«Մի պրիմիտիվ գողության քրոնիկոն…». Զանգ ԱԱԾ պետին

lragir.am-ը գրում է. Հետք էլեկտրոնային հետաքննական պարբերականը օրերս հրապարակեց տեղեկություն ՀԴՄ-ների գնի մասին: Պարբերականը պարզել էր, որ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի համապատասխան ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 1-ից պարտադիր ՀԴՄ-ները ձեռք է բերել մոտ 70 տոկոս ավելի էժան, քան հայտարարել է գինը: ՊԵԿ-ը հայտարարել է 160 հազար դրամ գին: Հետքը կապվել է այն չինական ընկերության հետ, որից ձեռք են բերվել ՀԴՄ-ները: Վրաց գործարարի անունից պատվիրելով սահմանափակ՝ մի քանի հարյուր խմբաքանակ, պարբերականը չինական ընկերությունից ստացել է պատասխան, որ ՀԴՄ գինն այդ դեպքում կկազմի մոտ 185 դոլար, գրեթե 90 հազար դրամ:

Պարբերականը եզրակացնում է, որ ավելի մեծ խմբաքանակի դեպքում՝ իսկ ՊԵԿ-ն իհարկե ձեռք էր բերելու բազմապատիկ ավելի ՀԴՄ, չինական ընկերությունը կարող էր անել ավելի մեծ զեղչ, գինը հասցնելով մոտ 60 հազար դրամի:

Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարի 5-ին վարչապետ Փաշինյանի եւ ՊԵԿ նախագահ Անանյանի զրույցից հետո կառավարությունը հայտարարեց, որ գործարարներին ՀԴՄ կտրամադրվի 60 հազարով, իսկ 100 հազարը կսուբսիդավորի կառավարությունը:

Պարբերականը ենթադրում է, որ 60 հազարը հենց ձեռքբերման արժեքն է, թեեւ ՊԵԿ նախագահ Անանյանը դրանից առաջ այլ առիթով հայտարարել էր, թե ինքնարժեքը 158 հազար է: Իսկ 160 հազար գինը որոշվել է դեռեւս Կարեն Կարապետյանի վարչապետության եւ Վարդան Հարությունյանի ՊԵԿ ղեկավար լինելու շրջանում: Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը գործընկերներ էին, նրանք երկուսն էլ եղել են Հայռուսգազարդի թոփ մենեջեր: Հարությունյանը Կարապետյանի տեղակալն էր, երբ նա գլխավորում էր ընկերությունը, հետո Հարությունյանը եղավ Հայռուսգազարդի ղեկավար, երբ Կարապետյանը դարձավ քաղաքապետ: Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ, ինչը անկասկած պայմանավորված էր նրանով, որ այդ կարեւորագույն ուղղությամբ Կարեն Կարապետյանին անհրաժեշտ էր վստահելի մարդ եւ ըստ երեւույթին դա եղել է նրա վարչապետի պաշտոնի նշանակմանը համաձայնելու պայմաններից:

Հետքը նաեւ գրել էր, որ ՀԴՄ-ները ՊԵԿ-ը ներկրում է չինական ընկերության հայաստանյան ներկայացուցիչների դե ֆակտո միջնորդությամբ: Բանն այն է, որ այդ ընկերությունները, ըստ Հետքի, կապված են Վարդան Հարությունյանի եւ Կարեն Կարապետյանի մտերիմների հետ:

Այդպիսով, հետաքննական հրապարակումը փաստացի բացահայտել է «պրիմիտիվ գողության» մի սխեմա, երբ գործարարների կամ պետության հաշվին արվել է ՀԴՄ գերշահութաբեր «բիզնես»:

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, անդրադարձել էր կառավարական գործուղումների համար օդանավերի տոմսերի ձեռքբերման մեխանիզմին, հայտարարելով, թե կատարվել է ուղղակի «պրիմիտիվ գողություն»:

Փաստացի ստացվում է, որ օդանավի տոմս գնելիս «պրիմիտիվ գողություն» չէր կարելի, իսկ ահա՝ ՀԴՄ գնելիս եւ գործարարներին վաճառելիս, դա հնարավոր էր եւ թույատրված: Համենայն դեպս, ըստ Հետքի հրապարակման, Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել է, որ գինը սահմանելու իրավունքը կառավարությունից անցնում է ՊԵԿ նախագահին, եւ Վարդան Հարությունյանն էլ որոշել է 160 հազար դրամ գինը:

Օրերս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, թե զանգահարել ու անձամբ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին՝ ՊԵԿ շարքում կաշառակեր տեսուչների բացահայտման համար:

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.