Դավիթ Տոնոյանը հանեց երկրորդ «երաշխիքը». ազդակ Մոսկվային ու Բաքվին

lragir.am-ը գրում է, ««Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի», Ամանորի իր ուղերձում նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տարեվերջին հանրությանը ներկայացրին սպառազինության վերջին ձեռքբերումները՝ նորագույն կործանիչներ, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Ըստ վարչապետի, ստացվել են նաեւ զինատեսակներ, որոնց մասին չի հայտարարվում:

Դավիթ Տոնոյանն ազդարարել է «խրամատային պաշտպանությունից» անցումը հայեցակարգին, որը թույլ է տալիս ռազմական առաջադրանքներ իրականացնել հակառակորդի տարածքում: «Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում», նշված է ուղերձում։

Միեւնույն ժամանակ, բանակի ուժը միայն սպառազինությունը չէ, այլ ռազմա-քաղաքական, տնտեսական ու կրթական բնույթի բազմաթիվ խնդիրների մի համալիր, որի մասին խոսում է Դավիթ Տոնոյանը: Իսկ այս բոլոր խնդիրների լուծումը գտնվում է ինքնիշխանության, ինքնիշխան որոշումների կայացման տիրույթում:

Այս առումով, Պաշտպանության նախարարի ուղերձի թերեւս ամենաէական պահը «մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է հակառակորդի համար առավել անկանխատեսելի» արտահայտությունն է: Ինչ է այն նշանակում եւ ինչ ռազմա-քաղաքական իրողության արձանագրում է:

Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների իրողությունները ցույց տվեցին, որ Ապշերոնյան վարչակարգը պատերազմը սկսել է ներկայում Մինսկի խմբի ուժային կենտրոններից մեկի հավանության եւ որոշակի երաշխիքների պայմանով: Երաշխիքը վերաբերվել է նրան, որ հայկական բանակը պետք է կանգ առնի անհրաժեշտ պահին, հակամարտությունը պահպանելու համար:

Ներկայում շատ են խոսակցությունները 1994-ի եւ 2016-ի զինադադարների մասին: Առաջինի դեպքում այն ժամանակվա պատասխանատուները հայտարարում էին, թե մեր բանակն արդեն հոգնած էր, իսկ երկրորդ դեպքում՝ թե հակահարձակումն ու դիրքերի վերականգնումը մեծ զոհերի պատճառ կդառնա:

Զինվորականները համաձայն չեն այս պնդումների հետ: Միեւնույն ժամանակ, խնդիրը քաղաքական հարթությունում է, եւ Լրագիրը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին: Ռուսաստանը ահռելի քանակի սպառազինություն մատակարարելով Բաքվին, դրա հետ մատակարարում էր նաեւ պատերազմի իրավունքը, ստանձնելով նաեւ երաշխավորի դերը:

Այսինքն՝ Բաքվի պարտությունը թույլ չտալը: Երկու դեպքում էլ Մոսկվան իրականացրել է այդ դերը, իսկ 2016-ի պարագայում նույնիսկ ՀՀ այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարն էր հայտարարում, թե չգիտե ինչ զինադադար են կնքել Մոսկվայում:

Այս իրավիճակը Մոսկվային հնարավորություն է տալիս պահպանել վերահսկողությունը թե սպառազինության «բիզնեսի», թե այսպես կոչված կարգավորման գործընթացի վրա: Միեւնույն ժամանակ, դա հնարավորություն է պահպանում Մոսկվայի համար՝ զորք տեղակայելու Արցախ-Իրան սահմանին։

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.