ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Բագրատ Ղազինյանը ներգրավվել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գործով որպես մեղադրող դատախազ: Հիշեցնենք, որ նրանից առաջ ներգրավված երկու դատախազները տարբեր պատճառներով մինչև վերջ չհասցրեցին Պողոսյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Բագրատ Ղազինյանը եկավ դատարան և «փոփոխեց» Պողոսյանին առաջադրված մեղադրանքը: Այդ փոփոխությունը,
սակայն, ոչ թե վերաբերում էր Պողոսյանին մեղսագրվող արարքին, այլ ընդամենը հստակություն էր մտցնում նրան առաջադրված մեղադրանքում:
Բանն այն է, որ Մարինա Պողոսյանին մեղադրում էին կանադահայ Արփի Մերասին դե յուրե պատկանող անշարժ գույքի յուրացման և անշարժ գույքի վաճառքից ստացված գումարի յուրացման մեջ: Այսինքն, ըստ մեղադրանքի, յուրացվել էր ընդամենը մեկ գույք, սակայն Պողոսյանին վերագրվել էր կրկնակի յուրացում՝ գույքը և նրա վաճառքից ստացված
գումարը: Մեղադրյալի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը սույն գործով նշանակված առաջին իսկ նիստի ժամանակ մեղադրանքի կողմին կոչ էր արել կողմնորոշվել՝ ի վերջո ինչի մեջ են մեղադրում Պողոսյանին: Միայն ամիսներ անց, երբ այս գործով թվով երրորդ դատախազը ներգրավվեց, այս թյուրիմացությունը շտկվեց:
Արդարադատության նախարարի նախկին խորհրդականը Պողոսյանին «նոր» մեղադրանք առաջադրելիս հիմնվել էր հին մեղադրանքի վրա՝ վկայակոչելով նախաքննության նյութերն ու դատաքննության ընթացքում ձեռբ բերված փաստերը: Նախորդ դատական նիստի
ընթացքում Մարինա Պողոսյանը արձագանքեց իրեն առաջադրված մեղադրանքին՝ հայտարարելով, որ մեղադրող դատախազը պարզապես չի ծանոթացել գործի նյութերին և իրականությանը չհամապատասխանող փաստեր է վկայակոչել:
«Բագրատ Ղազինյանի կայացրած որոշումը բաղկացած է 245 տողից, որից 205 տողը ակնհայտ սուտ է, որը և ես կապացուցեմ կոնկրետ փաստերով,- հայտարարեց «Վելես» ՀԿ-ի հիմնադիրը,- նախ, տվյալ փաստաթուղթը բովանդակային և իրավական առումով տեղիք է տալիս հիմնավոր կասկածների, որ այն կազմվել է իրավագիտության թեկնածու, դասախոս, արդարադատության առաջին դասի խորհրդական Բագրատ Ղազինյանի կողմից, քանի որ նման տիտղոսներ և կրթական մակարդակ ունեցող անձը նման անհեթեթ, նախաքննության և ամենակարևորը՝ ավելի քան 8 ամիս տևած դատաքննության հետ որևէ առնչություն
չունեցող փաստաթուղթ չէր կարող կազմել՝ խեղաթյուրելով բոլոր փաստերը և դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցները, կեղծելով դատակոչված վկաների ցուցմունքները բովանդակային և իրավական առումով»։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մարինա Պողոսյանին հորդորեց, որպեսզի նա իր դիրքորոշումը հայտնի առանց որևէ մեկին անձնական վիրավորանքներ հասցնելու, ինչին Պողոսյանն արձագանքեց. «Եթե սուտ է, չասե՞մ սուտ է»: Այնուամենայնիվ, Պողոսյանը ստիպված էր իր ելույթի որոշ արտահայտություններ փոխել կամ բաց թողնել, որպեսզի դրանք որպես վիրավորանք չընկալվեին:
«Դատախազ Բագրատ Ղազինյանը անտեսել է ողջ դատաքննության ընթացքը, դատաքննության ընթացքում հնչած ցուցմունքները, ներկայացված ապացույցները,
փաստացի զրոյացնելով դատարանի դերը արդարադատություն իրականացնելու առումով, որով և խախտել է ոչ միայն իմ արդար դատաքննության իրավունքը, այլև ցուցաբերել է ակնհայտ կողմնակալ, դատաքննությունը արհամարհող վերաբերմունք և այս փաստաթղթով ստեղծել է համոզմունք, որ անկախ դատարանում կայացած քննությունից, ցուցմունքներից և ապացույցներից՝ ես պետք է դատապարտվեմ: Սա մեկ անգամ ևս ապացուցում է տվյալ քրեական գործի՝ իբրև իմ իրավապաշտպանի նկատմամբ քաղաքական պատվեր լինելու և ինձ ապօրինի քրեական հետապնդման շնորհիվ լռեցնելու, իմ անձը վարկաբեկելու փաստը»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ Քննչական կոմիտեն և ՀՀ դատախազությունը իրենց ռեսուրսները և լծակները օգտագործել են, որպեսզի ինքն այլևս հնարավորություն չունենա հանրայնացնելու դատախազության մի շարք աշխատողների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ մասնակից լինելու վերաբերյալ իր ունեցած ապացույցները, վերջիններիս
