Գեներալ Ալեքսանյանը, նրա «անտեսանելի» եղբայրն ու չեխական կազինոն

hetq.am -ը գրում է․ ««Նա կարծես Ֆանտոմասը լինի»,- ասաց Չեխիայի հայ համայնքի անդամ մեր ընկերը, երբ հարցրինք, թե արդյոք ճանաչում է Շանթ Ալեքսանյան անունով մարդու: Պատասխանը զարմացնող էր. պարզվեց, որ համայնքում շատերը լսել են նրա մասին, գիտեն, որ մեծ բիզնեսներ ունի Չեխիայում, այդ թվում՝ խաղատուն չեխ-գերմանական սահմանի մոտ գտնվող Ժելեզնա Ռուդա քաղաքում, սակայն անձամբ չեն տեսել ու դեմքով չեն ճանաչում նրան, բացի դրանից՝ Ալեքսանյանի ընտանիքը համայնքի հետ կապ չի պահում:

Փոխարենը երբ 2010-ի մարտի 26-ին Չեխիայի փոխվարչապետ, այն ժամանակվա պաշտպանության նախարար Մարտին Բարտակը ժամանել էր Հայաստան ու հանդիպել Սեյրան Օհանյանին եւ Սերժ Սարգսյանին, չեխական պատվիրակության հետ եկած Շանթ Ալեքսանյանը ներկայացել էր իբրեւ հայ համայնքի ներկայացուցիչ, ինչը զայրացրել էր համայնքին:

Ըստ մեր աղբյուրի՝ եղբորը պարբերաբար այցելում է գեներալ Ալեքսան Ալեքսանյանը: Մասնավորապես 2015-ի հոկտեմբերի 13-14-ին, երբ պաշտոնական այցով Չեխիա էր մեկնել Ս. Օհանյանի պատվիրակությունը, գեներալը դրա կազմում էր:

 

Շանթ Ալեքսանյանի մասին լավ գիտեն նաեւ պաշտպանության նախարարությունում: Նա ոչ միայն գեներալ Ալեքսանյանի եղբայրն է, այլեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մտերիմը, ավելին՝ նախկին բիզնես-գործընկերը: Շանթը բազմաթիվ ընկերություններ է հիմնել ոչ միայն Հայաստանում, այլեւ Չեխիայում ու հիմա այդ երկրում անշարժ գույքի եւ բիզնեսի խոշոր սեփականատեր է:

Շանթ Ալեքսանյանի ընկերությունները Հայաստանում

Շանթ Ջոնիկի Ալեքսանյանը (ծնվ. 1972 թ., լուսանկարում) ՀՀ քաղաքացի է, գրանցված է Արմավիր քաղաքում, ներկայում ընտանիքով բնակվում է Պրահայում: Նրա հետ հայաստանյան նույն հասցեում են գրանցված մայրը՝ Կիմա Ալեքսանյանը, ինչպես նաեւ եղբայրներից Արայիկը (ծնվ. 1963 թ.) եւ քույրը՝ Նազիկը (ծնվ. 1967 թ.): Ավագ եղբայրը՝ գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը (ծնվ. 1961 թ.), բնակվում է Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Շանթը բիզնեսի մեջ է վաղուց: Հայաստանում նա մի քանի ընկերություններ է հիմնել:

Դրանցից առաջինը, որը զբաղվում է սննդամթերքի մանրածախ առեւտրով, ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի, գրանցվել է 1994-ին եւ մինչեւ 2000-ը կոչվում էր «Շանթ» ՍՊԸ, իսկ հետո դարձավ «Շանթ եւ եղբայրներ»: Անվանափոխմանը զուգահեռ փոխվել է նաեւ ընկերության հասցեն՝ Արմավիրից տեղափոխվելով մարզի Նորապատ գյուղ: Հիմնադրել են Շանթն ու հայրը՝ Ջոնիկ Ալեքսանյանը: Այս տարվա մարտին Արմավիրի փոխմարզպետ նշանակված դաշնակցական Գագիկ Գաբրիելյանը, ըստ պաշտոնական կենսագրության, 2000-2002 թթ. իբրեւ տնօրեն աշխատել է այս ընկերությունում, սակայն ռեգիստրում նրա անունը չկա: 2014-ից ընկերության միակ փայատերն ու տնօրենը Շանթի ավագ դուստրն է՝ 20-ամյա Անուշը: Կանոնադրական կապիտալը 16,8 մլն դրամ է, ներկայում ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

Շ. Ալեքսանյանը 4 երեխա ունի՝ Անուշը, Ջոնը, Կարապետը եւ Ալեքսան: Վերջին երկուսն անչափահաս են, Անուշը հաշվառված է Երեւանում՝ Չարենցի 12 նորակառույց շենքում, որտեղ գրանցվել է նաեւ մայրը՝ Լարիսա Ժորայի Զաքարյանը: Ընդ որում՝ նրանք գրանցված են տարբեր բնակարաններում: Իսկ 19-ամյա Ջոնը հաշվառված է հոր հետ Արմավիրում:

Երկրորդ ընկերությունը՝ «Նորոգշին 1» ՍՊԸ-ն, գրանցվել է 1995-ին: Հիմնադիրների թվում էին Ջոնիկ Ալեքսանյանն ու Շանթի աներորդի Կամո Զաքարյանը: Վերջինս նույնպես հաշվառված է Արմավիր քաղաքում, կարճ ժամանակահատված եղել է նաեւ «Շանթ եւ եղբայրների» միակ փայատերն ու տնօրենը: Նորապատում գրանցված «Նորոգշին 1»-ը հետագայում լուծարվել է:

