Ուշագրավ. Պուտինիզմի վերջը կամ ուժեղ հարված Ռոբերտ Քոչարյանին…

Առաջին Լրատվականը գրում է. Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նախօրեին ի վերջո ձերբակալվել է․ հատուկ ջոկատայիններին երկրորդ փորձից հաջողվել է դուրս բերել նախկին նախագահին Կոյ֊Տաշ ավանում գտնվող իր առանձնատնից: Երեկ Ատամբաևը կալանավորվել է ու կանխատեսվում է, որ երկար ժամանակ կանցկացնի անազատության մեջ։

Ուշագրավ է, որ անցած ամիս նախկին նախագահ Ատամբաևը այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, մինչև նրա կալանավորումն էլ Բիշքեքի մերձակայքում թեժացող իրադարձություններից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը՝ հորդորելով կողմերին զսպվածություն ցուցաբերել:

Չնայած այդ հորդորներին՝ Ղրղըզստանի իշխանությունները, փաստորեն, շարունակել էին գրոհը՝ ի վերջո բերման ենթարկելով նախկին նախագահին:

Ի դեպ անցած ամիս, Մոսկվայից վերադառնալով հայրենիք, Ատամբաևը պարզաբանել էր. «Պուտինն ինձ համար ոչ միայն Ռուսաստանի նախագահն է, այլև մտերիմ մարդ, ով իմ ետևից ինքնաթիռ էր ուղարկել: Եվ սա առաջին անգամը չէր, սխալ կլիներ, եթե մերժեի»:

 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով ի դեպ, Ատամբաևի ձերբակալության օրը հենց ժամանել էր Ղրղըզստան, Իսիկ-կուլ՝ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու, արձագանքել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանավորմանը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք, ես այսօր առավոտից այս թեմայով խոսել եմ նաև Ղրղըզստանի վարչապետի հետ», – հայտարարել էր Մեդվեդևը, հավելելով՝ «հույս ունենք, որ հետագա բոլոր գործընթացները կհիմնվեն Ղրղըզստանի ներքին օրենսդրության ու Սահմանադրության վրա, քանի որ այնտեղ են ներառված նաև շատ հարցերի պատասխաններ»:

Թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, Մեդվեդևը չի մանրամասնել:

Այսպիսով՝ գործ ունենք մեզ ծանոթ սցենարի հետ, երբ կալանավորվում է կոռուպացիայի մեջ թաթախված նախկին նախագահ, որն իրեն համարում է Պուտինի ընկերը ու անմիջապես հետևում է Մոսկվայի «մտահոգ» արձագանքը։ Հայաստանցիներին նման սցենարը քաջածանոթ է Քոչարյանի կալանավորման դեպքից հետո։ Իհարկե, Ատամբաևի կալանավորումից հետո Մոսկվայի արձագանքը շատ ավելի զուսպ է, սակայն դա էլ ունի իր բացատրությունները։

Նախ՝ Ղրղըզստանում հեղափոխություն տեղի չի ունեցել ու Ատամբաևը, մեծ հաշվով, կալանավորվել է ներկլանային գզվռտոցի հետևանքով։ Երկրորդ՝ Հայաստանը ստեղծեց նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու ավանդույթ, ինչին Մոսկվան չկարողացավ դիմակայել, իսկ հիմա ստիպված է հաշվի նստել ինստիտուցիոնալ, քաղաքական նոր իրողությունների հետ։

Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, իսկ հիմա՝ Ղրղըզստանում, իսկական ողբերգություն է ռուսական քաղաքական էլիտայի ու առաջին հերթին՝ Պուտինի համար։ Հարցն ամենևին էլ այն չէ, որ Պուտինին ու Հայաստանի և Ղրղըզստանի նախկին նախագահներին կապում է ընկերական հարաբերությունները։

Ըստ էության՝ վերանում է եվրասիականության, այսպես կոչված, քաղաքական, քաղաքակրթական հենքը, որը կառուցված է ավտորիտարիզմի, իշխանությունների անփոխարինելիության և ավտորիտար առաջնորդների անձեռնմխելիության սկզբունքերի վրա։  Սա ինքնին ենթադրում է, որ Մոսկվան կորցնում է իր քաղաքական ազդեցությունն անգամ եվրասիական տարածքում, ինչը ֆիասկո է գուժում Պուտինի չելիստական վարչախմբի համար։

Պուտինը նաև անձնական ողբերգություն է ապրում՝ գիտակցելով, որ իր ընկերներ Քոչարյանի ու Ատամբաևի դաժան ճակատագիրը վաղ թե ուշ սպառնում է իրեն՝ հատկապես, որ Ռուսաստանում սկիզբ են առնում տարերային հուզումներ, որոնք էական հարված կարող են հասցնել իշխանության հեղինակությանը։

Ղրղըզստանի իրադրձություններն ուժեղ հարված էին նաև Քոչարյանի դիրքերին։ Մանրամասները Սկզբնաղբյուրում :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.