Ուշագրավ․ Միլիարդատերերի անունները․ Սադրանք ստվերից

lragir.am -ը գրում է. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Իջեւանում տեղի ունեցածը ոչ թե ժողովրդական բողոք է անվանել, այլ անօրինական բիզնեսի հետեւում կանգնած անձանց խմբի սադրանք:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ տարբեր գնահատականներով, անտառահատման ամենամյա ստվերային շրջանառությունը կազմում է 500 հազարից 1 միլիոն խմ: Նախարարը նշել է, որ խոսքը տարեկան մոտ 40 միլիոն դոլարի շրջանառության մասին է: Նախարարը, սակայն, չի նշել բիզնեսի հետեւում կանգնած անձանց անունները:

Կառավարությունը գիտի՞ ստվերային բիզնեսը կառավարող անձանց: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության գույքագրում արվե՞լ է, որը թույլ կտա իշխանությանը գոնե իր համար պարզել, թե երկրում շրջանառության որ մասն է ստվերում եւ ով է այն կառավարում:

Այդ առումով Հայաստանն աշխարհի ամենափակ երկրներից մեկն է: Այստեղի հարուստ մարդիկ, ի տարբերություն մյուս երկրների, փորձում են վարկանիշերում չհայտնվել, չեն մրցակցում ու խուսափում են հրապարակայնությունից: Ոչ ոք երեւի չգիտի արդյոք Հայաստանում դոլարային միլիարդատեր կա, ինչ ունեն նրանք եւ ինչով է հնարավոր հարստանալ:

Միջազգային փորձագետների գնահատականներով, ստվերում է Հայաստանում շրջանառության 30-50%-ը: Երկար տարիներ Հայաստանի տնտեսությունը կառուցվում էր պարզ սխեմայով՝ բնական պաշարների՝ ընդերքի, անտառների, ջրերի անխնա շահագործում, որից բյուջե շատ փոքր գումար էին վճարում, հաղորդակցությունների եւ այլ ակտիվների փոխանցում ռուսական ընկերություններին (միջնորդավճար իշխանությանը), արտահանման ապրանքն աշխատուժն էր, իսկ ստացած եկամուտները տանում էին օֆշորներ: Արդյունքում, պաշտոնապես գոյություն ուներ փոքր բյուջե, սովի չմատնվելու շեմի աշխատավարձերով, իսկ հիմնական շրջանառությունը լրիվ այլ վայրում էր տեղի ունենում:

Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ քանդվեց այդ կառուցվածքի քաղաքական հիմքը, պարզվեց, որ երկրում գրեթե չկա օրինական տնտեսություն: Ուր մատդ դնես՝ ստվեր, անօրինական շրջանառություն, անօրինական մասնավորեցում է:

Փորձագետները Ռոբերտ Քոչարյանի գործը կապում են հենց ապաօլիգարխացման ու ստվերից դուրս գալու հետ: Հենց Քոչարյանի կառավարման շրջանում է բյուրեղացել տնտեսության «լույս-ստվեր» կառուցվածքը: Հենց նրան է հայտնի, թե ով ինչն է կառավարում եւ որքան եկամուտ է ստանում: Վերլուծաբանները դեռ 2012 թվականին ասում էին, որ Քոչարյանը հեռանալով իր հետ «տարավ» Հայաստանի տնտեսության կեսը:

Հիմարություն կլիներ պնդել, թե ամբողջ ստվերային հարստությունը Քոչարյանինն է, բայց հիմքեր կան ենթադրելու, որ նրա մոտ է գույքագրման «մատյանը» եւ նա գիտի, թե ով ինչ ունի եւ որքան:

Այս առումով, Իջեւանում տեղի է ունենում լույսի ու ստվերի պայքար:

Հեղափոխությունից հետո սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի եղել, Սինգապուրում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանում կոռուպցիան կառավարման որոշակի համակարգ է:

«Իսկ երբ չկան կոռումպացված համակարգեր և կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվում է շատ օրենքներ կան, որոնք գոյություն են ունեցել միայն Վենետիկի հանձնաժողովի և այլ կառույցների համար, բայց իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել:​ Եվ հիմա, երբ որ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այդ օրենքը ցույց տալու համար է: Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան», – ասել է Փաշինյանը:

Այդ համակարգից դուրս գալու համար անհրաժեշտ է հանրային գույքագրում, ստվերային շրջանառության տերերի ու անունների հրապարակում, որովհետեւ միայն հանրությունը կարող է իրավունքներ ներկայացնել ուզուրպացված ազգային բարիքների նկատմամբ ու օգնել կառավարությանը գույքագրում անել:

 

Մանրամասները Սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.