Կվերադառնա Սերժ Սարգսյանը Բրյուսելից և կսկսի...

Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ԵԺԿ ու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին: Դրանց շրջանակում սպասվող ամենանշանակալի իրադարձությունն իհարկե ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումն է, որը ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլև երևի թե կովկասյան ու եվրասիական տարածաշրջանի համար կարող է ունենալ առանցքային նշանակություն կամ ներուժ: Համենայնդեպս, առայժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ համաձայնագրի ստորագրմանը չի սպառնում ոչինչ, խոչընդոտներ չկան, եղածները հաղթահարված են, իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Եթե Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ապա դրանով ըստ էության կավարտվի արտաքին, այսպես ասած, ակտիվության մի ցիկլ, և Բրյուսելից վերադարձից հետո Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի կկենտրոնանա արդեն ներքին խնդիրների վրա: Իհարկե, ներքին խնդիր ասելով խոսքն ամենևին տնտեսական և քաղաքական բարեփոխումների մասին չէ, որոնք պետք է բարձրացնեն Հայաստանում օրինականության և իրավականության մակարդակն ու բերեն որակապես այլ պետական իրավիճակի:

Խոսքը ընդամենը 2018-ի ապրիլին ընդառաջ ներհամակարգային վերադասավորումների մասին է, որոնց էլ Սերժ Սարգսյանը ըստ երևույթին լայն թափով ձեռնամուխ կլինի Բրյուսելից վերադարձից հետո, եթե, իհարկե, նա վերադառնա ձեռքին Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցն ու արված հայտարարությունները գործնականում արձանագրեցին Ղարաբաղյան խնդրի շուրջ ստատուս քվոյի որոշակի ամրագրման և սառեցման մասին, գործընթացի որոշակի կայունացման փուլի մասին: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումով Հայաստանը կամփոփի արտաքին քաղաքականության մեկ այլ կարևորագույն վեկտոր, գոնե որոշակի փուլով:

Միևնույն ժամանակ կարծես թե կայունության ինչ-որ փուլ է թևակոխում սիրիական հակամարտությունը, որն արդեն առավել խոշոր ազդեցությամբ լարվածության օջախ էր: Այդպիսով, արտաքին քաղաքական գերակտիվ որոշակի փուլը կարծես թե հասնում է վերջնագծին, և առայժմ չկան նախանշաններ, որ նոր փուլերը լինելու են նույնչափ լարված և գերակտիվ: Ըստ այդմ, դա նշանակում է, որ քիչ թե շատ բարեհաջող անցնելով այդ փուլը՝

Սերժ Սարգսյանը արտաքին առավել կայուն միջավայրի պայմաններում ձեռնամուխ կլինի արդեն իր 2018-ի ծրագրերի համար ներքին միջավայրի կայունացմանն ու կառավարելիության բարձրացմանը:

Հետաքրքիր հարցը այստեղ այն է, թե այդ ընթացքում, գերակտիվ արտաքին փուլում Սարգսյանը որքանով է հաջողացրել ապահովել իր ներքին ծրագրերի արտաքին լեգիտիմություն ուժային կենտրոններում: Այն, որ ինչ-որ լեգիտիմություն ապահովված է, և

դա նվազագույն անհրաժեշտի չափ է, կարծես թե նշմարվում է: Պարզ չէ, սակայն, թե ինչքան է առավելագույն շեմը, և ինչ դրսևորում է դա ենթադրում արդեն ներքին վերադասավորումներում՝ թե՛ իր կարգավիճակի, թե՛ առանցքային մի քանի պաշտոնների մասով: Դա ենթադրո՞ւմ է 2018-ի ապրիլին ընդառաջ ներհամակարգային, այսպես ասած, կապիտալ շարժեր, թե՞ Սարգսյանը բավարարվելու է կոսմետիկայով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am