Համբերությունը կարող է ամեն րոպե սպառվել. ԱՄՆ որոշումն Արցախի հարցում...

Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը «168 ժամ» թերթի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտայի հայտարարությանը՝ Պետքարտուղարության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումների ընդունման մասին:

«Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամերիկյան կողմին հայտնի է, որ հետաքննական մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը, եւ Ադրբեջանը պետք է կատարի այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի մակարդակով:

Առանց այս համաձայնությունների կատարման՝ ամերիկյան կողմը եւ, կարծում եմ, մյուս բոլոր կողմերը հասկանում են, որ մոտ ապագայում համաձայնության այլ կետ չի կարող

լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուստի գոնե որոշակի վերահսկողության համար պետք է համաձայնություններն առարկայանան: Կարծում եմ` Պետքարտուղարությունը սա է որոշել, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Թիլերսոնն աջակցում է այդ նախաձեռնությանը», ասել է նա:

Սեկուտայի հայտարարությանն անդրադարձել էինք մեր նախորդ հոդվածում, ենթադրելով, որ խոսքը հետաքննության մեխանիզմի մասին է, առանց որի անհնար է բանակցությունը: Փոլ Գոբլը մատնանշում է նույն հանգամանքը, եւ կարեւոր է այն, որ խոսում է նաեւ գլխավոր խոչընդոտողի՝ Ադրբեջանի մասին:

Խոչընդոտն իհարկե Ադրբեջանով չի ավարտվում, քանի որ կա նաեւ Ռուսաստանի գործոնը: Բանն այն է, որ սահմանին հետաքննության մեխանիզմի տեղակայումը լիովին փոխում է

 

իրավիճակը թե բանակցության բովանդակության, թե խնդրի կարգավորման տրամաբանության առումով: Այս իրավիճակն առաջացել էր ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանին «թույլ տվեցին» ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Փորձը տապալվեց, որից հետո նախաապրիլյան իրավիճակի շահառուներ Ադրբեջանը եւ Ռուսաստանը հայտնվեցին քաղաքական փակուղում:

Հետաքննության մեխանիզմների տեղակայումը շարքային միջոցառում չէ, դրա նշանակությունը ավելի լայն է եւ կարող է առնչվել ընդհուպ աշխարհքաղաքական խնդիրների: Այն ոչ միայն ներկայիս սահմանի դե ֆակտո ճանաչում է, ինչը խոստովանել է նաեւ պաշտոնական Բաքուն, այլեւ Արցախյան երկու պատերազմների արդյունքով տարածաշրջանի ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս-քվոյի ավարտի արձանագրում: Այն ստատուս քվոյի, որի արդյունքն ի դեպ Ադրբեջանն է:

Ադրբեջանը եւ Ռուսաստանը բնականաբար դեմ են եւ փորձում են ամեն կերպ խոչընդոտել Վիեննայի պայմանավորվածություններին: Այստեղ Հայաստանը մեկ անելիք ունի՝ պնդել Վիեննայի օրակարգի կատարումը եւ Արցախի ինքնորոշման միջազգային իրացումը:

Սակայն տեւական ժամանակ այս դիրքորոշումն այնքան էլ հստակ չի արտահայտվում, ինչի պիկը Ժնեւի հանդիպումն էր: Այն շատերը գնահատեցին հայկական կողմի նահանջ, որի արդյունքում Ադրբեջանը կարող է դուրս գալ քաղաքական փակուղուց, իսկ Հայաստանը՝ փաստացի դուրս մղվել իրեն վերաբերվող խնդիրների քննարկումից:

Զուր չէ, որ այդ հանդիպումից հետո ակտիվացել են ռուս-թուրք-ադրբեջանական քննարկումները Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ընդհուպ ինչ որ տարբերակներ եւ բազարներ Ղարաբաղի տարածքների ու ռուսական զորք տեղակայելու շուրջ: Ընդ որում, առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքը:

Այս ընթացքում ամերիկյան կողմը պաշտոնական եւ փորձագիտական մակարդակով պարբերաբար հիշեցնում է կողմերին, եւ բնականաբար առաջին հերթին Հայաստանին, որ

ներկայում կարգավորման գործընթացում միակ խնդիրը Վիեննայի պայմանավորվածություններն են: Այսինքն, Հայաստանի պայմանները, որոնք ընդունվել են Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների կողմից: Քանի որ հենց Հայաստանի դիրքորոշումից է կախված այդ պայմանավորվածությունների կատարումը կամ նվազագույնը Ադրբեջանի փակուղին պահպանելը, ինչը Արցախի ու նաեւ Հայաստանի շանսն է՝ խուսափելու ռազմա-քաղաքական աղետից:

Փոլ Գոբլն իր հարցազրույցում ասել է նաեւ, որ ամերիկյան քաղաքականությունը չի փոխվել եւ առաջիկայում չի փոխվի, եթե Հարավային Կովկասում աշխարհքաղաքական վերադասավորումներ չլինեն: Այդ վերադասավորումներին ներկայում ձգտում են Ադրբեջանը եւ Թուրքիան, ակնկալելով Ռուսաստանի աջակցությունը: Դա կարող է իրականություն դառնալ, եթե Հայաստանը շարժվի ոչ թե սեփական շահերի, այլ Ռուսաստանի, այն է՝ Ադրբեջանի շահերի ու պահանջների տրամաբանությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am