Սահմանադրական դատարանի մեծ նվերը

lragir.am-ը գրում է. Հայաստանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ եղել է փակ խորհրդակցություն իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, եւ իշխանությունները փորձում են մինչեւ ամսվա վերջ հասնել Սահմանադրական դատարանի գոնե երկու դատավորի հրաժարականի: Թերթերը գրում են, որ դատավորներից երկուսի դեմ կոմպրոմատ է հավաքվել արտաամուսնական կապերի մասին, որով շանտաժ են անում նրանց: Իրավապահ կառույցները հերքել են այդ հանգամանքը, բայց ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Իշխող կուսակցությունը դժվար թե հանգիստ թողնի Սահմանադրական դատարանը, եւ եթե անգամ չհաջողվի մինչեւ հունվարի 31-ը հասնել դատավորների կամավոր հրաժարականի, նրանց ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումը պահպանվելու է:

Իշխանությունից հեռացած ուժերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ Սահմանադրական դատարանի վերահսկողությունը: Իշխանության կուսակցությունն էլ իր հերթին Սահմանադրական դատարանն անվանում է նախկին ռեժիմի վերջին ֆորպոստը:

Կան նաեւ վարկածներ, որ Սահմանադրական դատարանը կարող է խանգարել իշխանությանը՝ խոչընդոտելով որոշ նախաձեռնությունների: Հայտարարվել է, որ այս տարվա փետրվարին սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ստեղծվելու: Խոսվում է նաեւ Սահմանադրական դատարանին վերաբերող փոփոխությունների մասին: Բայց ավելի հաճախ են սկսել հնչել ենթադրությունները, որ իշխանությունը ցանկանում է վերադարձ կառավարման նախագահական համակարգի:

Սահմանադրական ցանկացած փոփոխություն պետք է արժանանա Սահմանադրական դատարանի հավանությանը, եւ այստեղ իշխանությունը կարող է իր համար անհաղթահարելի խոչընդոտների բնախվել, եթե իրոք մտադիր է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կառավարման նախագահական համակարգի:

Նախնական փուլում Սահմանադրության փոփոխությունները կարող են վերաբերել միայն ՍԴ-ին, բայց իշխանության հակառակորդների մի մասը, որը Սահմանադրության հեղինակն է, հասկանում է, որ հենց փոխեն ՍԴ կազմը, սեղանին անմիջապես կարող է հայտնվել գործող կառավարման կարգի փոփոխության հարցը: Այդ ժամանակ իշխանության համար պայքար կսկսվի ոչ թե կուսակցությունների, այլ անձերի միջեւ:

Ահա թե ինչու է ՀՀԿ-ն անցած տարվա դեկտեմբերից խոսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Ճիշտ է, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի կարող արտահերթ ընտրություններ պարտադրել եւ հազիվ թե մտնի խորհրդարան: Մինչդեռ, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները պաշտպանում են ոչ թե արտահերթ ընտրությունների, այլ սահմանադրական փոփոխությունների օրակարգը: Ի վերջո, 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունը փակել է ակտիվ քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի ճանապարհը: Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.