Այն, ինչ նախորդ օրերին չէր հաջողվել վարչապետին, կրթության և պաշտպանության նախարարներին, այսօր գլուխ է բերել ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տարկետման ինստիտուտի վերացումից հետո նա դռնփակ հանդիպում է անցկացրել ուսանողական դասադուլի կազմակերպիչների հետ, և կողմերը պայմանավորվել են պատրաստվել Կլոր սեղանի, ինչից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել է դասադուլի և հացադուլի դադարեցման մասին:
Իհարկե, Շսրմազանովը, ի տարբերություն իշխանության իր գործընկերների, շատ ավելի ամուր դիրքերի վրա է եղել, որովհետև տարկետման ինստիտուտի վերացումից հետո դասադուլ անող ուսանողները, ըստ էության, հայտնվել էին երկընտրանքի առջև` իրենց
պայքարը տեղափոխել քաղաքական հարթություն կամ վերադառնալ լսարաններ: Ուսանողական շարժման մեկ շաբաթը բացահայտել էր, որ այն չունի քաղաքական պոտենցիալ: Նույնիսկ տարկետման խնդիրը ձևակերպել էր լոկալ հարթության վրա` այն չդիտարկելով կրթության և գիտության դեմ կառավարության վարած ընդհանուր քաղաքականության կամ կոռուպցիոն ռիսկերի համատեքստում:
Այս լույսի ներքո Շարմազանովի Կլոր սեղանի առաջարկությունը նույնիսկ փրկօղակ է ուսանողական շարժման համար, որովհետև արժանապատիվ այլընտրանք է դասադուլի գործընթացի անխուսափելի մաշմանը կամ դասադուլի միակողմանի դադարեցմանը: Մյուս կողմից` այնքան էլ պարզ չէ, թե Կլոր սեղանի ընթացքում ինչ են քննարկելու իշխանության ներկայացուցիչները, դասախոսներն ու ուսանողները, եթե տարկետման ինստիտուտը վերացված է, և իշխանությունները հասկացնում են, որ հետդարձի ճանապարհ չկա:
Իհարկե, պրիմիտիվ է նաև ուսանողներին մեղադրել, թե նրանք հրաժարվել են իրենց սկզբունքներից կամ նահանջել են պայքարի առաջնագծից, որովհետև առնվազն անհեթեթ կլինի մի քանի հարյուր երիտասարդների մեղադրել այն հարցում, որ նրանք չկարողացան հաղթահարել ավտորիտար իշխանության պատնեշները: Ի վերջո, դա, առաջին հերթին, քաղաքական համակարգի, ընդդիմության առաքելությունն է, որը նա ձախողել է ավելի քան քսան տարի: Ուտոպիստական կլիներ ենթադրել, որ ուսանողները կարող են գտնել կոնսոլիդացված ու բիրտ իշխանությանը հաղթելու արդյունավետ բանաձև, մանավանդ, որ շարժման մարդկային ու մտավոր պոտենցիալը, անկեղծ լինենք, սահմանափակ էր: Մյուս կողմից` ուսանողական շարժումը նահանջեց հենց առաջին փորձից, ինչը հուշում է, որ ուսանողական միջավայրն արդեն չի կատարում քաղաքական էլիտայի ձևավորման առաքելությունը:
Հայաստանում քաղաքական համապարփակ ճգնաժամ է: Իշխանություններն արտաքուստ ուժեղ են, սակայն չունեն ռացիոնալ օրակարգ, ընդդիմությունը զուրկ է այլընտրանքի կարևոր բաղադրիչներից, իսկ քաղաքացիական խմբերի շարժումներն արագ լոկալացվում են` առանց շոշափելի արդյունքների:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am