Ալիևը չկարողացավ օգտվել Սերժ Սարգսյանի լավությունից. Վերադարձ «Վիեննայի» օրակարգի՞ն

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո:

Ինչի՞ մասին է խոսքը: Նախորդ վերլուծություններում բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ո՛չ Ժնևի գագաթնաժողովի նախապատրաստման նպատակով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, ոչ էլ ժնևյան բանակցություններից հետո չհիշատակվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Հայաստանում, որ պաշտոնական Երևանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո որդեգրված իր սկզբունքային դիրքորոշումից: Ժնևի բանակցություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու համար: Մեկ շաբաթ անց կշտամբեց ադրբեջանական կողմին հրադադարի ռեժիմը խախտելու համար՝ շեշտելով, որ «հնարավոր չէ մի ձեռքով կրակել,

մյուսով՝ բանակցել»: Եվ ահա նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»:

Սրանք, անշուշտ, ոչ այնքան նկատելի, բայց իրականում շատ էական ու կարևոր նրբերանգներ են, որոնց գնահատումն ու վերլուծությունը կօգնի ավելի լավ հասկանալու ներկայիս իրադրությունը Ղարաբաղի շուրջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի նախագահի այս հայտարարությունը:

– Սա արդեն շատ հետաքրքիր է: Երևանը, պտույտ կատարելով, իրավիճակի «զոնդաժ» անելով, անում էր հակասական հայտարարություններ, որոնցից հետո լինում էին մեկնաբանություններ: Սարգսյանը խոսում էր, իսկ հայ քաղաքական գործիչները, օրինակ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սկսում էին բացատրել նրա միտքը, հետո Բաքուն ինչ-որ պատասխան էր տալիս, և սովորաբար շատ անորոշ արտահայտություններ էին արվում: Օրինակ՝ Սարգսյանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս: Շատ լավ, իսկ ի՞նչ կարգավիճակ Ղարաբաղը պետք է ունենա: Եթե նա խոսում է Մադրիդյան սկզբունքների մասին, ապա մենք գիտենք, որ ըստ այդ սկզբունքների՝ Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, վերադարձվում են շրջանները, և միաժամանակ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, անցկացվում են ինչ-որ միջոցառումներ և այլն: Չեմ ասում՝ սա ճիշտ կամ սխալ լուծում է, բայց սա ավելի կոնկրետ մեխանիզմ է, որոնք հակամարտության կողմերն ընդունել են որպես բանակցությունների հիմք: Բայց վերջին շրջանում կողմերը՝ Բաքուն և Երևանը, սկսել էին նահանջել այս կանոններից և փիլիսոփայական բնույթի հայտարարություններ էին անում, որոնք հիմք էին տալիս փորձագետներին ասելու, որ Ղարաբաղյան գործընթացում ինչ-որ տեղաշարժեր են սկսվում:

Իհարկե, անհանգստացնում էր այն փաստը, որ Երևանը սկսել էր այլևս չհիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սա շատ

սկզբունքային դիրքորոշում էր, որովհետև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նախատեսում էին մշտադիտարկման և դիտորդների համակարգի ներդրում շփման գծում: Օբյեկտիվորեն ասած՝ այդ իրավիճակը սառեցնում էր գործընթացը, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը, որն անկասկած շփման գծում լարվածության հրահրման նախաձեռնողն է, կզրկվեր Հայաստանին ագրեսիվ գործողությունների մեջ մեղադրելու հնարավորությունից, և դա կարագացներ բանակցությունները: Բայց Ադրբեջանը արգելափակում էր այդ համաձայնությունները. Ադրբեջանը ո՛չ Վիեննայի համաձայնությունների տակ է ստորագրություն դրել, ոչ էլ Սանկտ Պետերբուրգի: Սանկտ Պետերբուրգի նախագահական հանդիպումից տպավորություն կար, թե Ալիևը խոսք է տվել Պուտինին, որ կստորագրի այդ փաստաթուղթը, բայց այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ստորագրել, Մոսկվան մի կողմ քաշվեց և հիմա չի հանդիսանում Ղարաբաղյան ինչ-որ գործընթացի նախաձեռնող. «Խոսք եք տվել՝ կատարեք, իսկ եթե չեք ուզում՝ ինքներդ գլուխ հանեք»:

Կա մեկ այլ հանգամանք, թե ինչու Սարգսյանը վերադարձավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան, վերադառնալով Վաշինգտոնից, հայտարարել է, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու: Մինսկի խումբը շարունակում է աշխատել, Մինսկի խումբն ունի ինչ-որ առաջարկներ հակամարտող կողմերին: Որքան ես գիտեմ՝ այդ առաջարկություններում հստակեցվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պայմանները, հետևաբար հաջողությամբ չպսակվեցին Սարգսյանի և Ալիևի այս ձևաչափից՝ դուրս գալու փորձերը: Ահա ամենը, ինչ կարելի է ասել այս հարցի մասին: Ամեն ինչ վերադառնում է ստատուս քվոյի վիճակին: Ըստ երևույթին, Մինսկի խմբում կա որոշակի փոխհամաձայնություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև, որ առաջինը՝ ստատուս քվո, երկրորդը՝ մշտադիտարկման մեխանիզմներ շփման գծի երկայնքով, երրորդը՝ Կասպրշիկի, այսինքն՝ միջազգային դիտորդների լիազորությունների ընդլայնում: Դրանից հետո Ադրբեջանը պարզապես ստիպված կլինի ստորագրել խաղաղ համաձայնագիր: Իսկ ի՞նչ է խաղաղ համաձայնագիրը: Ե՛վ Հայաստանը, և՛ նույնիսկ Ադրբեջանը ասում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, – Երևանն, իհարկե, ավելի հաճախ է խոսում խաղաղ կարգավորման իր հանձնառության մասին, – բայց դրանք ընդամենը խոսքեր են, իսկ հիմա պետք են կոնկրետ քայլեր, հարկավոր է համապատասխան փաստաթուղթ, որ մենք վարելու ենք խաղաղ բանակցություններ կարգավորման նպատակով՝ առանց ուժային գործոնի կիրառման:

– Իսկ կոնկրետ ո՞ր ձևաչափի մասին էիք խոսում՝ Մադրիդյան սկզբունքների՞:

– Դա արդեն հարց է: Այսօր Մինսկի խումբը փորձում է առաջ մղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Երկրորդ՝ Մինսկի խումբը չի չեղարկել Մադրիդյան սկզբունքները: Երրորդ՝ կարգավորմանը վերաբերող փաստաթղթերն իրականում շատ քիչ են. Մինսկի խմբի բանակցային սեղանին դրված են ընդամենը 3-4 փաստաթղթեր, որոնք ստորագրվել են հակամարտող երկրների կողմից: Մնացածը դատարկ խոսքեր են: Նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք, չունեն իրավականորեն պարտադիր բնույթ: Կողմերը պարզապես բանավոր համաձայնել են այդ հիմքի վրա բանակցություններ վարել: Մինսկի խումբը պետք է հասնի նրան, որ ստորագրվի խաղաղ համաձայնագիր Երևանի և Բաքվի միջև, որտեղ իրավականորեն ձևակերպված կլինի, որ կողմերը հրաժարվում են հակամարտության ռազմական լուծումից և անցնում են բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության:

Երկրորդը՝ սկսում են կենսագործել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Կոնֆլիկտը սառեցվում է: Դրանից հետո սկսվում է երկարատև, լուրջ գործընթաց՝ հարաբերությունների կարգավորման նպատակով:

Կա ևս մի հանգամանք, որն ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Երևանն իրեն այդպես պահում, որովհետև եթե նույնիսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սկսեն կյանքի կոչվել, դա տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտորդները տեխնիկապես համագործակցելու են Ստեփանակերտի հետ: Նրանք ամեն անգամ չեն ժամանելու Երևան, որպեսզի այնտեղից մեկնեն Լեռնային Ղարաբաղ, ուստի տեխնիկական խմբի ի հայտ գալը ենթադրում է Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական գործարկում: Պետք է սկսեն աշխատել ուղիղ չվերթները դեպի Ստեփանակերտ: Բացի այդ, տեխնիկական խումբն իր մշտական ներկայացուցչությունն է ունենալու Ստեփանակերտում: Բարձր մակարդակ չի ունենա, այնուամենայնիվ Ստեփանակերտում հայտնվում է

միջազգային ներկայացուցչություն: Սա հիմք կլինի Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու: Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչինչ չի ստացվի: Ինչ կարգավիճակ էլ որ տրվի Լեռնային Ղարաբաղին, ամեն դեպքում առանց Ստեփանակերտի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվել:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը, վերադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ինչ-որ չափով կոշտացնում է իր դիրքորոշումը, և հետևաբար ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացն այսուհետ՝ հաշվի առնելով Երևանի նման մոտեցումը և Բաքվի կանխատեսելի արձագանքը:

– Հայաստանը վերադառնում է նախկին դիրքերին, բայց խնդիրն այն է, որ հայերը, Սարգսյանը մեծ զիջումներ էին արել Ալիևին՝ հրաժարվելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Մենք հստակ տվյալներ չունենք Ժնևի բանակցությունների մասին, բայց դա տպավորություն էր կամ տրամաբանական եզրակացություն:

Երկրորդը՝ երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քերին ստիպեց երկու նախագահներին գալ Վիեննա, որտեղ նրանք քննարկում էին այս հարցը, բոլորն էլ հասկանում էին, որ ագրեսորը Ադրբեջանն է: Հայաստանը որպես նախապայման պետք է պահանջեր, որ բանակցությունները վերսկսվեն միայն Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Դա հայկական կողմի երկրորդ զիջումն էր Բաքվին:

Երրորդը՝ Ադրբեջանն իրեն հռչակեց ապրիլյան պատերազմի հաղթող, բայց ինչպե՞ս ես դու հաղթել, որտե՞ղ են այդ հաղթանակի արդյունքները, որտե՞ղ են փաստաթղթերը, որտե՞ղ է դա ամրագրված: Ադրբեջանը չի հաղթել: Ադրբեջանի ժողովրդին անկյուն են քշել, և Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մինչև ապրիլ ամիսն էր: Եթե նախկինում թեկուզ տեսականորեն քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, կամ որ ինչ-որ շրջաններ պիտի հանձնեին, հետո պիտի ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապա հիմա այդ տարբերակն էլ է անընդունելի հայկական կողմի համար, ամեն ինչ շատ գործնական է՝ կատարե՛ք Վիեննայի

և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սարգսյանը մեծ լավություն էր արել Ալիևին, բայց Ալիևը չկարողացավ դրանից օգտվել: Իսկ հիմա իրավիճակն արդեն փոխվել է. ամերիկացիները պահպանել են իրենց մոտեցումները, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձևաչափով, Մոսկվան և Փարիզը ևս դեմ չեն Մինսկի խմբին, և իրադրությունը վերադառնում է ելման կետ, այնպես որ՝ գործընթացը հետևյալ տրամաբանությամբ է զարգանում, որ աստիճանաբար, ինչպես հայերն են ասում՝ կամաց-կամաց, գուցե մի 50 տարուց կողմերը կհասնեն ինչ-որ լուծման:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am