Գայթակղիչ առաջարկ եւ անսպասելի իրավիճակ

lragir.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի անդամներին գայթակղող օրենքը խորհրդարանում ընդունվեց ամբողջությամբ: Ըստ օրենքի, եթե ՍԴ դատավորները կամավոր հրաժարական ներկայացնեն իրենց պաշտոնից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, նրանք մինչեւ կենսաթոշակի տարիք կստանան իրենց լիարժեք աշխատավարձը:

Այդպիսով կառավարող մեծամասնությունը փորձում է լուծել «ՍԴ ճգնաժամը», հրաժարականի բերելով դատավորներին, որոնք այդ պաշտոնում են հայտնվել 2005 թվականի Սահմանադրության կարգավորումով եւ կարող են պաշտոնավարել մինչեւ կենսաթոշակի տարիք: Այն դեպքում, երբ նոր Սահմանադրությամբ կա պաշտոնավարման վեց տարի ժամկետ:

Որեւէ դատավոր հրաժարական կտա՞, եթե չի տվել մինչ այժմ: Դա կնշանակի, որ տվյալ դատավորը ընտրել է փողը: Համաձայնեք, այդքան էլ պատվաբեր չէ, հատկապես այն աղմկոտ քննարկումներից հետո, որ եղան օրենքի կապակցությամբ:

Կասկածից վեր է, որ կառավարությունը չէր կարող չպատկերացնել այդ վիճակը եւ դրա պայմաններում դատավորին գայթակղելու գրեթե անհնարինությունը: Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ կառավարությունն օրինագիծը ներկայացրել է կամ հետագա որեւէ ավելի կոշտ քայլից առաջ «ալիբի» ունենալու համար, կամ, գուցե տարօրինակ հնչի՝ «ճգնաժամն» ավելի խորացնելու՝ դատավորների հաստատակամությունն ավելի կարծրացնելու միջոցով:

Բայց, մեծ հաշվով, ու՞մ է հետաքրքրելու «ալիբին»: Միեւնույն է, ավելի կոշտ քայլի համար հնարավոր քննադատությունները լինելու են՝ անկախ «ալիբիից»: Հետեւաբար, ռացիոնալ խորության մեջ դիտարկելով նախաձեռնությունը, մնում է եզրակացնել, որ այն ունի ՍԴ «ճգնաժամը» առավել խորացնելու նպատակ:

Ընդ որում, դրա մասին հնչում են նաեւ կասկածներ տարբեր շրջանակներից, որոնք, ի դեպ, հեղափոխության ճամբարում են, ոչ թե այսպես ասած «հակահեղափոխության»: Այդ ձայները քննադատում կամ ակնարկներ են հղում հենց հեղափոխության թիմում, խորհրդարանական մեծամասնությունում մարդկանց մասին, որոնք, նրանց կարծիքով, միտումնավոր խոչընդոտներ են հարուցում «ՍԴ ճգնաժամի» հանգուցալուծման համար:

Ակնառու է, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի առումով հեղափոխության լայն շրջանակում՝ որը ներառում է ոչ միայն Իմ քայլը խմբակցության կազմը, այլ նաեւ հեղափոխության դիրքերից ներկայացող արտախորհրդարանական տարբեր շրջանակներ, կա առնվազն երկու դիրքորոշումների կամ մոտեցումների բախում:

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.