Քնի պակասն ազդում է շրջակա աշխարհի մեր ընկալման վրա։ Նման եզրակացության են հանգել Քալիֆորնիական համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
ԳԻտնականները վերլուծել են 12 մարդու ուղեղ, որոնք հիվանդանում են էպիլեպսիայով՝ հիվանդները պետք է հնարավորինս արագ ըստ կատեգորիաների բաշխեին տարբեր պատկերներ։ Որքան ավելի քնկոտ էին նրանք, այդքան ավելի դժվար էր նրանց համար դա անելը։ Ուղեղի մեջ ներկցված էլեկտրոդները ցույց են տվել, որ դրա բջիջների աշխատանքի արագությունը նվազել է հիվանդների ռեակցիաների արագության հետ միասին։
«Մենք ապշած հետեւում էինք, թե ինչպես է քնի պակասը դանդաղեցնում ուղեղի ակտիվությունը։ Սովորական իրավիճակում արագաշարժ նեյրոնները արձագանքում էին դանդաղ, նվազ արդյունավետ էին աշխատում, քան սովորաբար»,- նշել է բժիշկ Յուբալ Նիրը, հետազոտության ղեկավարը։
Նաեւ գիտնականները պարզել են, որ ուղեղի այն գոտիներում, որտեղ բջիջները ավելի վատ էին աշխատում, դանդաղում էին նաեւ ուղեղի ալիքները՝ այսինքն դրա մասերը բառացիորեն «քնած էին», չնայած մարդն իրականում արթուն էր։ Դա կարող էր առաջացնել հիշողության ժամանակավոր կորուստ ու տեսողական խնդիրներ։
Եվ այսպես, քնի պակաս զգացող մարդը մեքենա վարելիս կարող է չնկատել առջեւում քայլող հետիոտնին։
«Քնի պակասից փոխվում է շրջակա աշխարհի մասին մեր ընկալումը ու համապատասխանաբար նաեւ մեր արձագանքները։ Հետիոտնին հետեւելու պրոցեսն ինքնին դանդաղում է վարորդի չափից հոգնած ուղեղում։ Նրա ուղեղին ավելի շատ ժամանակ է պետք իր տեսածն ու գիտակցելու ու արձանագրելու համար»,- ասում է հետազոտության հեղինակների մեկը՝ նեյրովիրաբուժության պրոֆեսոր, դոկտոր Իցհակ Ֆրիդը։
Նրա խոսքով՝ քնի պակասը ուղեղի վրա այնպիսի ազդեցություն է թողնում, որը կարելի է համեմատել չափից մեծ քանակությամբ ոգելից խմիչքի գործածման ազդեցության հետ։
«Ընդ որում գոյություն չունեն որեւէ իրավաբանական կամ բժշկական ստանդարտներ, որոնք մեզ թույլ կտային բացահայտել հոգնած վարորդներին այնպես ինչպես հարբած վարորդներին ենք բացահայտում»,- հավելել է Ֆրիդը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ med.news.am