Անսպասելի զարգացումներ Իրանում

Lragir.am- ը գրում է. Իրանի իշխանությունն ընդունել է մեղքը եւ հայտարարել, որ ուկրաինական Բոինգ ուղեւորատար օդանավը խոցվել է սարսափելի սխալի հետեւանքով: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանտար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն ամբողջությամբ ստանձնում է ուկրաինական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: Հաջիզադեն ասել է, որ Իրանի ՀՕՊ համակարգն ուկրաինական ինքնաթիռը ճանաչել է որպես թևավոր հրթիռ՝ ավելացնելով, որ ՀՕՊ համակարգի օպերատորի կապը հրամանատարության հետ կտրվել էր, և նա ինքնուրույն է կայացրել արձակման որոշումը: Օպերատորը, Հաջիզադեի խոսքով, 10 վայրկյան ուներ արձակելու կամ չարձակելու որոշում կայացնելու համար, և նա վատ ընտրություն է կատարել:

Գեներալ Սոլեյմանիի սպանությունից ու ի պատասխան՝ Իրաքում ամերիկյան երկու բազաների հրթիռակոծումից հետո Իրանում ուշագրավ զարգացումներ են սկսել: Ընդհանրապես, փորձագետները նշում են, որ Իրան-ԱՄՆ լարվածության այս փուլն իր մեջ բավական բլեֆներ ու ստվերային կողմեր էր պարունակում, ինչը կարող է նշանակել Իրանի շուրջ եւ ներիրանական որոշակի զարգացումներ:

Այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն ստանձնեց ուկրաինական օդանավի կործանման պատասխանատվությունը, Իրանի հեղինակավոր տեխնոլոգիական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ սկսեցին: Ըստ տեղեկությունների, ուկրաինական օդանավում մահացածների թվում են եղել այս համալսարանի շրջանավարտներ: Հետաքրքիր է, որ աղետից անմիջապես հետո ռուսական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ օդանավում չեն եղել Բուշերի ատոմակայանի աշխատակիցներ: Ներկայում, ըստ միջազգային ԶԼՄ-ների, տարբեր երկրների հետախուզությունները փորձում են պարզել, թե արդյոք օդանավում եղել են Իրանի միջուկային ծրագրում ներգրավված մասնագետներ, ինչը հաստատվելու դեպքում, փորձագետների գնահատմամբ, լինելու են լուրջ հետեւանքներ:

Բողոքի ակցիաների ժամանակ ուսանողները հնչեցրել են հակակառավարական կարգախոսներ, հնչել է Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեիի հրաժարականի պահանջ:

Իրանի բողոքի ակցիաներին աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Պոմպեոն: Միեւնույն ժամանակ, նրանք հայտարարել են Իրանի դիվանագիտական մեկուսացման եւ ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Գեներալ Սոլեյմանիի սպանության 100 օրը համընկնում է Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին եւ Իրանում խորհրդարանական ընտրություններին: Այս կապակցությամբ, փորձագետները նշում էին, որ ԱՄՆ-ի հետ լարվածության այս փուլը կարող է ուժեղացնել կոշտ գծի կողմնակիցներին: Ուկրաինական օդանավի միջադեպից հետո սակայն իրավիճակը կարող է փոխվել, քանի որ իրադարձությունների ընթացքը եւ դրանց հետեւած պաշտոնական հայտարարությունները կարող են վկայել ներիրանական վերնախավային խուլ դիմակայության մասին:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվել է իսլամական հեղափոխությունից հետո եւ ինչ որ առումով որպես հակակշիռ բանակին, որը վերապահումներ ուներ նոր վարչակարգի հանդեպ: Այն, լինելով բանակի մի մասը, ենթարկվում է հոգեւոր առաջնորդին եւ ունի իր առանձին բյուջեն: Հետաքրքիր է, որ ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ որոշ առումով քննադատություն կար բանակի հասցեին:

Փորձագետները նշում են, որ բանակի եւ ԻՀՊԿ հակասությունները կարող են ներքաղաքական առաջիկա պայքարում պայմանավորել կոշտ գծի եւ բարեփոխիչների եւ ըստ այդմ՝ իշխանության մեջ ուժերի դասավորությունը: Կհաջողվի՞ կոշտ գծի կողմնակիցներին իրականացնել մոբիլիզացիա գեներալ Սոլեյմանիի սպանության եւ ԱՄՆ հետ կոշտ դիմակայության ֆոնին:  Մանրամասները այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.