Ուշագրավ․ Քոչարյանի վերջնագիրը Ծառուկյանին և Մարուքյանին

lragir.am- ը գրում է.  Կարծում եմ «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւն արդեն ձեւավորված քաղաքական իրողություն է եւ գործընթացը ավելի կաշխուժանա, ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գոլոս Արմենիի պարբերականին տված հարցազրույցում, խոսելով Հայաստանում նոր իշխանության դեմ ձեւավորվելիք քաղաքական ընդդիմադիր համակարգի մասին:

Այդ համակարգը, ըստ Քոչարյանի, կլինի բազմաբեւեռ, սակայն բեւեռների միջեւ կլինի սերտ գործակցություն: Ըստ նրա, այդ հանգամանքը կբերի նաեւ խորհրդարանական ընդդիմության ռադիկալացման, այլապես նրանք կկորցնեն իրենց ընտրազանգվածը:

Երկրորդ նախագահը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ Լուսավոր Հայաստանի նախագահ Էդմոն Մարուքյանին փաստացի զգուշացնում է իր քաղաքական պատկերացումներից դուրս մնալու հետեւանքի մասին:

Ունե՞ն Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց քաղաքական պատկերացումը: Ներկայում, երբ լրագրողները նրանց հարց են ուղղում Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության հնարավորության մասին, Մարուքյանը հայտարարում է, թե դա հին Հայաստանն է եւ իրենք դրա հետ գործ չունեն, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարում է, որ Քոչարյանի հետ կապ չունի, իսկ օրակարգում էլ այդպիսի հարց չկա: Մինչդեռ բաց է մնում հարցը՝ իսկ կլինի՞, թե՞ ոչ: Համենայն դեպս, ԲՀԿ նախագահը չի բացառում, որ կլինի:

Համենայն դեպս, երկու ուժերի վարքագիծը գործնականում հար եւ նման է Ռոբերտ Քոչարյանի վարքագծին, որքան էլ մեկի օրակարգում Քոչարյան չկա, մյուսի համար էլ դա հին Հայաստան է:

Նրանք իշխանության հետ հարաբերվում եւ ընդհանրապես քաղաքական վարքագիծը կառուցում են նույն տրամաբանության մեջ: Իսկ այդ դեպքում առավելությունը Ռոբերտ Քոչարյանինն է, որովհետեւ հանրային վերաբերմունքը գործնականում ձեւավորվում է ոչ թե անձերով՝ ինչքան էլ կարող է թվալ, այլ մի շարք գործոնների ձեւավորած բազայով: Իսկ այստեղ, որքան էլ Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի համար դա զարմանալի թվա  առավելությունն իրենցը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինը:

Հետեւաբար, եթե նրանք մնում են նույն տրամաբանության մեջ, ինչ մինչեւ այժմ, ապա երկրորդ նախագահը միանգամայն իրավացի է, որ իր ծիրից դուրս լինելու պարագայում կորցնելու են ընտրազանգվածը կամ դրա հիմնական մասը:

Առավել եւս, որ ընդհանրապես քաղաքական զարգացումների տրամաբանությունն է ձեւավորվում այն համատեքստում, որ հաջորդ խորհրդարանում մեծ հավանականությամբ չի լինելու թե Լուսավոր Հայաստանի, թե ԲՀԿ-ի ներկայության որեւէ «սոցիալ-քաղաքական» հիմք:

Այլ հարց է իհարկե, որ օրինակ Գագիկ Ծառուկյանը այդ հեռանկարը կընդունի ոգեւորությամբ, վերջապես դուրս գալով քաղաքականությունից եւ տեղն ու կուսակցությունում Ռոբերտ Քոչարյանից մնացած ռեսուրսների բաժինը թողնելով այն համակարգին, որ կձեւավորի Ռոբերտ Քոչարյանը: Առավել եւս, որ ԲՀԿ-ն էլ իբրեւ համակարգ ձեւավորվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ մամուլը ինտենսիվ գրում էր այդ ձեւավորման գործընթացին նախագահի նստավայրի ներգրավվածության մասին, թեեւ Գագիկ Ծառուկյանը մինչ այժմ հավաստիացնում է, որ չկա որեւէ կապ:

Այդպիսով, երկրորդ նախագահը փաստացի վերջնագիր է ներկայացնում խորհրդարանում ընդդիմադիր լինելու մասին հայտարարած երկու ուժերին: Ունե՞ն նրանք պատասխան:

 

Մանրամասները Սկզբնաղբյուրում :

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.