«Խնդիր իսկապես կա, բայց Դուք ո՞վ եք...».

1in.am -ը գրում է. «Լեհաստանի Սեյմի մարշալեկ (նախագահ) Մարեկ Կուխչինսին հրաժարական է տվել այն պատճառով, որ ծառայողական օդանավն օգտագործել է ընտանիքի անդամների հետ թռիչքներ իրականացնելու համար: Մեր իրականության մեջ նման կարգավիճակում գտնվող պաշտոնատար անձինք, այլոց հրաժարականների մասին են մտածում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

 

 

Իհարկե, ակնհայտ է Ղազարյանի ակնարկի իմաստը․ նա թիրախավորել է Հայաստանի քաղաքական իշխանության առաջին դեմքերին՝ իր այսօրվա շեֆին՝ Հրայր Թովմասյանին պաշտպանելու նպատակով։ Ղազարյանի գրառման բովանդկությանը չեմ էլ ուզում անդրադառանալ, միայն նկատեմ, որ նրա բարձրացրած խնդիրը գոյություն ունի, սակայն հարցն այն է, թե ով իրավունք ունի դրա մասին բարձրաձայնել կամ ինչ մոտիվով է բարոյականությունն «արթնացել» նախկին դեսպանի մոտ։

Բանն այն է, որ Ղազարյանը պատկանում է մարդկային այն տեսակին, որն իր կոմֆորտի համար նպատել է կոռուպցիոն բուրգի կայացմանը՝ դրա դիմաց ստանալով պաշտոնններ ու թերևս՝ գրդոնի իրավունք։

Արժեքային համակարգից զուրկ այս տեսակը, հաճախ՝ մարտնչող տգիտությամբ, ծառայել է Սերժ Սարգսյանին՝ նույնիսկ նվաստացման գնով։ Էդգար Ղազարյանը եղել է քրեաօլիգարխիայի «վեցնոցը», ու թերևս շատերը հիշում են նրա հետ կապված քստմնելի մի դրվագ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2012-ին աղբի մեքենաներ էր նվիրել Վայոց ձորի մարզին, ինչի առթիվ այդ ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Էդգար Ղազարյանը հեգնել էր նրան։ Ծառուկայնն ոչ միայն հրապարակավ նվաստացրեց մարզպետին, այլ Սերժ Սարգսյանի հետ համաձայնության արդյունքում հասավ Ղազարյանի պաշտոնանկությանը։ Սերժ Սարգսյանը զոհաբերեց իր «նվիրյալին»՝ վերջինիս սիրտը շահելով դեսպանի պաշտոնով։ Նման արատավոր պրակտիկա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ընդունված էր, երբ դիվանագիտական ծառայությունը վերածվել էր նաև «դուրս գրված» պաշտոնյաների զբաղվածության հարցը լուծող ինստիտուտի։

Ի դեպ, Ղազարյանի դեսպանության տարիներին հայ-լեհական հարաբերություններն անկում են ապրել ու դա հաստատվում է բազմաթիվ փաստերով։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե այս ամենի մեղավորը Ղազարյանն է, սակայն՝ եթե Լեհաստանի դեսպանի պաշտոնը կարևորվեր, Ղազարյանը հաստատ Վարշավա չէր գործուղվի՝ դիվանագիտական զրոյական փորձով։

Նոր իշխանության ներկայացուցիչները պարտավոր են հավատարիմ մնալ հեղափոխության իդեալներին՝ չտրվելով օլիգարխիկ գայթակղություններին ու այս հարցում հասարակությունն իրապես պետք է պահանջատեր լինի՝ վեր հանելով բոլոր թերությունները։ Սակայն ճշմարիտ է ասված՝ а судьи кто։ Էդգար Ղազարյանը լուռ ու մունջ տարիներ շարունակ հետևել է երկրում տեղի ունեցող թալանին՝ հավանաբար, ստանալով դրա փշրանքները, նա լռում է նաև հիմա, երբ Սերժ Սարգսյանը թալանած միլիարդները քամուն է տալիս Բադեն Բադենում ու դառնում է «մտահոգ», երբ խոսքը վերաբերում է գործող իշխանություններին։ Ահա, այսպիսի «սկզբուքայնություն» ունեն Սերժ Սարգսյանի «վեցնոցները»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.