«Առաջիկա 20 տարում հները չեն կարող վերադառնալ…». Քրիստինե Պողոսյան

lragir.am- ը գրում է. Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 

Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հիմնադրամ է բացում, հոգաբարձուների խորհրդի անդամների անուններն են հայտնի, իսկ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ չի բացառում համագործակցությունը Վանեցյանի հետ։ Քոչարյանի որդին նաև չի բացառել, որ կարող է կուսակցություն բացել։

 

Կարծում եմ՝ այստեղ երեք հարց կա. նախ՝ արդյոք օրենքով որևէ կերպ արգելվում է բացել հիմնադրամ կամ կուսակցություն։ Բնականաբար, չի արգելվում։ Երկրորդ հանգամանքն այն է, որ մեկ կտուրի տակ հավաքվում են մարդիկ, որոնց տեսնելով պատկերացում ես կազմում, թե ինչ օրակարգի շուրջ են հավաքվում։ Բայց ամենակարևորը երրորդ հանգամանքն է, որ այո, ԱԱԾ նախկին ղեկավարը չպետք է նման գործունեություն ծավալի, դա ազգային անվտանգության հետ կապ ունի, որովհետև այդ մարդն իր աշխատանքի բերումով բազմաթիվ փաստաթղթերի, նյութերի, այդ թվում պետական գաղտնիք հանդիսացող նյութերի հետ է առնչվել։

Շատ երկրներում ուղիղ արգելք կա, որ նման կառույցները ղեկավարած անձինք զբաղվեն քաղաքականությամբ։ Այդ երկրներում հաշվի են առել, որ այդ մարդիկ իրենց աշխատանքի ընթացքում կարող են ձեռք բերել տեղեկատվություն, որը հետո կարող են օգտագործել իրենց հակառակորդ քաղաքական գործիչների դեմ։ Այստեղ միանշանակ վտանգ կա, և հարցը ոչ թե քաղաքական է, այլ առնչվում է ազգային անվտանգությանը։

Արմեն Աշոտյանը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը, որքանով արտահերթ ընտրությունների օրակարգ կարող է առաջիկայում ձևավորվել։

Աշոտյանն այն անձնավորությունը չէ, ում ասածներին ես երբևէ կանդրադառնամ։ 2015 թվականին Աշոտյանը ստացել է իր գնահատականը, իսկ իրենց կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, 2018-ի գարնանն է ստացել իր գնահատականը։ Միանշանակ վստահ եմ, որ հները վերադարձի որևէ ճանապարհ չունեն, նման բան չի կարող լինել։ 4 տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում կձևավորվի առողջ քաղաքական դաշտ, հայտ կներկայացնեն նոր, երիտասարդ, առողջ ուժեր, որոնք վարկաբեկված չեն անցյալով։ Բոլոր այն ուժերն ու անհատները, ում ՀՀ քաղաքացին 2018-ին մերժել է, հետ վերադառնալու ճանապարհ չունեն։ Գոնե առաջիկա 20 տարում, քանի դեռ քաղաքական հիշողություն ունի այս սերունդը։ 20 տարի հետո եթե նրանք ողջ լինեն, մենք ողջ լինենք, թող մտածեն, բայց առաջիկա 20 տարում իրենք չեն կարող վերադառնալ։

Տիկին Պողոսյան, վարչապետը հայտարարում է, որ ամբողջ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Ո՞րն է այդ անարդյունավետության պատճառը, որտեղ պետք է փնտրել խնդիրների լուծումը։ Ի վերջո, տվյալ գերատեսչության, նախարարության ղեկավարը չէ՞ մեղավոր, եթե իր ղեկավարած կառույցում կան «սուրճ խմողներ», որոնք օր են սպանում։ Ո՞վ է մեղավոր, որ համակարգում կան այդպիսի անձինք։

Չեմ կարծում, որ վարչապետի խոսքը ուղիղ վերաբերում է սուրճ խմողներին։ Ես կարծում եմ, որ այստեղ ավելի խորքային հարցեր կան, և նրա խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ անօրինական կողմնակի եկամուտներ են ունեցել, ինչը շահավետ է դարձրել պետական համակարգում նրանց աշխատելը։ Հիմա դուրս է գալիս, որ նրանք պետք է աշխատավարձով և հանուն պետության զարգացման աշխատեն։ Դա չի տեղավորվում իրենց աշխարհայացքի, պատկերացումների մեջ, և դրա համար նրանք դիմադրում են։ Այդ մարդկանց այդքան էլ հեշտ չի միանգամից բացահայտել։ Վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք ղեկավարում են այդ կառույցները, նման բան բացահայտելու դեպքում բնականաբար հեռացնում են նման մարդկանց պետական համակարգից, բայց դժվար է միանգամից նման մեծ կառույցը մաքրել։ Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է և կարծում եմ՝ արդյունավետ է լինելու դա։

Ամեն դեպքում, դանդաղկոտությունն ինչո՞վ է պայմանավորված, որ միանգամից օպտիմալացման գործընթաց չեն սկսել։

Դա մոտեցման հարց է. օրինակ, Վրաստանում մեկ օրվա ընթացքում Սահակաշվիլին 15 հազար ոստիկանի հեռացրեց աշխատանքից։ Ի դեպ, հետաքրքիր վիճակագրություն կար, որ դրանից 1,5 ամիս անց է համալրում եղել, և փաստացի 1,5 ամսվա ընթացքում հանցագործության թվերը չեն աճել։ Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ առանց այդ էլ չունեին այդ ոստիկանությունը։ Իսկ մեր վարչապետի և կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ նման կտրուկ քայլեր չանենք, որպեսզի հնկարծ չվնասենք պետությանը։

Դա մարդասիրական է, պետականամետ է։ Բնականաբար, այդ դեպքում փոփոխությունները միանգամից և կտրուկ չեն լինում, բայց միաժամանակ օգուտ տալու փոխարեն անվերականգնելի վնաս էլ չի հասցվում։ Վստահ եմ, որ քայլերը ճիշտ ուղղությամբ են գնում, կամաց-կամաց ամեն ինչ մաքրվելու է։ Ավելի կտրուկ փոփոխություններ այլ ոլորտներում է պետք անել։ Բացի այդ, մարդկանց հնարավորություն էր տրվում, որովհետև կային մարդիկ, որոնք ստիպված էին աշխատել այն տարբերակով, որը վերևից գալիս էր, իրենք այլընտրանք չունեին։ Եթե իրենց ղեկավարը պահանջում էր այդ գումարը բերել, իրենք բերում էին։ Հիմա ղեկավարը չի պահանջում, և իրենք ստիպված չեն անօրինական գործունեությամբ զբաղվել։ Շատ մարդիկ երջանիկ են, որ ազատվել են դրանից և կարող են ազատ աշխատել։ Մանրամասները այստեղ :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.