Ղարաբաղյան կաթսան եռում է ...

Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ է կայացել, որտեղ քննարկվել է նաեւ ղարաբաղյան խնդիրը: Փաստացի, քննարկման թեման էր արդյոք պետք է բանակցությունները վերսկսվեն առանց հետաքննությունների մեխանիզմների, որը պնդում է Ադրբեջանը, թե դրանց ներդրումից հետո, որը Հայաստանն է պնդում:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ժամանակավոր ղեկավար Հարրի Քամիանը կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները: «Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի մանդատը, որը, հուսով ենք, կարտացոլվի ԵԱՀԿ 2018 թվականի բյուջեում: ԱՄՆ նաեւ կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ», - ասել է նա:

«Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունը, որ հակամարտությունը չափից երկար է շարունակվում եւ կարծում ենք, որ ստատուս-քվոն անընդունելի է: Միեւնույն ժամանակ բոլորս համաձայն ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ԱՄՆ-ն շարունակում է խորապես հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորման որոնման աշխատանքին՝ հիմնվելով մասնակից պետությունների ընդունած սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ինքնորոշման վրա, որոնք արտացոլված են Հելսինկիի Եզրափակիչ ակտում», - ասել է դիվանագետը:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը: Այդ առումով բարձր ենք գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պարտավորությունը:  Նորից նշում ենք, որ այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը»:

«Շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանում կայունության շահերից է բխում նաև հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը», - ընդգծել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:

Նոյեմների 9-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ելույթ է ունեցել նաեւ հայկական պատվիրակության ղեկավար դեսպան Արման Կիրակոսյանը:Հայկական կողմը հաստատել է, որ վերջին շրջանում համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին, ինչն անհրաժեշտ է շփման գծում լարվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների բացակայության պայմաններում:Հայկական պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք նախատեսում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում:Կիրակոսյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում է այդ պայմանավորվածությունների իրագործմանը եւ կանոնավոր խախտում է հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական կողմը, սակայն, հերթական անգամ հրաժարվել է այս սցենարից: «2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպումը քայլ է ճիշտ ուղղությամբ: Հանդիպումն ապացուցել է, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները ձախողման են դատապարտված: Մենք դրական ենք գնահատում հանդիպման փաստն ու արդյունքները, որն արտացոլված է համատեղ հայտարարությունում: Մենք սպասում ենք, որ համանախագահները գործնական քայլեր կձեռնարկեն բանակցությունների ակտիվացման նպատակով», - նշված է ադրբեջանական պատվիրակության հայտարարությունում:

«Հակամարտության կարգավորման փուլային տարբերակն այլընտրանք չունի եւ խաղաղության հասնելու լավագույն հնարավորությունն է», - հայտարարել է Ադրբեջանի պատվիրակությունը:ԵԱՀԿ-ում քննարկումները տեղի են ունենում տեղեկատվական հարթակում Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ակտիվացման ֆոնին: Մասնավորապես, Ադրբեջանում արտահոսք են թողել, որ Հայաստանը համաձայն է 5 շրջան «հանձնել» եւ Պուտինի ու Էրդողանի «պայմանավորվածության» մտադրության մասին: Որոշ ռուսական շրջանակներ ակտիվորեն տարածում են այդ արտահոսքերը: Նրանք խոսում են Պուտինի եւ Էրդողանի հովանու ներքո բանակցություններում ճեղքման հնարավորության մասին:

Հնարավոր է, այդ արտահոսքն ինչ-որ չափով կապված էր Վիետնամում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպման հետ, որտեղ ռուս ընդդիմադիր գործիչներից մեկի կարծիքով, Պուտինը ցանկացել է գոնե հետխորհրդային տարածքում որոշումների կայացման իրավունք ստանալ: Սակայն Պուտին-Թրամփ հանդիպումը չի կայանալու:Հնարավոր է, դրանով է պայմանավորված, որ ռուսական կողմը ԵԱՀԿ-ում անսպասելի հայտարարել է Ղարաբաղում հետաքննության մեխանիզմներին աջակցելու մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am