Գնաճի մասին հրապարակված պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, իրականում արձանագրված թանկացումն ավելին է, քան ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գների աճը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Այդ թվում՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 3.8, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 3.0 տոկոսով: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0.8 տոկոս:
Էապես թանկացել են մսամթերքն ու կարագը: Մսամթերքի ապրանքախմբում այս տարվա հոկտեմբերին 2016 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 7.8 տոկոս, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 1.3 տոկոս գնաճ: Այս տարվա հոկտեմբերին 2016 թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում կարագի գնաճը կազմել է 38.9 տոկոս:
Կենտրոնական բանկն արձանագրված գնաճը մտահոգիչ չի համարում: Օրերս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ այսօր Հայաստանում արձանագրված է 1.7 տոկոս գնաճ, իսկ տարեվերջին այն պետք է հասցնել 2.5-2.6 տոկոսի: Ըստ Ջավադյանի՝ կառավարությունը պետք է ջանքեր ներդնի, որ այս տարեվերջին հասնի 2.5 տոկոս գնաճին, որովհետև դրանից ցածրն էլ որոշակի խնդիրներ է ստեղծում տնտեսության համար:
Արմեն Պողոսյանն ասում է, որ իրականում գնաճն ավելին է, քան ներկայացնում է կառավարությունը: «Պաշտոնյաների հայտարարություններն ու պաշտոնական թվերը հավատ չեն ներշնչում, իրականում գնաճն ավելին է, քան ներկայացնում են: Այն ծխախոտը, որը ես եմ օգտագործում, թանկացել է 80 տոկսով: Ապրանքները թանկանում են անընդհատ և ոչ միշտ են արտահայտվում վիճակագրության մեջ: Ո՞վ չգիտի, որ կարագը, քաղցրավենիքը, մսամթերքն ու բենզինը թանկացել են: Հիմա էլ ջրի սակագինն են ուզում թանկացնել: Սա սարսափելի հարված է շարքային քաղաքացու համար: Էլ չենք խոսում այն մասին, որ տրանսպորտի սակագնի թանկացման հարցն է դրված օրակարգում», ասաց նա:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ այս իրավիճակին գումարվում է, այսպես կոչված, քողարկված «կրիմինալ» գնաճը: «Դուք գնում եք հաց, բայց այդ հացի քաշն օրեցօր նվազում է: Դա նույն
գնաճն է: Սպառողը դա չի կարողանում ապացուցել, իսկ մենք դա վաղուց ապացուցել ու հիմնավորել ենք, նամակով դիմել ենք նախագահի վերահսկողության ծառայությանը, բայց տեսնում ենք, որ անիմաստ է: Խոսքն այն մասին է, որ հացի մեջ օդ են ավելացնում, շաքարի մեջ՝ խոնավություն», ասաց նա:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ եթե գները շարունակաբար աճում են, իսկ թոշակներն ու աշխատավարձը չեն աճում, դա աղետ է բնակչության համար:
«Ամենահարուստ և բարեկեցիկ երկրներում նույնպես գները թանկանում են, բայց քաղաքակիրթ աշխարհում կարգը հետևյալն է՝ այդ երկրներում եկամուտները բարձրանում են առաջանցիկ տեմպերով: Մեր երկրում գների նկատմամբ ինչ էլ որ արվում է, եկամուտների աճ չկա դրա ֆոնին, արդեն հայտնի է, որ 2018-ին էլ աշխատավարձի բարձրացում չի սպասվում, դա կբարդացնի վիճակը», ասաց նա:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am