Քիչ առաջ. նոր ինտրիգ... Հովիկ Աբրահամյանը միացավ Ռուզան Խաչատրյանին

Ու՞մ նկատի ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանյան մեդիա եւ քաղաքական հանրույթները առաջիկա օրերին կապրեն թերեւս այդ հարցի պատասխանը փնտրելով, այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուշագրավ գրառումով, ներկայացնելով պարույր Սեւակից մի քառատող՝

Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…

 

Պետք է ենթադրել, որ գրականության հանդեպ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը թելադրված է Մոնումենտի դղյակների հանդեպ այն ուշադրությամբ, որ վերջին շրջանում ծավալվել է Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքում: Իսկ թեման բացեց Ծառուկյան դաշինքը, որը Ազգային Ժողովում բարձրացնելով Գագիկ Ծառուկյանի Առինջ մոլ տոնավաճառում ՊԵԿ ստուգումների հարցը, այն որակեց հարկային տեռոր, վայրագություն եւ կոչ արեց տոնավաճառների աշխատակիցների մոտ ստվեր փնտրելու Մոնումենտի դղյակներն ուսումնասիրել:

Կծիկն այսպես ասած գլորվեց ու քանդվեց, հասնելով ընդհուպ Հովիկ Աբրահամյան, որին ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրինակ տեսնում է Մոնումենտում կոռուպցիայի թանգարանի զբոսավարի կարգավիճակում: Դղյակների թեմային նախկին վարչապետը փաստորեն պատասխանում է Պարույր Սեւակի միջոցով: Ու՞մ է ուղղված նրա պատասխանը, դժվար է ասել՝ թեման անզգուշորեն բացած Ծառուկյան դաշինքի՞ն, թե՞ շարունակած եւ զարգացրած ԵԼՔ դաշինքին: Փոխարենն ավելի դյուրին է ասել, թե իր քայլով ում հետ է առնվազն անուղղակի դաշնակցում նախկին վարչապետը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ, Ռուզան Խաչատրյանի: Օրեր առաջ հայկական մեդիա եւ քաղաքական դաշտերը այսպես ասած իրար խառնեց Ռուզան Խաչատրյանը՝ զորակոչից խուսափած «խորհրդավոր» պաշտոնյայի մասին ֆեյսբուքյան իր հայտնի գրառումներով:

Դրանից հետո սկսեցին հարցերը, թե ու՞մ նկատի ուներ Խաչատրյանը:Փաստորեն, ֆեյսբուքյան այդ մարտավարությանը եւ ոճին միանում է նաեւ Հովիկ Աբրահամյանը, դարձյալ անելով բազմիմաստ ակնարկ ինչ որ սուբյեկտի հասցեին, բայց չտալով որեւէ անուն եւ ազգանուն: Գուցե թե Ռուզան Խաչատրյանը, թե նվազագույնը մարտավարությամբ նրան միացած Հովիկ Աբրահամյանը, թե շատերը համարում են, որ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ, որտեղ առնվազն մի անգամ բոլորը բոլորի կամ ոտքն են տրորել, կամ ձեռքը սեփական գրպանը տանելիս երկրի փոքրությունից ելնելով պատահաբար տարել են կողքինի գրպանը, եւ այլեւս ավելորդ է անուններ տալ, թե ում ձեռքը ում գրպանում կամ ինչպես ասում են ում «շառը ում լուզը»: Բայց հարցը հենց այն է, թե որն է ի վերջո բոլորի կամ Հայաստանի գլխավոր խնդիրը. Հայաստանը այդպես էլ մնա հավերժ «փոքր երկի՞ր», թե՞ դառնա պետություն:

Ի վերջո, եթե կա ասելու բան, ապա պետք է ասել հստակ անունով, ազգանունով, եւ եթե կա խնդիր, ապա այն պարզել դատարանում: Հակառակ դեպքում, պետության ու հանրության հանդեպ նույնքան բացասական հետեւանք ունի այսպես ասած անանուն ինտրիգների հրահրումը, որքան վատ կառավարումը եւ կոռուպցիան: Երկու դեպքում էլ հիմքում հակապետական մտածողությունն է, իսկ թե ազնիվ կամ անազնիվ մղումներով, դառնում է արդեն երկրորդական հարց, քանի որ հետեւանքը մնում է նույնը՝ հանրային մտածողությունն ու մշակույթը դրվում է իրավական մտածողության դաշտից դուրս, եւ պետությունը վերածվում է մի մեծ սոցցանցի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am