Փրկել Հայաստանը Կարեն Կարապետյանի կադրերից

1in.am-ը Գրում է.

Հայաստանի ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, փորձելով հերքել մեր թերթի հրապարակումը, որը վերաբերվում էր Արարատյան դաշտի ջրամատակարարմանը, ըստ էության, հաստատել է այն: Նախ Գաբայանը ընդունել էր, որ Ախուրյանի ջրամբարից ջրառը դադարեցվել է, բայց ասել էր, որ դա տեղի է ունեցել ընդամենը երեք օրով: Բայց ամենացնցողը Գաբայանի այն հայտարարությունն է, որ ջրառի դադարեցումը իրականացվել է բոլոր կողմերի հետ փոխադարձ պայմանավորվածության արդյունքում: Թե որոնք են բոլոր կողմերը, Գաբայանը չի նշում, սակայն պարզ է, որ խոսքը տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների մասին չէ, որոնք ոռոգման նպատակով օգտագործում են Ախուրյանի ջրամբարի ջուրը, բայց բոլոր կողմերի համաձայնությամբ երեք օր զրկված են եղել դրա հնարավորությունից: Պարզ է չէ, որ Գաբայանի և «Ջրառ» ՓԲԸ ղեկավար Կարեն Եփրեմյանի և ՋՕԸ ղեկավարների համար գյուղացիները որպես կողմ գոյություն չունեն, որ նրանց հետ ինչ-որ բան համաձայնեցնեն: Գյուղացիությունը այս մարդկանց համար եկամտի աղբյուր է, և ոչ ավելին:

Մենք Ինեսա Գաբայանի գործունեությանը կանդրադառնանք առանձին, երբ կամփոփվի ոռոգման շրջանը, բայց հիմա ուզում ենք խոսել «Ջրառ» ՓԲԸ ընկերության տնօրեն Կարեն Եփրեմյանի մասին, որը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա կողմից Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակված Արսեն Հարությունյանի կադրն է, ջրային տնտեսության հետ որևէ կապ չունեցող նախկին ոստիկան: Եփրեմյանը, ինչպես Կարեն Կարապետյանի բոլոր կադրերը, երբևէ որևէ առնչություն չէր ունեցել այն ոլորտի հետ, որտեղ նշանակվել է ղեկավար, տվյալ դեպքում ջրամատակարարման հետ, բայց իր հովանավորի նման գիտեր, որ այդ համակարգում փող կա: Ահա այդ փողի նկատմամբ ունեցած անհագ սիրո արդյունքում Եփրեմյանը իր գործունեության առաջին իսկ տարում Հայաստանը հասցրեց էկոլոգիական աղետի: 2017թ. օգոստոսին Ախուրյանի ջրամբարում ոչ մի կաթիլ ջուր չմնաց, ջրամբարը դադարեց գոյություն ունենալ: Այդպիսի բան չէր եղել 1976թ. սկսած, այսինքն՝ այն պահից սկսած, երբ շահագործվում է Ախուրյանի ջրամբարը: Աղետի մեղավոր հռչակեցին վատ կլիմայական պայմանները. ջուրը քիչ է եղել, ամռանը շոգ է եղել, մի խոսքով՝ մեղավորը բնությունն է: Որևէ մեկի մտքով չանցավ, որ պատճառը կարող է լինել ջրի վատ կառավարումը:

Մասնավորապես, եթե դու ունես ինչ-որ քանակի ջուր և այն պետք է բաժանես տարվա վրա հավասարապես, բայց ոռոգման շրջանի առաջին ամիսների ընթացքում օգտագործում ես ամբողջ ծավալը, իսկ հետո տակը ոչինչ չի մնում: Հայաստանում պաշտոնյաները ապրում և աշխատում են մեկ օրվա, լավագույն դեպքում՝ մեկ ամսվա ռեժիմով, եթե այսօր կարելի է ծախել ամբողջ ջուրը, ինչու սպասել հաջորդ ամսվան, երբ այդ ջուրը ծախելու լիազորությունը այլևս ուրիշինը կլինի: Ախուրյանի ջրամբարի կառավարմամբ զբաղվում է «Ջրառ» ՓԲԸ-ն, բայց ոչ դրա ղեկավարը, ոչ Ջրային պետական կոմիտեի ղեկավարը, և ընդհանրապես որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, որովհետև ունեին, բարեբախտաբար, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը:

