«Ինչի՞ կարիք ունես, 402 ջան, սուրճը բերեցի՞ն…». Կարանտինում՝ քաղաքացին կիսվել է տպավորություններով

Կարանտինում մեկուսացված Արփի Բեկարյանը կիսվել է տպավորություններով.

«Առավոտյան լույսը չբացված Աթենք-Երևան թռիչով իջանք Զվարթնոց։ Ինքնաթիռի պատուհանից էն կողմ scy-fi ֆիլմի կադր էր լրիվ՝ երկու շտապօգնության մեքենա ու մի քանի դիմակավոր բժիշկներ՝ ուղիղ ինքնաթիռի առաջ կանգնած։

Օդանավակայան չհասանք․ մինչ ինքնաթիռի դռները բացելն ու մարդկանց դուրս թողնելը մեր անունները բարձր կարդացին ու խնդրեցին, որ բոլոր ուղևորները սպասեն, մինչ մենք դուրս գանք։ Փաստորեն ֆիլմը մեզ համար էր կազմակերպված։ Երևանից Հռոմ էինք թռել ու մեր ճամփորդությունը սկսվել էր Հռոմի երկու օդանավակայաններում մի քանի ժամ սպասելով։

Դեռ 1 շաբաթ առաջ յոթս էլ որոշել էինք՝ գալիս ենք Հայաստան ու 14 օր ինքնամեկուսանանք, հնարավորության դեպքում անգամ տանեցիների հետ չշփվենք՝ գոնե մինչև Հռոմի օդանավակայաններում գլորած օրվանից 14 օր անցնի։ Աթենքում արդեն, նորությունները կարդալով, զգում էինք, որ բանը գուցե մեր ինքնամեկուսանալուն չհասնի։
Երբ ինքնաթիռի մեջ մեր անունները կարդացին, մի կին, ով ամբողջ թռիչքի ընթացքում հազից խեղդվում էր (և դա անում էր շատ փնթի ձևով), սկսեց ամբողջ ինքնաթիռով մեկ գոռալ․
– Սրանք աչքիս գրիպ են, հա՞։ Հիվա՞նդ են սրանք։ Խի՞ եք սրանց բերել, մեր հետ նստացրել բա։
Մի տղա էլ պատասխանեց․
– Եթե դաժը հիվանդ են, մարդ են (հաճելի նորություն էր):

Մեզ շատ արագ տեղավորեցին երկու շտապօգնության մեքենաներում, ևս մի անգամ անձնական տվյալներ լրացրին ու ճանապարհեցին դեպի կարանտին։ Մի ամբողջ գիշեր չքնելուց ու կարանտինյան պայմաններն ուսումնասիրելուց հետո նոր-նոր կարողանում եմ ուշքի գալ։

Էստեղ մեր հանդեպ հոգատարությունն էնքան շատ ա, որ նույնիսկ վատ ենք զգում մեզ։ Տասնհինգ-քսան րոպեն մեկ դուռը ծեծում են՝ հարցնելու՝ ինչի՞ կարիք ունենք, ի՞նչ կարող են բերել մեզ համար․ էլ սուրճ, էլ թեյ, էլ միրգ, էլ ֆեն ու տապչկա))) Անգամ սխտոր՝ կտրատելու ու սեղանին դնելու համար։ Միայն անմիս սնունդի պահն ա դեռ մի քիչ դժվար, էսօր մի քանի անգամ հետ եմ ուղարկել սնունդը, խնդրել, որ առանց միս բերեն, բայց էդ առումով էլ բախտս բերել ա՝ պասի շրջան ա, ամբողջ հարկում պաս պահողներ կան ու իրենք էլ նույն պահանջներն ունեն, էնպես որ հարցը շուտ կլուծվի։

Անձնակազմը շատ մեծ ա, բոլորը՝ հոգատար, իրենք իրենց հոգատարությունից խառնվում են արդեն, չեն հիշում՝ որ դուռը քանի անգամ էին ծեծել, հիմա որ սենյակ պիտի մոտենային։ Մեզ, ի դեպ, սենյակի համարներով են դիմում, բայց անգամ էդտեղ ջիգյարը չի կորում, ես օրինակ 402 ջանն եմ․ 402 ջան, ինչի՞ կարիք ունես, 402 ջան, սուրճը բերեցի՞ն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.