Իվանիշվիլիի դասը Սամվել Կարապետյանին

Նովոստի Գրուզիան հայտնում է, որ Վրաստանի իշխող Վրացական երազանք դաշինքի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար: Նախատեսվում է համալսարանի շինարարությունն ավարտել 2019 թվականին եւ ընդունել ուսանողների առաջին հոսքը: Համալսարանը նախատեսված է 60 հազար ուսանողի համար:

Բիձինա Իվանիշվիլին 2012 թվականին իշխանության բերեց Վրացական երազանք դաշինքը, դարձավ վարչապետ, որոշ ժամանակ անց թողեց պաշտոնը եւ հեռացավ քաղաքականությունից:

Վրաստանի նախկին վարչապետի մեկ միլիարդ եվրոյի նվիրաբերությունը տալիս է հայաստանյան իրականության հետ ուշագրավ զուգահեռի առիթ, առավել եւս այն պատճառով, որ մեկ միլիարդը վերջին օրերին հայաստանյան ներքին իրադարձությունների առանցքային զարգացումներից մեկն էր:

Խոսքը նոյեմբերի 13-ին հայտարարված մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին էր, որ պետք է անի ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Այդ ներդրումը պետք է կատարվի տասը տարում եւ գլխավորապես երկու ուղղությամբ՝ նոր ՀԷԿ-ի կառուցում եւ Հայաստանի էլցանցերի արդիականացում: Էլցանցերում Սամվել Կարապետյանը ներդնելու է մոտ 900 միլիոն դոլար: Իր այդ ներդրման մասին հայտարարելուց առաջ Սամվել Կարապետյանը Երեւանում բացել էր իր առեւտրային կենտրոնների ցանցի երեւանյան օբյեկտը՝ ՌԻՈ-ն:

Դրանից հետո սա Ռիո դե Ժանեյրոն է, թե ոչ, դժվար է ասել, բայց որ Սամվել Կարապետյանը գոնե առայժմ Բիձինա Իվանիշվիլի չէ, դա թերեւս հաստատ: Ընդհանրապես, հայաստանյան Իվանիշվիլիի հարցում կարծես թե կա լուրջ խնդիր: Իվանիշվիլի չդարձավ նաեւ Գագիկ Ծառուկյանը, թեեւ Տեր-Պետրոսյանը նրան այդպիսին հռչակեց իրեն հատուկ մարգարեական ինքնավստահությամբ:

Բայց, քաշային կարգի առումով Իվանիշվիլիի հետ ավելի համեմատելի է թերեւս հենց ամենահարուստ հայը՝ Սամվել Կարապետյանը, որը միլիարդատեր է: Բայց, համեմատությունն ավարտվում է դրանով: Թեեւ, կա մեկ այլ նրբերանգ՝ ինչպես Իվանիշվիլին, Կարապետյանն էլ Հայաստանում հավակնում է իշխանության: Բայց եթե Իվանիշվիլին ձեւավորեց Վրացական երազանք դաշինքը եւ հաղթեց ընտրությանը իշխող կուսակցությանը, Սամվել Կարապետյանը ընդամենը ձեւավորեց Հայաստանի ներդրողների ակումբ, որը պետք է պահեր վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական կամ ներիշխանական թիկունքը:

Սամվել Կարապետյանին դա թերեւս չի հաջողվել, եւ նա ի վերջո իշխող Սերժ Սարգսյանին հաղթելու փոխարեն պայմանավորվեց նրա հետ, ստանալով առաջիկա տասնամյակի իր տնտեսա-քաղաքական քվոտան:

Այդ քվոտան չի ներառում Հայաստանում կրթական որեւէ խոշոր նախագծում արվելիք ներդրում, ինչպես օրինակ Իվանիշվիլին անում է Վրաստանում: Իվանիշվիլիի եւ Սամվել Կարապետյանի միլիարդները հոսում են տարբեր ուղղություններով:Թեեւ, Իվանիշվիլի չէ ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ նաեւ Հայաստանի ներդրողների ակումբի երեք տասնյակ ռուսաստանահայ գործարարների կազմն ընդհանրապես:

Համենայն դեպս առայժմ այդ ակումբը ներդրում կատարում է միայն հանրային հիասթափության մեջ, կամ էլ ոլորտներում՝ ինչպես էներգետիկան, որտեղ երաշխավորված է հասարակության գրպանից կայուն գանձումը:

Պաշտոնի նշանակումից ի վեր վարչապետ Կարեն Կարապետյանը, որի թիկունքը պետք է պահեր ներդրողների ակումբը, տարբեր հարթակներից խոսում է երազանքի առկայության

կարեւորության մասին: Կարեն Կարապետյանի այդ շեշտադրումները գրեթե անվիճելի են՝ Հայաստանին, Հայաստանի քաղաքացիներին պետք է երազանք, պետք  է խոշոր երազանք, տեղերում պետք են երազանքներ:

Այդ ֆոնին սակայն հետաքրքիր է, թե ինչ երազանք ունի Կարեն Կարապետյանի թիկունքին կանգնած ակումբը, իհարկե երաշխավորված գանձումներից բացի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am