2014թ. նոյեմբերի վերջից դոլարի փոխարժեքը սկսեց աստիճանաբար բարձրանալ: Այն մոտ 100 դրամով ցածր էր գործող փոխարժեքից՝ 370-380 դրամի սահմաններում էր: Օրեցոր բարձրացավ մինչև 420-430 դրամի և կտրուկ հասավ ընդհուպ մինչև 580 դրամի: Փոխանակման կետեր կային, որոնք անգամ 600 դրամից ավելի էին առաջարկում 1 դոլարի դիմաց: Ֆինանսական շուկայում մեծ խուճապ էր, մեր հայրենակիցներից շատերը փորձում էին անգամ 1 դոլարի դիմաց 600 դրամով ազատվել հայկական դրամից: Կենտրոնական բանկն ամեն օր խոշոր ինտերվենցիաներ էր անում դրամի կուրսի անկումը դանդաղեցնելու
կամ դադարեցնելու համար: Եվ այդ օրերին այդ նպատակով մեծ ծավալի դոլար շուկա նետվեց: Ի վերջո ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, որ դրամը գերարժեզրկված է, ու որ ֆինանսական շուկայում սպեկուլյացիոն դրսևորումներ կան: Եվ իսկապես, այդ օրերին ֆինանսական դաշտի խաղացողները արհեստական խուճապ ստեղծելով՝ հավաքեցին ժողովրդի մոտ եղած դրամները և հսկայական գումար աշխատեցին: Իսկ Ա. Ջավադյանի, կարելի է անգամ ասել, ուշացած հայտարարությունից հետո մի գիշերվա մեջ հանկարծ դոլարը մոտ 100 դրամով էժանացավ, և արդեն երեք տարի է՝ փոխարժեքը 475-485 դրամի միջակայքում է տատանվում:
Բայց այն ժամանակ նաև փորձագիտական հակառակ կարծիքներ էին հնչում, թե գործող փոխարժեքը իրական չէ այն առումով, որ այն պետք է 600 դրամի սահմաններում լինի: Եվ որ իշխանությունները ԿԲ-ի հետ միասին ներքին կարգով ֆիքսված գին են սահմանել՝ կուրսը ցածր են պահում, որ մեծ գնաճ չառաջանա: Տնտեսագետների կարծիքով՝ կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է հակառակ՝ դրամի արժեզրկման քաղաքականություն վարի, որպեսզի խթանի տեղական արտադրությանն ու արտահանմանը: Հատկապես, որ մեր առևտրատնտեսական գործընկեր Ռուսաստանն իր նկատմամբ արևմտյան պատժամիջոցներից հետո սկսեց ցածր փոխարժեքի քաղաքականություն վարել՝ խթանելով իր սեփական արտադրությունը: Այդ պայմաններում ՌԴ արտահանում իրականացնող մեր
գործարարները դժգոհում էին ու հիմա էլ դժգոհում են, որ ՀՀ-ն համարժեք փոխարժեքային քաղաքականություն չի վարում, և ՌԴ այդ հակասության պատճառով արտահանած իրենց ապրանքի ինքնարժեքը բարձր է:
Ամեն դեպքում երեք տարի է, ինչ դոլարի նկատմամբ դրամն էական արժեզրկում չի ունեցել: Իհարկե, եղել են սեզոնային որոշակի տատանումներ, բայց դրանք մեծ արժեզրկումների կամ արժևորումների չեն հանգեցրել: Իշխանության ու ԿԲ ներկայացուցիչները երբեմն անդրադառնալով այդ հարցին՝ մեկնաբանություններ են տալիս, թե մեր երկրում բավականին շատ դոլարի պաշար կա՝ տրանսֆերտներն են ավելանում, բանկերը դոլարային մեծ պաշարներ ունեն և ընդհանրապես դոլարի դեֆիցիտ չկա: Երկրում փող կա,
հենց այդ պատճառով էլ նման կտրուկ արժեզրկում չի լինում, իսկ գործող փոխարժեքը շուկան է սահմանել: Եվ 2015թ. սկզբներից արդեն ԿԲ-ից ինտերվենցիաների կամ շուկայից դրամ գնելու վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվում: «Տնտեսական իրավունքի կենտրոն» կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը, այնուամենայնիվ, գտնում է, որ 1 դոլարի օբյեկտիվ փոխարժեքը 600 դրամն է: Եվ որ իշխանությունները պարզապես կայուն գին են պահում: Բացի այդ, նրա խոսքերով, փոխարժեքն այս գնի վրա է մնում օրեցօր ավելացող արտաքին պարտքի հաշվին: «Երկար ժամանակ փոխարժեքի կայունությունն ավելացվել է ինտերվենցիաների միջոցով, բայց հիմա էլ պարտքի հաշվին են պահում, որը շուտով կանցնի 7 մլրդ դոլարը: Դա այն գինն է, որը մենք վճարում ենք փոխարժեքը պահելու համար»,- ասում է նա:
