Եթե Ադրբեջանը հարձակվի, մենք կշարունակենք 93 թվականի ավանդույթը

Lragir.am -ը Գրում է.

 

 

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյանպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ 2016 թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Միանշանակ Դավիթ Տոնոյանը խոսել է ժողովրդի հայրենասեր հատվածի սրտով։ Վերջերս սկսեց նորից մտմտալ առաջին նախագահը, որը նախորդ իշխանությունների կնքահայրն է, և հայրենասիրությունը դավաճանություն է համարում։ Այսինքն՝ պետք է անպայման հողերը հանձնել, Ղարաբաղը, Զանգեզուրը, Արցախը, նույնիսկ Երևանը դնել վտանգի տակ։ Հենց նրա օրոք սկսեցին ժողովրդին վախեցնել պատերազմով, և դա շարունակվեց մինչև այս տարվա մարտ-ապրիլ։

Արցախում Բակո Սահակյանի շրջապատը նույնպես ուզում է պատերազմով վախեցնել ժողովրդին, որ պետք չէ իշխանափոխություն անել, քանի որ պատերազմի վտանգը մոտ է։ Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այս ամենին հակառակ է և մեր ժողովրդի սրտով է այն առումով, որ իրականության մեջ ոչ թե զիջողականությունն է խաղաղության հիմքը, այլ պատերազմի պատրաստակամությունը և ուժեղ բանակը, անզիջում պայքարն է խաղաղության հիմքը։ Աշխարհում վերջին հարյուրամյակում քարտեզի շատ ձևափոխություններ են եղել, և նույնիսկ երկրներ կան, որտեղ տարածքային ամբողջականությունը դրվել է մի կողմ, և զավթողականությունն ու ուժն է առաջնային համարվել։ Մեր պարագայում չկա զավթողականություն և ուժ, մեր պարագայում կա ինքնորոշում և պայքար։

Ինչ վերաբերում է Տոնոյանի ասածին, իմ տեսանկյունից՝ եթե Ադրբեջանը շարունակի հարձակվել, մենք ավանդույթը կշարունակենք այնպես, ինչպես 93 թվականին։ 93-ի ամռանը Քարվաճառից հետո մենք կարող էինք խաղաղություն կնքել, Ադրբեջանը հարձակման անցավ և կորցրեց Աղդամը, համաձայնվեցին, որ զինադադար լինի, բայց նորից Ադրբեջանը հարձակվեց, այս անգամ էլ կորցրեց Ֆիզուլին ու Ջաբրայիլը, որից հետո կորցրեց Կուբաթլուն, նորից հարձակվեց և կորցրեց Զանգելանը, Հորադիսն ու Արաքսի ափը։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ այդ ամենին ոչ թե տեղյակ չէր, այլ ամեն մի շրջան վերցնելուց հետո ամբողջ ուժով ճնշում էր հետ վերադարձնել։

Բայց մենք գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չէինք կատարում, որովհետև ինքն այդքան ուժ չուներ։

Դավիթ Տոնոյանի ասածն այն առումով է նաեւ ճիշտ, որ այսօր մեր ժողովուրդն արտագաղթում է այն պատճառով, որ հույս ու հավատ չունի, որ այս երկրում կարող է ապրել խաղաղությամբ, քանի որ նախորդ իշխանությունները բանակը թուլացրել էին, հասցրել ծայրաստիճան աղքատության, առանց սպառազինության։ Նախարարը չպետք է ձեռքերը ծալած նստի, բանակում դեռևս շարունակվում են նեգատիվ երևույթները, որոնք նախորդ իշխանությունների բարքերի հետևանքն են, և որևէ քայլ այս ուղղությամբ մինչև օրս չի կատարվել, բանակում շարունակվում են զինատեխնիկական ապահովման բնագավառում չարաշահումները, բանակի կադրային ապահովման հարցում նույնպես որևէ քայլ չի կատարվում։ Միայն խոսքերը և բառերը բավարար չեն, և եթե նախորդ իշխանությունները մեր առաջարկները սվիններով էին ընդունում, նոր նախարարը և իշխանությունները մեր՝ դաշտային հրամանատարներիս և վետերաններիս խորհուրդները պետք է սիրով ընդունեն և լսեն, մենք միասին պետք է հզորացնենք մեր բանակը, չպետք է պատվից ցածր համարել մեզ հետ շփվելը։

