Ռուսաստանի հերթական պաշտոնյան հայտարարում է, որ Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցելու են հետպատերազմյան Սիրիայի ականազերծման աշխատանքներին: Սովորական պրակտիկա է դարձել, երբ Ռուսաստանի իշխանությունները լրատվական և քարոզչական ճնշման միջոցով փաստի առաջ են կանգնեցնում Երևանին՝ ըստ էության կանխորոշելով նրա որոշումը: Առավել քան համոզված ենք, որ եթե խնդրի շուրջ փորձենք պարզաբանումներ ստանալ մեր պատկան մարմիններից, նրանք, այսպես ասած, «ջրելու» են հարցը:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ասել է, թե Հայաստանն ու Սերբիան պատրաստակամ են ռազմական գործողությունների ավարտից հետո մասնագետներ ուղարկելու Սիրիա՝ ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Ֆոմինն ասել է, թե այս թեմայի շուրջ իրենք խորհրդակցություններ են անցկացրել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի, ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, և որոշ երկրներ համաձայնել են ֆինանսավորել նախագիծը:
Ուշագրավ է, որ իր ներկայացրած նախագիծը Ֆոմինն անվանել է «ամենացավոտներից» մեկը: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչն է «ամենացավոտը»՝ արդյոք Հայաստանն ու Սերբիան այնքան էլ պատրաստակամ չեն Սիրիա զինվորականներ ուղարկելու հարցում, և Մոսկվան ճնշո՞ւմ է բանեցնում նրանց վրա, թե՞ Ռուսաստանը չի կարողանում լուծել ականազերծման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
Մի խնդիր էլ կա, որ առնվազն Սիրիայի պարագայում խիստ հարաբերական է: Դա վերաբերում է ռազմական գործողությունների ավարտին: Օրինակ՝ Դեր-Զորի ազատագրումից հետո Մոսկվայում կարող են պնդել, որ ռազմական ակտիվ գործողություններն ավարտվել են, որովհետև Ասադի ռեժիմը գրեթե ամբողջությամբ
վերահսկում է երկրի տարածքը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հենց Ասադի ռեժիմը անկայունության հիմնական օջախներից մեկն է, և Սիրիայում հակամարտությունը դեռ երկար շարունակվելու է՝ առնվազն լոկալ բախումների և ահաբեկչական գործողությունների դրսևորմամբ:
Այս իրավիճակում խիստ վտանգավոր է ռազմական մասնագետներ Սիրիա ուղարկելը, որն անուղղակիորեն ենթադրում է Հայաստանի ներգրավում սիրիական հակամարտության մեջ: Այս հեռանկարը անվտանգ չէ թե՛ այն հայ զինվորականների կյանքի համար, ովքեր գործուղվելու են Սիրիա, և թե՛ Հայաստանի ու Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների համար, որոնք կարող են ահաբեկչության պոտենցիալ թիրախ դառնալ:
Հարցն ունի այլ համատեքստ ևս: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Մոսկվայում, որը ցանկանում է սեփական առանցքի շուրջը կոալիցիայի առկայության պատրանք ստեղծել՝ լեգիտիմացնելու համար իր սիրիական կամպանիան: Այսինքն՝ եթե Հայաստանը ռազմական մասնագետներ ուղարկի Սիրիա, խոցելի է դարձնում նրանց, մեր երկրի ու Սփյուռքի անվտանգությունը՝ ռուսական շահերի սպասարկման համար:Կարծում ենք՝ Հայաստանը որևէ կերպ չպետք է, թեկուզ ականազերծման առաքելությամբ, ներքաշվի սիրիական հակամարտության մեջ: Եթե նույնիսկ նման հույժ անհրաժեշտություն կա, ապա դա պետք է լինի ոչ թե Մոսկվայի ցանկությամբ, այլ ՄԱԿ-ի մանդատով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am