Հիմա ըստ էության տեղի է ունենում նույնը: Ախուրյանի ջրամբարից անվերահսկելի քանակությամբ ջրառ է իրականացվում, քանի որ Եփրեմյանը չգիտի՝ վաղը ինքը կլինի այդ պաշտոնին, թե ոչ: Հետո Գաբայանը ասել է, որ ջուր շատ են օգտագործել, մտածել են՝ ինչ անեն, որ ջրի հաշվեկշիռը լրացվի, ամենահեշտ լուծումը ջրառի դադարեցումն է: Մի քանի օր ջուր բաց չեն թողնում, անունը դնում են, թե ինչ-որ տեխնիկական խնդիրներ են լուծում, և այդպես շարունակ: Իսկ որ գյուղացիությունը զրկվում է ոռոգման ջրից, որ միայն անցյալ տարի տասնյակ ու հարյուրավոր հեկտար այգիներ չորացան ոռոգման ջրի բացակայությունից, որևէ մեկին չի հետաքրքրում, որովհետև դրա համար չկա պատասխանատվություն: Երբ գյուղացին պարտք է լինում ոռոգման ջրի համար, դիմում են դատարան, ԴԱՀԿ-ով տանում են նրա վերջին հավը, բայց երբ ջրային տնտեսության պատասխանատուներն են գյուղացուն զրկում ոռոգման ջրից, և չորանում են գյուղացիների դաշտերն ու այգիները, դրա համար պատասխանատվություն չկա:

Չնայած կա պայմանագիր, և երկու կողմերն էլ ունեն իրավունքներ ու պարտականություններ, բայց գյուղացին դատարան չի դիմի, նա իրավաբան ու փաստաբան չունի, կամ ով կլսի գյուղացուն: Չի եղել գեթ մեկ դատական վճիռ, որ գյուղացու օգտին լինի, լինի դա բանկի կամ ջրային տնտեսության հետ կապված: Բոլորը գիտեն, որ ամեն ինչում մեղավորը գյուղացին է:

Գյուղացին ջուր չի ստանում, բայց ով որ պետք է ստանում է: Օրինակ՝ «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Կարեն Եփրեմյանը այս տարի Արմավիր քաղաքի հարակից հողատարածքում 20 հեկտար ցորեն էր ցանել: Այդ հողատարածքը հարթեցնելու, ծառաբները հեռացնելու համար օգտագործվել էին «Ջրառ» ՓԲԸ-ի էքսկավատորները, վառելիքը և աշխատուժը: Ձրի ցանել էր, դե պարզ է՝ ձրի էլ ոռոգել: Մարդը տեսնում է, որ գյուղատնտեսությունը եկամտաբեր զբաղմունք է, միայն թե այդ ոնց է ստացվում, որ ինքը գյուղից ու հողից ոչինչ չհասկանալով եկամուտ է ստանում, իսկ ամբողջ կյանքը հողագործությամբ զբաղվող գյուղացին բողոքում է: Սա մի հանելուկ է, որ շատ մեծ տաղանդ պետք է ունենաս լուծելու համար:

Հ.Գ. Կարեն Եփրեմյանը ոչ միայն հաջողակ գյուղատնտես է, այլ նաև շինարար: Նա իր ֆեյսբուքյան էջում գովազդում է իրեն պատկանող շինությունը, որը գտնվում է Գնունու շինանյութի շուկայի հարևանությամբ: Այդ շենքի որոշ մասը կառուցվել է հայ գյուղացիության աջակցությամբ, նկատի ունենք՝ անցյալ տարվա էկոլոգիական աղետից ստացված եկամտով: Ում համար աղետ, ում համար՝ եկամտի աղբյուր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.