երկիրը տանում է դեպի քաղաքակիրթ երկիր:

Գուցե վերամբարձ հնչի, սակայն Հայաստան-Եվրամիություն այսօրվա համաձանագիրը` որպես քաղաքական ակտ, բովանդակային առումով փոխլրացնում է այն գործընթացին, որի մեկնարկը տրվել է քսանվեց տարի առաջ` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին: Սեպտեմբերի 21-ը բացառում էր որևէ կոմպրոմիս կայսրության հետ, այսօրվա համաձայնագիրը նույնպես չի կարող ապահովել եվրասիական ճահճի ու եվրոպական հավակնությունների ներդաշնակություն:

«Եվ, եվ»-ը գործել չի կարող, որովհետև կոմպրոմիս չի կարող լինել ավտորիտարիզմի ու ժողովրդավարության, օլիգոպոլիայի ու մրցակցության, կայսրության քմահաճույքների ու հասարակության ազատության ձգտումների միջև: Անկախ Սերժ Սարգսյանի

հրապարակային հավաստիացումներից, որոնց հիմքում անվերապահ հավատարմությունն է ռուսական կայսրությանը, այսօր, ըստ էության, ֆորմալիզացվել է ԵՏՄ-ից Հայաստանի պոկելու գործընթացի մեկնարկը:

Գործընթացը բովանդակային առումով նոր է մեկնարկել: Կամ նոյեմբերի 24-ը կդառնա Հայաստանի ապագաղութացման մեկնարկ ու Սեպտեմբերի 21-ի շարունակություն, կամ` Հայաստանի ինքնիշխանության ու եվրաինտեգրման գաղափարը կթաղվի եվրասիական ճահճում: Գնդակը գտնվում է Հայաստանի հասարակության դաշտում, որը հետևողականորեն պետք է ապացուցի, որ Նոյեմբերի 24-ը գիտակցված որոշում է, որ գալիս է փոխլրացնելու Սեպտեմբերի 21-ի ազատության կամարտահայտմանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am