Հայաստանում հատկապես աճել է գողությունների թիվը: Իհարկե, պատկան մարմիններն այս դեպքում ստանդարտ բացատրություն ունեն: Նրանք ասում են` երկրում մեծ է աղքատության մակարդակը, մարդիկ հաճախ հանցագործության են դիմում ընտանիքի կարիքներից դրդված:
Իհարկե, ասվածի մեջ կա ճշմարտություն, սակայն բացակայում է խորքային, պատճառահետևանքային վերլուծությունը, որովհետև դա հարվածելու է իշխանություններին, նրանց հիմքերին, բարոյական նկարագրին: Օրենքի շուրջ հասարակական կոնսոլիդացիա կարող է լինել անգամ աղքատ երկրներում, եթե մարդիկ տեսնեն որակյալ և արդար կառավարում, կոռուպցիայի և զոռբայության դեմ պայքար: Այդ պարագայում` եթե անգամ մարդիկ դժգոհեն իրենց կյանքի որակից, ապա դա չի դառնա
հանցագործության կատարման մոտիվացիա: Ի վերջո` իրավական երկրներում քաղաքացիները վաղուց են հասկացել, որ հաջողության հասնելու ճանապարհը ռացիոնալ վարքագիծն է: Այն, որ աղքատությունը Հայաստանի քրեածին գործոններից մեկն է, անկասկած է: Սակայն միայն այդ հանգամանքը չէր կարող մարդկանց մոտ հանցագործության հակում ծնել:
Ավելի խորքային գործոն է անարդարությունը, այսինքն` հասարակական այն գիտակցությունը, որ համատարած աղքատության պատճառը պաշտոնյաների կոռումպսցվածությունն է, այն, որ երկրի հարստությունը դառնում է իշխանավորների ու
նրանց մերձավորների ճոխ մեքենաներ և անառիկ ամրոցներ, եկամտաբեր բիզնեսներ և արտասահմանյան հաշիվներ:
Երբեք, որևէ պարագայում հանցագործեւթյունն արդարացնել չի կարելի, սակայն պաշտոնյայի կամ օլիգարխի տունը թալանած մարդուն ենթագիտակցորեն թվում է, որ ինքը «սոցիալական արդարություն» է վերականգնել, որովհետև տարել է մեկից, ով պաշտոնն ու դիրքն օգտագործում է`պետության ու ժողովրդին թալանելու համար: Իհարկե, նման «արդարությունը» բնորոշ է ոչ թե պետություններին, այլ` ջունգլիներին, մյուս կողմից` Հայաստանում այդ «արդարությունը» լեգիտիմացված, հանցագործությունը սոցիալսպես
մոտիվացված կլինեն, քանի դեռ իշխանությունը նույնանում է թալանի և կոռուպցիայի հետ: Օրինակ` նախօերին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետ, 56-ամյա Նաիրա Խալաթյանի բնակարանը: Shamshyan.com-ի տեղեկություններով` գողացվել է խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։
Անշուշտ, հանցագործությունը պետք է բացահայտվի, գողոնը վերադարձվի, սակայն այս և նմանատիպ այլ դեպքերում պետությունը պետք է պարզի նաև, իսկ գուցե` առաջին հերթին, թե ինչպես են ահռելի եկամուտների տեր դառնում մարդիկ, ովքեր ընդամենը համեստ պաշտոններ են զբաղեցնում իշխանության միջին օղակներում` չափավոր աշխատավարձերով: Արդյո՞ք հենց նրանք` այդ պաշտոնյաներն, իրենց կասկածելի գործունեությամբ և ցոփ կենցաղով, չեն ծնում հանցագործություններ, չեն գայթակղում քրեական «արդարության» հետևորդներին:
Գողությունների թիվը Հայաստանում աճում է, որովհետև աղքատ մարդիկ սկսում են ապրել իշխանությունների պարտադրած «մշակույթով»: Հայաստանի իշխանությունը կառուցված է հենց թալանի և գողության սկզբունքով, և շարքային մահկանացուն համարում է, որ մեր երկրում առաջ գնալու, հաջողության հասնելու բանալին հենց գողությունն ու թալանն են: Այստեղ էլ սկսվում է հայկական տրագիկոմեդիայի երկրորդ արարը` «անարդարությունը», որովհետև պարզվում է` նույնիսկ անպատիժ գողությունը բացառապես իշխանության մենաշնորհն է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am