Վիգեն Սարգսյանի դեմ նոր անսպասելի ճակատը... Լուրջ բախում խորհրդարանում.

Մինչ հանրությունն ուշադիր հետեւում է, թե ինչպես է զարգանում իրադարձությունը Զինապարտության մասին օրենսդրական նախաձեռնության դեմ ուսանողական բողոքի գործընթացում, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի օրենսդրական մեկ այլ նախաձեռնության կապակցությամբ ոչ պակաս, իսկ գուցե առավել ուշագրավ զարգացում է տեղի ունենում խորհրդարանում:

 

Խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՊՆ օրենսդրական նախաձեռնությունը բանակի զորակոչից խուսափած, 27 տարին լրացած անձանց վերաբերյալ: Ըստ դրա նախատեսվում է զորակոչից խուսափած լինելու համար, քրեական հետապնդման չենթարկվելու դիմաց գանձել 9 միլիոն դրամ՝ 500 հազար յուրաքանչյուր զորակոչի համար: Միեւնույն ժամանակ, ՊՆ-ն առաջարկում է այլեւս հանել այդ լուծման հնարավորությունը, այսինքն 27 տարին լրացած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության, եթե ապօրինաբար խուսափել են ծառայությունից, առանց այսպես փող վճարելով պատասխանատվությունից ազատվելու հնարավորության:

 

ԱԺ հանձնաժողովում օրինագիծը արժանացել է հենց ՀՀԿ մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների քննադատությանը, մասնավորապես նախկին ոստիկանապետ եւ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանի, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, նաեւ հանձնաժողովի նախագահ, Սամվել Ալեքսանյանի շրջանակից Կորյուն Նահապետյանի:

 

Նրանք դեմ են արտահայտվել օրենքին, քննադատելով ՊՆ նախաձեռնությունը եւ ասելով, որ այն խնդիրներ է առաջացնում, ոչ թե լուծում:

 

Փաստացի, ներկայում ուսանողական ճակատին բախված նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանում բախվում է նաեւ հենց ՀՀԿ ճակատին, կամ համենայն դեպս ՀՀԿ որոշակի շրջանակի:

 

Առավել ուշագրավ է, որ այդ շրջանակը չի կաշկանդվել այն հանգամանքով, որ ներկայում կա ՊՆ եւ մասնավորապես Վիգեն Սարգսյանի դեմ ուսանողական բողոքի ալիք, եւ դրան զուգահեռ խորհրդարանական հանձնաժողովական քննադատությունը, թեկուզ այլ օրենսդրական նախաձեռնության առիթով, գործնականում հավասարազոր է թեկուզ թույլ, բայց թիկունքից Վիգեն Սարգսյանին հասցվող հարվածի:

Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ ՀՀԿ պատգամավորները չեն կաշկանդվել նաեւ Սերժ Սարգսյանի հնարավոր դժգոհությունից, հաշվի առնելով այն, որ Վիգեն Սարգսյանը համարվում է Սերժ Սարգսյանի այսպես ասած ամենավստահելի անձանցից մեկը:

Մյուս կողմից դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իշխանությանը կամ մասնավորապես ՀՀԿ մեծամասնությանը դեռեւս չի «իջեցրել» ներկայիս իրավիճակում ընդհանուր վարքագծի որեւէ հանձնարարական, եւ նրանք գործում են ազատ, ըստ հայեցողության: Չի բացառվում, որ Սարգսյանը դա կանի նոյեմբերի 9-ին սպասվող ՀՀԿ ԳՄ հերթական նիստում, ասելով, թե ով ինչպես պետք է պահի իրեն, բոլորը պետք է պահե՞ն Վիգեն Սարգսյանին, թե՞ ամեն մեկը ունի իր գործառույթը, եւ Սերժ Սարգսյանը կնախընտրի նախարար Սարգսյանի շուրջ չմիավորել իշխանությունը եւ չշտապել այդ հարցում, թույլ տալով իրադարձությունների ինքնահոս զարգացում, որի ընթացքում է իրավիճակը բացահայտվում առավելագույն «մերկությամբ»:

Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, մի՝ իհարկե բոլորովին այլ (ֆուտբոլային դիվանագիտության) առիթով հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Ներկայում դժվար է կառավարել ներքին իրավիճակը, այդ թվում իշխող համակարգի ներսում, եթե չկան այդ համակարգի սուբյեկտների տարաբնույթ սխալներ: Մի կողմից պետք է, որ այդ սուբյեկտներն ինչ որ բան անեն՝ որպեսզի չմնան առանց սխալի, մյուս կողմից պետք է, որ նրանց չհրահանգվի անելիքը՝ որպեսզի սխալի համար պատասխանատվությունը չմնա հրահանգողի վրա: Այդ իսկ պատճառով Սարգսյանը ներկայիս փուլում կարծես թե տվել է ինչ որ բան անելու ազատությունը, այդպիսով ստեղծելով սխալվելու նախադրյալ կամ հնարավորություն: Բայց թերեւս ճակատագրական կլինի, եթե համակարգի սուբյեկտները սխալվելու հնարավորությունը շփոթեն սխալվելու իրավունքի հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am