Նախարարը պետք է իր անմիջական շփումներով մեր բոլորիս ջանքերը և հնարավորություններն օգտագործի, որպեսզի ամուր պահենք մեր բանակը, քանի որ այն ամեն ինչի հիմքն է։ Այս հեղափոխության հաղթանակի ամրապնդման հիմքն է բանակը, քանի որ նա է արտաքին գործոնը և մեր թշնամիների դեմ պայքարի միակ երաշխիքը, խաղաղության ապահովման հիմքը։ Մենք պետք է հզորացնենք բանակը, որպեսզի ունենանք խաղաղություն, բայց այսօր այնքան նեգատիվ երևույթներ կան բանակում, որոնք խորը արմատներ ունեն, մենք միասին պետք է լուծենք այս հարցերը։

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ իրադրությունը կայուն, հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով, եւ հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին։

Լարված վիճակից հետո թուլացումը դեռևս չի նշանակում հավերժ կամ երկարատև թուլացում։ Ադրբեջանի բանակը ժամանակակից սպառազինությամբ այնքան է զարգացել, որ ցանկացած պահի նրանք կարող են առաջանալ և հետ քաշվել։ Դա հենց իրենց տակտիկան է, որ մեր աչքին և ականջներին սովորեցրին այդ քայլը և մի օր էլ հարձակվեցին։ Մեր բանակի հզորացման ամենակարևոր ինդիկատորներից մեկն այն է, թե այսօր քանի երիտասարդ է ցանկանում սովորել և սպա դառնալ։ Նախորդ տարվա համեմատ գրեթե տարբերություն չկա։ Պետք է հետևություններ անել, թե ինչու երիտասարդները չեն ուզում իրենց տեսնել որպես սպա։ Մենք պետք է պատճառները վերացնենք։ Մեր երկրում չպետք է անարգվի սպայի պատիվը, չպետք է սպայի շահերն անտեսել։

Հայոց բանակի սպան ամենամեծ պատիվը պետք է ունենա, այսօր դա չկա, և մինչև այս հարցը չլուծենք, մինչև բանակի ձեռնաքարշությունները չավարտվեն և բանակի սպառազինությունը չսկսվի, մենք չենք ունենալու հզոր բանակ։

Իր վերջին ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսում Արցախում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

Ճշմարիտ խոսքեր են, քանի որ այս խոսքերի մեջ ոչ թե հույս կա, այլ այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը դիվանագիտորեն պարտավորեցրեց Ռուսաստանին։ Ռուսաստանի պարտականությունը տարածաշրջանում պատերազմ թույլ չտալն է, այլ ոչ թե գյուղում կրակոցներ արձակելը, հայ ընտանիքին սպանելը կամ տարածքներ ականապատելը և բնակիչների համար գլխացավանք դառնալը։ Պատերազմ սկսվելու դեպքում մենք չգիտենք, թե ինչ կարող են նրանք անել, մենք կարող ենք միայն դասեր քաղելով պատմությունից՝ կռահել, թե ռուսական ռազմական ուժերը Հայաստանում ինչ կարող են անել։ Նրանք չեն կրակի պատմության մեջ միշտ իրենց ռազմավարական դաշինք համարվող Թուրքիայի վրա, Ադրբեջանի հետ էլ իրական դաշնակից են, իսկ Հայաստանի դեպքում թեև պաշտոնապես ռազմավարական դաշնակից է համարվում, բայց միշտ անարգում է հայ ժողովրդի պատիվը։ Սա պատմության մեջ միշտ եղել է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.