Վերջինս նաև հիշեց ՀՀ ազգային արժույթի ներդրման շրջանը՝ 1993թ., երբ դոլարի գինը մոտ 14 դրամ էր, և այդ փոխարժեքը պահպանվեց մոտ երկու ամիս: «Այդ ժամանակ իրականացվեց ՀՀ քաղաքացիների գույքի, դրամական միջոցների բռնազավթում, աղքատացում: Սառեցվեցին գումարները, և մարդիկ, որոնք տարիներով գումարներ էին կուտակել, հնարավորություն չունեցան դրանք փոխանակել համապատասխան
փոխարժեքով այլ արժույթի՝ դոլարի: Իրականացավ ժողովրդի աղքատացում և մենաշնորհ արտարժույթի շուկայում այն խմբերի կողմից, որոնք կանգնած էին դրանց կառավարման գլխին: Եթե հիշում եք, երկու ամիս հետո միանգամից փոխարժեքը թռավ ավելի քան 200 դրամ, այսինքն՝ շուկայական մեխանիզմները մտան ուժի մեջ»,- հիշեցնում է Մ. Արիստակեսյանը:
2000-ականների սկզբին, իսկապես, դոլարը մոտեցել էր 600 դրամի սահմանագծին: Բայց այն ժամանակվա իշխանություններն ու ԿԲ ղեկավարությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ գրեթե կրկնակի չափով արժեզրկեցին այն՝ հասցնելով 300 դրամի: Տնտեսագետները պնդում էին, որ փոխարժեքի նման քաղաքականություն վարելով՝ այն ժամանակվա իշխանությունները ժողովրդից ահռելի գումարներ հափշտակեցին: Այդ ժամանակ յուրաքանչյուր տարի արտերկրից մոտ 2 մլրդ դոլարի մասնավոր տրանսֆերտ էր Հայաստան գալիս: Եվ փորձագետները մեկնաբանում էին, թե դոլարը էժանացնելով՝ իշխանությունները յուրօրինակ 40-50 տոկոսանոց հարկ են դրել ՌԴ-ից ու այլ երկրներից այստեղ իրենց հարազատներին ուղարկվող գումարների վրա:
Բացի այդ, դոլարը էժանացնելով՝ այն ժամանակվա իշխանությունները խրախուսեցին ներկրումը: Ռազմական ապրանքներից սկսած մինչև լայն սպառման սննդամթերքն ու այլ արտադրատեսակների ներկրումը խրախուսվեց: Բայց այդ ներկրումը ազատ չէր, տարբեր ապրանքային շուկաներում մոնոպոլիաներ ձևավորվեցին, քվոտաներ ու ներքին գներ սահմանվեցին, և իշխանությունները կրկնակի աստիճանով սկսեցին թալանել: Արդյունքում՝ առանց այդ էլ թույլ արտադրությունը ոչնչացվեց ու փոխարինվեց ներկրմամբ: Իսկ երբ
տրանսֆերտները կրճատվեցին, ներքին սպառումն անկում ապրեց, որին հետևեց տնտեսական անկումը: «Քրեաօլիգարխիկ համակարգը խեղճացրեց դոլարին: Դա բնական չէր, և շարունակությունն է այսօր կատարվում: Այսօր էլ փոխարժեքը բնական իրավիճակում չէ, փոխարժեքը պետք է համահունչ լինի տնտեսական աճին: Իսկ մեզ մոտ աճ չկա, արտադրությունը չի զարգանում պատշաճ տեմպերով: Իհարկե, դրա համար կան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական լուրջ խոչընդոտներ: Քաղաքականը Արցախի պատերազմն է և ԵԱՏՄ-ին անդամակցելը, իսկ տնտեսականը՝ տրանսպորտային և այլ սահմանափակումներն են»,- ասում է Մ. Արիստակեսյանը:
Իսկ ինչ վերաբերում է ԿԲ-ին ու գների կայունության ապահովման՝ Սահմանադրությամբ նրան տրված քաղաքականությանը, ապա նա այդ լիազորությունը սխալ է համարում: «Որևէ զարգացած երկիր ԿԲ-ին գնաճային քաղաքականություն իրականացնելու լիազորություն չի տալիս: Դա հակատնտեսագիտական է և չի համապատասխանում միջազգային փորձին: Մեզ մոտ ԿԲ-ին մեծ լիազորություններ ու հնարավորություններ են տրված»,‑ հավելում է Մ. Արիստակեսյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am