«Ուզո՞ւմ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին

SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակն իսկապես սարսափելի է․ այն քայքայում է թոքերը, ու վարակը կարող է հարվածել ոչ միայն խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, այլ նաև լրիվ առողջներին։ Այս մասին լավ գիտի ռուսաստանցի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սերինե Ղազարյանը։

Ղազարյանների ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, Covid-19-ը խլել է նրա ծնողների՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանի ու բժիշկ համաճարակաբան Արփիկ Ասատրյանի կյանքը։ Նրանք համապատասխանաբար 72 և 69 տարեկան էին։ Երիտասարդներից շատերը կարող էին նախանձել նրանց խանդավառությանն ու աշխատունակությանը։ Նրանք միշտ եռանդուն ու ակտիվ էին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ղազարյանը պատմել է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին ողբերգական հետևանքներին։ Նա հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերը, որ իբր իր ծնողները խրոնիկ հիվանդություններ ունեին։

«Ծնողներս էլ չեն վերադառնա, սակայն նպատակս է մնացածին հասցնել, որ վարակն իսկապես սարսափելի է, այն խլում է նաև առողջ մարդկանց կյանքը։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք կարծում են, որ տանը նստելը սարսափելի է։ Տանը նստելը սարսափելի չէ, եթե չեք ուզում դագաղում հայտնվել։ Ուզում եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»,- ասաց Ղազարյանը։

Ինչպե՞ս է ամեն ինչ տեղի ունեցել

Ամեն ինչ սկսվեց սուր շնչառական վարակից, Ղազարյաններն այսպես էին կարծում։ Սերինեն ասում է, որ ծնողներն իր հետ էին ապրում։ Ամբողջ ընտանիքը այդ թվում՝ նրա երեխաները, հիվանդացան, ջերմություն ու ինտոքսիկացիայի նշաններ ունեին․ մկանային, հոդային ցավեր, գլխացավ, դող։ Սերինեն վստահ է, որ բոլորը Covid-19-ով են վարակվել, սակայն նա ու իր երեխաներն ապաքինվեցին, իսկ ծնողները՝ ոչ։

«Ես ու երեխաներս երկու-երեք օրում լավացանք, իսկ ծնողներիս ջերմությունը չէր իջնում։ Դա մտահոգեց ինձ, թեև լաբորատոր ստուգումները ցույց էին տվել, որ ամեն ինչ կարգին է», – պատմեց Ղազարյանը։

Ու, քանի որ ծնողների ջերմությունը չէր իջնում, մարտի 21-ին Սերինեն բժիշկ կանչեց։ Նրանք ասացին, որ մայրիկիս ու հայրիկիս թոքերը մաքուր են, արյունը կատարյալ վիճակում է։ Բժիշկները վստահ էին, որ այն սովորական սուր շնչառական վարակ է։

Երկու օր անց իրավիճակը փոխվեց․ մարտի 23-ին Ասատրյանին ու Ղազարյանին տեղափոխեցին 68-րդ հիվանդանոց՝ թոքաբորբի կասկածով։ Քանի որ ամուսինները ոչ մի տեղ չէին մեկնել ու դրսից եկածների հետ չէին շփվել, ոչ ոք չէր կարծում, որ չարաբաստիկ Covid-19-ը խոցել է նրանց։

«Նրանց սովորական հիվանդասենյակ պառկեցրին։ Հայրս կատակում էր, ուզում էր ցնցուղ ընդունել, բայց․․․ Այս հիվանդությունը հենց դրանով է սարսափելի որ սկզբում թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում այդպես չէ», – ասաց Սերինեն։

Մարտի 27-ին նրա հորը վերակենդանացման բաժանմունք տեղափոխեցին։ Սերինեն ենթադրում է, որ նրանց վիճակն հենց այդ օրը վատացավ, ու նրանց մոտ առաջացավ «ցիտոկինային հողմ» (իմունային համակարգի՝ կյանքի համար վտանգավոր ռեակցիա հիվանդությանը –խմբ․), որի դեպքում «օրգանիզմն ինքն իր վրա է հարձակվում»։

Նույն օրը Միշիկ Ղազարյանի ու Արփիկ Ասատրյանի մոտ կորոնավիրուսը հաստատվեց․ թեստի պատասխանը դրական էր։ Նրանց տեղափոխեցին Կոմունարկա։

«Ծնողներիս համար ամեն ինչ վատագույն ելքով ավարտվեց։ Մայրս Կոմունարկայի ճանապարհին վատացավ, նրան տեղափոխելու ընթացքում անընդհատ փորձում էին ուշքի բերել։ Այդ տեղափոխությունը նրա համար իր կյանքն արժեցավ, հորս միանգամից միացրին թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Նա 11 օր միացված էր սարքին», – նշեց Սերինեն։

Հույս կար, որ Միշիկ Ղազարյանը բարեհաջող կհաղթահարի հիվանդությանը, քանի որ նրա վիճակը կայուն էր։ Ցավոք, ապրիլի 6-ին նա մահացավ։

 

Ի՞նց ցույց տվեց դիահերձումը

Ղազարյանի ու Ասատրյանի դիահերձումը ցույց տվեց, որ կորոնավիրուսը «շոկային թոք»  էր առաջացրել։

«Կոպիտ ասած՝ նրանք շնչահեղձ են եղել, միանգամայն առողջ լինելով։ Դա իսկապես սարսափելի է, այդ պատճառով մեծահասակ մարդիկ թող տանը նստեն։ Սա կատակ բան չէ, վարակն իսկապես սարսափելի է»,- ընդգծեց նրանց դուստրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.