Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երեւանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։
Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ իրավապահները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։ Ներկայումս ոստիկանությունը փնտրում է ենթադրյալ հանցագործին։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան , որի դիմապակին պայթեցրել են, պատկանում է Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանին: Դատելով իրավիճակից՝ Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանը այնպիսի ապօրինությունների է դիմել, որ մեղադրյալը վրեժխնդիր է եղել, կամ էլ մեղադրյալ Նորայր Հովհաննիսյանը չի հաշտվել իր նկատմամբ դատախազի գործողությունների հետ, որ պայթեցրել է նրա մեքենան: Ստացվում, որ այս իրավիճակում մարդիկ այն աստիճան են չարացել, որ չհաշտվելով իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ՝ թիրախավորում են քննիչներին կամ դատախազներին, ու բանը հասել է այնտեղ, որ մեքենա են պայթեցնում:
Ասել է թե՝ մարդիկ իրենց հույսը կտրել են իրավապահներից, չեն սպասում քննության ավարտին կամ դատարանի որոշմանը եւ սեփական ձեռքերով են արդարադատություն իրականացնում` պայթեցնելով դատախազի մեքենայի դիմապակին:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ անօրինականության եք դիմել մեղադրյալի հարցով, որ նա որոշել է պայթեցնել Ձեր մեքենան:
-Քրեական գործով հիմա նախաքննություն է տարվում, ինչպես գիտեք, նախաքննություն էլ գաղտնի է, իսկ ես տիրապետում եմ այնքանով, որքանով որ հաղորդում եմ ներկայացրել:
-Ձեր վնասի չափը ինչքա՞ն է, Ձեր մեքենան ամբողջությա՞մբ է այրվել:
Ոչ, մնացած մանրամասները չեմ կարող ասել:
-Այս երեւույթը Ձեզ՝ որպես դատախազի, վախեցրե՞լ է: Հնարավո՞ր է հետագայում վախենաք իրականացնել Ձեր մասնագիտական գործունեությունը:
-Կյանքում ամեն ինչ պատահում է, որեւէ խնդիր չկա:
-Այսինքն՝ շարունակելո՞ւ եք աշխատել:
-Բնականաբար շարունակելու եմ աշխատել, այսքա՛նը, այլեւս չեմ կարող խոսել. աշխատանքի մեջ եմ