2001-ին Շանթ Ալեքսանյանը հիմնել է «Փոքրիկ Ջոն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է բնակելի եւ ոչ բնակելի շենքերի շինարարությամբ: Սա էլ գտնվում է Նորապատում: Կանոնադրական կապիտալը 35,6 մլն դրամ է: Իբրեւ տնօրեն ու միակ փայատեր Շանթին փոխարինել է Կամո Զաքարյանը, իսկ 2014-ից՝ նույնպես արմավիրցի Համլետ Հակոբյանը: Ռեգիստրի տվյալներից կարելի է ենթադրել, որ Հակոբյանը կապ ունի Ալեքսանյանի հետ, այսինքն՝ ընկերությունն իրականում Շանթինն է:

«Փոքրիկ Ջոնի» ստեղծումից օրեր անց Շ. Ալեքսանյանը, եղբայրներ Արմեն ու Գագիկ Քալանթարյաններն ու Ռուբիկ Եգորյանը հիմնել են «Ջեֆերս ակումբ» ՍՊԸ-ն: 10 տոկոսը պատկանում է Եգորյանին, իսկ 30-ական տոկոս՝ առաջին երեքին: Ընկերությունը գրանցվել է Երեւանի Ազատամարտիկների (նախկին Դիմիտրովի) փողոցի տներից մեկում, որտեղ հաշվառված է Ա. Քալանթարյանը: Կանոնադրական կապիտալն ընդամենը 50.000 դրամ է, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Ըստ կանոնադրության՝ ընկերության գործունեության հիմնական տեսակներն են հյուրանոցային գործունեությունը, պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտուրը, հասարակական սննդի կազմակերպումը, խաղատների, բաղնիքի եւ սաունաների գործունեությունը, ավտոտեխսպասարկումը, բենզալցակայանների գործունեությունը:

Մի ընկերություն էլ Շանթն իր մերձավոր շրջապատի հետ հիմնել է 2005-ին: Ալեքսանյանի Արմավիրի տանը գրանցված «Մեր տունը» բնակարանաշինարարական սպառողական կոոպերատիվի առաջին տնօրենը հենց ինքն էր, այնուհետ՝ Կամո Զաքարյանը: Սկզբում ՍԿ-ն ունեցել է 10 անդամ, որոնցից յուրաքանչյուրի փայը կազմել է 10 մլն դրամ: Դրանց մեջ են եղել Շանթ Ալեքսանյանը, կինը՝ Լարիսա Զաքարյանը, եղբայրները՝ Ալեքսան եւ Արայիկ Ալեքսանյանները, թերեւս նրանց կանայք՝ Արմինե Ալոյանն ու Անուշ Պապյանը (մի քանի տարի եղել է «Շանթ եւ եղբայրներ» ընկերության տնօրեն ու փայատեր), վերոնշյալ Գագիկ Քալանթարյանը, երեւանցի Ադիմյանները: 2006-ին նրանց միացել է եւս 3 հոգի, ընդհանուր ֆոնդը դարձել է 750 միլիոն, որի 25 տոկոսը կամ 187,5 մլն-ը պատկանել է Շ. Ալեքսանյանին: 2008-ին կատարված հերթական փոփոխությամբ ՍԿ-ի անդամներն էին Շ. Ալեքսանյանը (50 տոկոս կամ 50 մլն դրամ), Ա. Պապյանը, Ա. Ալոյանը (25-ական տոկոս կամ 25-ական մլն դրամ): Կոոպերատիվի նպատակը, կանոնադրության համաձայն, բազմաբնակարան շենքի կառուցումն էր Երեւանի Չարենցի 10 եւ 12 շենքերի հարեւանությամբ: Այդուհանդերձ, այն չի կառուցվել, 2014-ին էլ կոոպերատիվը լուծարվել է:

Շ. Ալեքսանյանի հայաստանյան ընկերություններից ամենահետաքրքիրը, սակայն, «Ս.Տ.Շ.-Պիրամիդա» ՍՊԸ-ն է:

Երեք ընկեր

2002-ի մայիսին Սեյրան Օհանյանը, Տիգրան Մովսիսյանն ու Շանթ Ալեքսանյանը ստեղծել են «Ս.Տ.Շ.-Պիրամիդա» ՍՊԸ-ն իրենց անվան սկզբնատառերի կիրառմամբ: Օհանյանն ու Մովսիսյանը Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից են, ավելի կոնկրետ՝ նախկին նախարարը ծնվել է Շուշիում, որտեղից մայրն է, հայրը գորիսեցի է, սակայն 1974-ից Օհանյանի ընտանիքն ապրել է Մրգաշենում (ներկայում Ս. Օհանյանը հաշվառված է Երեւանի Նալբանդյան փողոցում):

Ընկերությունը նախապես գրանցվել է Ալեքսանյանի արմավիրյան տան հասցեում: 2003-ին Օհանյանն ու Մովսիսյանը դուրս են եկել ՍՊԸ-ից, սակայն 2004-ին կրկին միացել են Շանթին: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 1999-ից ԼՂՀ պաշտպանության նախարարն էր, իսկ 2000-ից՝ նաեւ ՊԲ հրամանատարը (պաշտոնավարել է մինչեւ 2007 թ., ինչից հետո նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 2008-2016 թթ.՝ պաշտպանության նախարար): 2004-ին ընկերության հասցեն տեղափոխվել է Երեւանի Սայաթ-Նովայի 20/2: Հենց այստեղ էր «Պիրամիդա» գիշերային ակումբը, որը հիմա դարձել է սրճարան: Երեք ընկերներից Սեյրանը պաշտոնյա էր, մոսկվաբնակ Տիգրանը (հետագայում մահացել է) պատշաճ ֆինանսական կարողության տեր էր, իսկ Շանթը մասնագիտացել էր շինարարության եւ տարատեսակ բիզնեսի մեջ:

Մանրամասները՝այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.