1in.am-ը գրում է. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց նաև 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Ընդամենը 5 օր առաջ բոլորս հավատում էինք, որ մեր հավաքականը կարող է 6 միավոր վաստակել Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ հանդիպումներում: Նույնիսկ Լիխտենշտեյնի դեմ ցուցադրած անփառունակ ելույթից հետո ազգային թիմի կողքին էինք և հույս ունեինք, որ ֆիններին կկարողանանք հաղթել: Մենք այսօր էլ մեր հավաքականի կողքին ենք, բայց…
Երբ երկրիդ ներկայացուցիչը խաղադաշտում անօգնական և խղճուկ տեսք ունի, կամա թե ակամա արթնանում են բոլորովին այլ զգացումներ և էմոցիաներ: Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանում 3:1 հաշվով զիջեցինք աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային: Խաղից հետո, սակայն, հպարտ էինք մեր ֆուտբոլիստներով, որոնք արժանապատիվ խաղ ցուցադրեցին և պայքարեցին մինչև վերջ: Թվում էր, թե վերջապես ձևավորվել է այն կոլեկտիվը, որը պատրաստ է կռիվ տալ հանուն երկրի պատվի: Ֆինլանդիայի դեմ խաղից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, սպասվածի համաձայն, տապալումը կապել է Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ:
«Կամոն մեր ոգին է, մեր թիմի արագությունն է: Կառլենը մեր թիմի՝ բնավորություն ունեցող խաղացողներից է, կայուն: Իսկ Հենոն այն խաղացողն է, որը տարբերություն է ստեղծում, ու որի պակասը զգացվեց թե՛ հանդերձարանում, թե՛ դաշտում»,- նշել է Գյուլբուդաղյանցը:
Առաջին հայացքից մեր մարզիչը ներկայացրել է օբյեկտիվ պատճառներ, բայց… Երբ աշակերտին հարցնում են՝ ինչու դասերդ չես սովորել, պատասխանում է՝ տատիկս մահացել էր: Սա ևս միանգամայն օբյեկտիվ պատճառ է, և սովորաբար ուսուցիչը, կոռեկտություն ցուցաբերելով, «2» չի նշանակում: Բայց կան նաև աշակերտներ, որոնց տատիկի մահը չի խանգարում սովորել դասերը և «5» ստանալ: Նույնիսկ եթե աշակերտը դասը «4»-ի է պատասխանում, ուսուցիչը առանց վարանելու «5» է նշանակում՝ հաշվի առնելով, որ ծանր կորստի պայմաններում երեխան չի ընկրկել և ամեն գնով պատրաստվել է դասին: Աշակերտների ո՞ր դասին է պատկանում Գյուլբուդաղյանցը: Պատասխանը, կարծում ենք, պարզ է:
Մխիթարյանի և մյուս ֆուտբոլիստների բացակայության փաստը Գյուլբուդաղյանցը վերածել էր մեռած տատու օղորմաթասի, որը շարունակ ասում էր մամուլի ասուլիսների ժամանակ: Հա, հասկացանք, ծանր կորուստներ ենք կրել, բայց չէր կարելի այն դարձնել մատի փաթաթան: Մարզիչը նրա համար է, որ թեկուզ ծանր պայմաններում պատրաստի թիմին և ստիպի, որ իր սաները ցուցադրեն արժանի խաղ: Լիխտենշտեյնի խայտառակությունից հետո Գյուլբուդաղյանցը հայտարարում է, որ մրցակցի պաշտպանությունը շատ խիտ էր, դրա համար չհաղթեցինք: Լիխտենշտեյնի խիտ պաշտպանություն ունենալու մասին գիտի նաև մեր հարևան 7 տարեկան Հարութիկը: Բա ինչո՞ւ ենք էդ դեպքում Գյուլբուդաղյանցին մարզիչ նշանակել՝ որ խաղը տապալի, հետո էլ ասի՝ Լիխտենշտեյնը խի՞տ էր պաշտպանվում: Ոչ, Գյուլբուդաղյանցին ազգային թիմը վստահվել էր, որ քանդեր Լիխտենշտեյնի խիտ պաշտպանությունը, առանց Հենոյի և Կամոյի խաղ կառուցեր:
Ձախողումներն այս աստիճանի ռեզոնանս չէին ստանա, եթե Գյուլբուդաղյանցը անկեղծորեն հայտարարեր, որ չի կարողացել պատրաստել թիմին, կառուցել խաղը, և ներողություն խնդրեր միլիոնավոր երկրպագուներից:
Գյուլբուդաղյանցը հայտարարում է, որ հաջորդ երկու հանդիպումներում խաղալու են հաղթանակի համար: Սա նման է «քելեխի» վերջին օղորմաթասին, երբ կենաց ասողը հորդորում է բաժակները չխկացնել հայտարարելով, որ մյուս անգամ ուրախ առիթներով ենք հանդիպելու: Ավելի մեծ «հայտնագործություն» մարզչի կողմից դժվար էր լսել: Այն նույնքան տարօրինակ և անհասկանալի է, որքան Գյուլբուդաղյանցի փոփոխությունները վերջին երկու հանդիպումներում: Եվս մեկ անգամ այդ մասին խոսելը անիմաստ ենք համարում, քանզի այն նաև վտանգավոր է առողջության համար:Այդուհանդերձ, Գյուլբուդաղյանցի հայտարարություններում ակամայից առկա են բացահայտող տարրեր:
Մեր մարզիչը նշում է, որ Մխիթարյանի բացակայությունը զգացվեց նաև հանդերձարանում: Սրանից կարելի է անել թերևս մեկ ենթադրություն. Մխիթարյանը հանդերձարանում կատարում էր մարզչի, իսկ խաղադաշտում՝ դիսպետչերի պարտականությունը: Ավելի կոնկրետ՝ Մխիթարյանը մեր հավաքականի և՛ ավագն է, և՛ մարզիչը: Չկա Մխիթարյան՝ չկա մարզիչ և դիսպետչեր, և վերջապես՝ չկա ֆուտբոլ: Գյուլբուդաղյանցի խաղը կարելի է բնութագրել թերևս մեկ բառով՝ աջաբսանդալ:
Ինչ խոսք, տապալման համար կարող ենք մեղադրել առանձին ֆուտբոլիստների, խոսել սխալների և վրիպումների մասին: Բայց դրա անհրաժեշտությունը, հավատացեք, չկա: Ամեն ինչ շատ պարզ է: Երբ հրամանատարը զինվորներին դաշտ է դուրս բերում միայն սվին-դանակներով, նրանք չեն կարող կռվել տանկերի դեմ: Ֆինլանդիա-Հայաստան խաղը ասվածի վառ ապացույցն է: Մանրամասները սկզբնաղբյուրում: