Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի ներդրողների ակումբը կհայտարարի 1 միլիարդ դոլարի ներդրումային նախաձեռնությունների մասին: Սերժ Սարգսյանի հայտարարությունը հաստատել է այդ ակումբի հիմնադիրներից մեկը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը 2017-ի մարտի 24-ին ակումբի մասին համաձայնագիր ստորագրեց ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ:
Սամվել Կարապետյանից բացի, ակումբը ներառում է մոտ 3 տասնյակ ռուսաստանահայ այլ գործարարներ: Հայաստանի ներդրողների ակումբը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին աջակցելու մասին, իսկ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն ամեն օր գոլ է խփելու:
Խփու՞մ է Կարապետյանը գոլ, թե ոչ, խիստ հարաբերական է: Ի վերջո, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչը կհամարենք դարպաս եւ ինչը՝ գնդակ: Օրինակ, ամեն օր գոլ խփել է հնարավոր համարել ասենք 1 միլիարդ ներդրումը, կամ էլ պարզապես աշխատանքի գնալ-գալ շարունակելը, այսինքն այն իմաստով, որ Կարապետյանի համար գոլ կարող է համարվել դեռեւս պաշտոնանկ չլինելը:
Այլ կերպ ասած, ամեն ինչ հարաբերական է:
Նոյեմբերի 13-ին ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը բացելու է իր հերթական առեւտրի կենտրոնը Երեւանում, որը կոչվելու է խորհրդանշական անվանումով՝ ՌԻՈ: ՌԻՈ-ն Ռուսաստանում Սամվել Կարապետյանին պատկանող առեւտրային կենտրոնների ցանց է, որի հետ ի դեպ ինչ որ ժամանակ տեղի էին ունենում մեծ ու փոքր արտակարգ պատահարներ՝ կամ հրդեհ էր բռնկվում, կամ հնչում էին ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգեր:
Սամվել Կարապետյանը ՌԻՈ է բացում նաեւ Երեւանում, նոյեմբերի 13-ին, ինչպես հայտնում են փողոցներում տեղակայված գովազդային վահանակները: Դրանցում խոսք չկա այն մասին, որ հայտարարվելու է նաեւ մեկ միլիարդ դոլար ներդրումային հեռանկարի մասին: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ասում են, որ դա կլինի նոյեմբերի 13-ին:
Արդյո՞ք համատեղվելու են ՌԻՈ-ն եւ մեկ միլիարդը, Երեւանը վերածելով տարածաշրջանային «Ռիո դե Ժանեյրոյի», թե՞ սա Ռիո դե Ժանեյրոն չէ : Դա իհարկե կախված է այն բանից, թե ի վերջո ինչ ակումբի մասին է խոսքը՝ Հայաստանի ներդրողների ակումբի, թե՞ «Մեծ կոմբինատորների» ակումբի, որոնք Հայաստանում կառուցում կամ վերակառուցում են իրենց երջանկությունը՝ իշխանության վերաբաժանման կամ վերադասավորման տեսքով:
Սպասելու իհարկե քիչ ժամանակ մնաց, որպեսզի պարզ լինի, թե ինչ մեկ միլիարդի մասին է խոսքը:
Գործնականում, Հայաստանի իշխանության ճգնաժամը սկսվեց թերեւս հենց միլիարդից, որը դուրս բերվեց Երեւանի կապիտալ շինարարությունից այն բանից հետո, երբ իշխանությունը կամ նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանից անցավ Սերժ Սարգսյանին, զուգահեռ ուղեկցվելով նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամով:
Մեկ միլիարդի բացակայությունը Հայաստանն այդպես էլ պահեց իշխանական ճգնաժամում, գործնականում դառնալով իշխանության գինը: Խոշոր հաշվով, նոյեմբերի 13-ին ենթադրվում է դե ֆակտո հայտարարություն այն մասին, որ գտնվել է Հայաստանի իշխանության գնորդ կամ հովանավոր, որը կհանգուցալուծի տասնամյակ ձգված ներիշխանական ճգնաժամը:
Ինչպես դա կանդրադառնա Հայաստանի պետականության ճգնաժամի վրա՝ կախված է իհարկե այն ուղենիշներից, որ կպարունակի մեկ միլիարդ դոլարի մասին հայտարարությունը: Դրանից կերեւա՝ Հայաստանը վերջնականապես դառնում է մի մեծ առեւտրի կենտրոն, ներառվելով օրինակ ռուսաստանցի միլիարդատիրոջ առեւտրային ցանցում, թե՞ դառնում է պետություն՝ համարժեք ներդրումային հեռանկարային ծրագրերով, որոնք ենթադրում են հայկական տնտեսա-քաղաքական սուբյեկտության ձեւավորում ռազմա-քաղաքականին զուգահեռ, որ մեծ ճիգով պահում է հայկական զինուժը արդեն քառորդ դար:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am