Բավական երկար ձգձգումից հետո Երեւանի քաղաքապետարանը հայտնեց, որ այս շաբաթվանից կսկսվի ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետի որոշման կասեցումից հետո ստեղծված հանձնաժողովի աշխատանքը։
Ենթադրվում է, որ հանձնաժողովը կունենա առնվազն 25 անդամ։ Քաղաքապետարանը շահագրգիռ մասնակիցներին արդեն ուղարկել է նաեւ հրավերները։ Սակայն այս անգամ գործընթացը կարծես բախվել է մեկ այլ խնդրի։ Մինչ որոշ հասարակական կազմակերպություններ դժգոհում են, որ իրենց հրավեր չի ուղարկվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին, մյուսները հակված չեն մասնակցելու դրա աշխատանքներին։
Մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարեցին Երեւանի ավագանու ԲՀԿ եւ «Բարեւ Երեւան» խմբակցությունները։
Իրենց այդ քայլը «Բարեւ Երեւանը» բացատրում է նրանով, որ ներքաղաքային ուղեւորափոխադրումների ուղեվարձերի բարձրացման եւ կասեցման վերաբերյալ
որոշումներն իրավաչափ չեն եւ կայացվել են օրենքների խախտումներով. «Դրանց հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք»։
Ըստ էության խոսքը այն հաշվարկների մասին է, որոնց հիման վրա Երեւանի քաղաքապետը մի քանի ամիս առաջ որոշում ընդունեց մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել միանգամից 50 տոկոսով։
Բայց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց «Բարեւ Երեւան» խմբակցության հրաժարումը միայն սրանով չի սահմանափակվում։ Նրանց կարծիքով, իրենց հղված քաղաքապետի առաջարկ-նամակում «ոչինչ ասված չէ, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով այն պետք է աշխատի»։
Հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու մասին հայտարարած Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր մերժումը պայմանավորեց նրանով, որ «սոցիալական այս ծանր պայմաններում չպետք է բարձրացնել քաղաքային տրանսպորտի ուղեվարձը»։ Մերժելով առաջարկությունը, այնուհանդերձ ԲՀԿ-ն դռներն իր հետեւից չփակեց. չբացառեց
հետագայում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հավանականությունը։
Մինչ քաղաքապետարանը երկար սկսել է հանձնաժողովի ձեւավորման գործընթացը, վերջին շրջանում ակտիվացել են ուղեւորափոխադրող կազմակերպությունները։ Նրանք ջանք չեն խնայում հիմնավորելու, որ այլեւս անհնարին է աշխատել 100 դրամ ուղեվարձով։ Ոլորտում գործող ընկերությունների կարծիքով, այդպես շարունակվելու դեպքում կարճ ժամանակ հետո քաղաքային տրանսպորտը կաթվածահար կլինի, իսկ ուղեւորափոխադրումները կհայտնվեն փակուղում։
Հանձնաժողովի աշխատանքի մեկնարկից մի քանի օր առաջ բիզնեսի այս դաշտում տարիներ շարունակ իբր վնասով աշխատող շուրջ վեց տասնյակ ընկերություններ եւս մեկ անգամ դիմեցին քաղաքապետարանին՝ առաջարկելով բարձրացնել ուղեվարձը. հաշվարկել են, որ այն պետք է լինի 150-200 դրամ։
Թեեւ նման տարբերությունն արդեն իսկ վկայում է, որ այդ հաշվարկներում ինչ-որ բան այնուհանդերձ այնպես չէ։ Նամանավանդ ներկայացնելով ընդհուպ մինչեւ 200 դրամ սակագին, նրանք պատրաստ են աշխատել նաեւ 150 դրամով։ Այդ դեպքում ինչպե՞ս կամ ո՞վ պետք է փոխհատուցի հաշվարկված մյուս ծախսերը, եթե դրանք իրականում կան, հայտնի չէ։
Ուղեվարձերի բարձրացման առումով քաղաքապետարանն ու փոխադրումներ իրականացնող ընկերությունները հայտնվել են միեւնույն դաշտում։ Երկուսն էլ կողմնակից են, որ ուղեվարձը դառնա 150 դրամ։
Դրանով է կարծես պայմանավորված նաեւ վերջին շրջանում առանձին երթուղիներում հայտարարվող մրցույթների չկայանալը՝ մասնակիցներ չլինելու պատճառով։ Չնայած դժվար չէ հասկանալ, թե իրականում ինչու է այդպես. ոլորտում գործող ընկերությունները, ըստ էության, պայմանավորվել են չմասնակցել դրանց՝ ցույց տալու, որ 100 դրամով փոխադրումներ իրականացնել հնարավոր չէ։
Տարօրինակ է, որ ինչքան էլ ուղեւորափոխադրողները պահանջում են բարձրացնել ուղեվարձը, այնուհանդերձ դրա դիմաց որակի բարելավման առումով հակված չեն որեւէ պատասխանատվություն ստանձնել։ Նրանք կարծում են, որ 150 դրամը այն գինն է, որ
կարող է հնարավորություն տալ ընդամենը պահպանել հասարակական տրանսպորտի այն վիճակը, ինչն առկա է։ Իսկ դա, մեղմ ասած, հեռու է անգամ բավարար լինելուց։
Հասարակական տրանսպորտային ծառայության մատուցումը մայրաքաղաքում տարիներ շարունակ եղել է անմխիթար վիճակում։ Խոսքը հատկապես երթուղային տաքսիներով իրականացվող փոխադրումների մասին է։ Մարդիկ երթեւեկում են իրար վրա լցված, երբեմն քարուքանդ եղած միկրոավտոբուսներով։ Բայց դա ուղեւորափոխադրողներին կարծես չի անհանգստացնում։
Թե ինչ կորոշվի հանձնաժողովի ուսումնասիրությունների ընթացքում, հայտնի կդառնա քննարկումների ավարտից հետո։ Մի բան, սակայն, հստակ է, որ ցանկացած պարագայում ուղեվարձի հաշվարկը պետք է լինի փաստարկված, հիմնավոր եւ համոզիչ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.armworld.am