կողմից օֆշորային կազմակերպություններից ստացած ահռելի գումարների լվացումը: «Իմ դեմ հարուցված գործն օգտագործում են որպես պատժամիջոց չլռող իրավապաշտպանի նկատմամբ՝ նման ակնհայտ կեղծ, շարունակաբար փոփոխվող ու խմբագրվող մեղադրանքներով ինձնից գումարներ շորթելու նպատակով»։
Իրավապաշտպանն ակնարկեց, որ այս գործի հետևում պատվիրատուներ կան, և գործում ներգրավված բոլոր անձինք տարբեր թելերով կապված են պատվիրատուի հետ, ով հայտնի անձ է Հայաստանի Հանրապետությունում: Նա ընդգծեց, որ քննչական մարմինը ձեռք է բերել 2015 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների իր հեռախոսային զանգերի վերծանումը, որը բացարձակ կապ չուներ իրեն առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ, ըստ մեղադրանքի, ինքը վիճահարույց բնակարանը վաճառել էր դեռևս 2014 թվականին: «Սա մեկ այլ ապացույց է, թե ինչու է սույն գործը սարքվել իմ նկատմամբ, քանի որ հենց 2015թ. ապրիլից սկսած է
մեր կազմակերպությունը բացահայտել դատախազների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը, և իհարկե հենց այդ ամիսների վերծանումներն են հետաքրքրել պատվիրատուին, որին դեռ կանդրադառնամ»,- հայտարարեց Մարինա Պողոսյանը:
Իրավապաշտպանը պատահական չի համարում, որ Կանադայից իր դեմ տրված հաղորդումը ուղարկվել է Երևան քաղաքի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին: «Բոլորս ենք տեղյակ Աշոտ Կարապետյանի հոբիի մասին՝ ակտիվիստ և իրավապաշտպան ճնշելու առումով, իսկ նրա անմիջական կապի մասին տվյալ գործի տիրոջ հետ ես կնշեմ հետագայում»: Մարինա Պողոսյանը պնդում է, որ 2015 թվականից իր նկատմամբ սկսված
քրեական հետապնդման միակ նպատակն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելն ու իրեն լռեցնելն է: «Բայց ասեմ, որ ձեր ջանքերը զուր են, չեմ լռելու, ավելին՝ այս ընթացքում ավելի շատ փաստեր եմ ձեռք բերել և միանշանակ հանրայնացնելու եմ»,- դատարանում հայտարարեց Պողոսյանը։
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ իր ղեկավարած կազմակերպության իրականացրած հետաքննության և իրենց կողմից տրված հաղորդման հիման վրա է 2015 թվականին հարուցվել քրեական գործ ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի ընտանիքի կողմից 5 մլն դոլարի յուրացման փաստի առթիվ: «Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ սույն գործը սարքվել է իմ դեմ, որպես ապացույց կան ժամանակագրական և այլ փաստեր, հստակ կապեր Երևան քաղաքի քննչական կառույցի և այս գործի սցենարին անմիջական մասնակից անձանց միջև, որը ես դեռ կբարձրաձայնեմ»։ Մարինա Պողոսյանի
կարծիքով՝ պատահականություն չէ, որ Օսիպովների պաշտպան, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը 2016թ. ապրիլի 28-ին հարցում է կատարել Երևան քաղաքի քննչական բաժնի պետին և Արաբկիրի քննչական բաժնի պետին՝ իր դատավարական կարգավիճակը և նախաքննության ընթացքը ճշտելու առումով։
Ինչ վերաբերում է իր դեմ հաղորդում տված կանադահայ Արփի Մերասին, ապա Պողոսյանը նշում է, որ 81-ամյա կինը պարզապես գործիք է դարձել իրեն լռեցնել ցանկացող անձանց ձեռքին: «Ցավում եմ, որ Արփին ընդամենը գործիք է ծառայել այս գործում, իսկ Նալբանդյան 50/42 բնակարանը ընդամենը միջոց՝ ելնելով զուտ այն հանգամանքից, որ դա է հանդիսացել
իմ ղեկավարած «Վելես» իրավապաշտպան ՀԿ պետական գրանցման հասցեն: Անհնար է այս կապը չտեսնելը»,- իր ելույթն այսպես եզրափակեց իրավապաշտպանը։
Մարինա Պողոսյանը էջ առ էջ անդրադարձավ իրեն առաջադրված «նոր» մեղադրանքին՝ բերելով հակափաստարկներ, որոնց կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am