Նիկոլ Փաշինյանը բացահայտեց Մոսկվային սպառնացող վտանգը.

Lragir.am- ը Գրում է.

Ռուսաստանն ի վիճակի է կանխել ռեգիոնի ապակայունացումն ու Ադրբեջանի ռազմատենչությունը, եւ չեմ հավատում, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չի անի դա: Հուլիսի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այդ հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության ու կայունության հարցում փաստացի ուղիղ պատասխանատվություն դնելով Ռուսաստանի վրա:

Ընդ որում, այդ պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է, թե զուտ իրավա-պայմանագրային դաշտում՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերության տեսքով, թե իրական քաղաքական ռեժիմում եւ ռազմա-քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը առավել քան ցցուն բացահայտվեց երկու տարի առաջ ապրիլյան պատերազմի ընթացքում:

 

 

Անկասկած է, որ այդ պատերազմի իրավունքը Ադրբեջանը գնել էր հենց Ռուսաստանից, միլիարդավոր դոլարների սպառազինության տեսքով: Մի շարք հոդվածներով անդրադարձել եմ թեմային, արձանագրելով, որ Ադրբեջանը հենց Ռուսաստանից էր գնում այդ զենքը, քաջ պատկերացնելով, որ հենց այդ դեպքում է գնում նաեւ դրա կիրառման քաղաքական իրավունքը:

Զուգահեռ, Ռուսաստանը Հայաստանի իշխանության գործնականում որեւէ դիմադրության պայմաններում, Հայաստանի ոչիշխանական ընդդիմության կիրառմամբ չեզոքացնում էր Հայաստանի սուբյեկտությունը, այդպիսով էլ ավելի բացելով պատերազմի ճանապարհը: Խնդիրը անշուշտ Ադրբեջանին հաղթանակի հնարավորություն ընձեռելը չէր, այլ ծուղակ ներքաշելը, երբ Հայաստանն ի զորու չլինելով դիմադրել Արցախում՝ պետք է օգնության դիմեր Ռուսաստանին, որն էլ խաղաղապահ միջոցներով պետք է հաստատվեր արցախյան գոտում՝ Իրանի հյուսիսային սահմանին, փաստի առաջ դնելով թե Ադրբեջանին, թե Արցախը, թե Իրանին:

Հաշվարկը չարդարացավ, Հայաստանը դիմադրեց ազգ-բանակ տրամաբանությամբ, Ադրբեջանը չկարողացավ համեմատաբար լոկալ զորաշարժի պայմաններում ստեղծել այնպիսի խնդիրներ, որոնք հայկական կողմը ի զորու չլիներ չեզոքացնել միայնակ:

 

 

Ավելի լայն ռեսուրսի ներգրավումն արդեն հղի կլիներ որոշակի անկառավարելի իրավիճակով եւ հնարավոր է նաեւ Իրանի կոշտ միջամտությամբ: Ռուսաստանը քայլեր ձեռնարկեց քառօրյա պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, տեսնելով ռազմական ճանապարհով արցախյան գոտում հաստատվելու պլանի ամբողջ վտանգը, որ կարող էր հանգեցնել ընդհուպ Հայաստանի ու ռեգիոնի կորստի:

Դրանից հետո Ռուսաստանը ստիպված էր հրաժարվել այդ տրամաբանությամբ գործարքից, իսկ 2017 թվականի ամռանը ՌԴ նախագահ Պուտինը գործնականում ուղիղ տեքստով էր հայտնել Էրդողանին, որ հույս չկա, թե հնարավոր է իրականացնել շրջանների վերադարձ:

 

 

Այն փորձագիտական, տնտեսա-քաղաքական շրջանակները՝ թե հայաստանյան, թե ռուսական, որոնք փորձում էին Կրեմլին հավաստիացնել «կազանյան պլանի» կենսունակության հարցում, ընդհուպ ռազմական ներդրման ճանապարհով, գործնականում կանգնեցրին ռուսական քաղաքականությունը լիակատար սնանկության շեմին:

Ներկայում այդ քաղաքականությունը վերջնական սնանկացումից փրկելու միակ տարբերակը ռեգիոնալ անվտանգությունն ու կայունությունը ապահովելն է եւ այն, ինչ հիշեցնում կամ շեշտադրում է Հայաստանի վարչապետը, իրականում հիշեցում է հենց այդ մասին, որ պատերազմը կտրելու է Ռուսաստանի ու Հարավային Կովկասի վերջին թելը, որովհետեւ այդ պատերազմում Ռուսաստանը կամ պետք է օգնի Հայաստանին ջախջախել Ադրբեջանին, կամ Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելն են ջախջախելու Հայաստանին՝ Ռուսաստանի հետ միասին:

 

 

Ադրբեջանին ջախջախելը Ռուսաստանի ծրագրերի մեջ չէ, ըստ այդմ Մոսկվային մնում է  ամեն գնով պահել անվտանգության ու կայունության ռեգիոնալ իրավիճակը, իր ներկայության վերջին թելը, մինչ Մոսկվայի համար հնարավոր կլինի վերաիմաստավորել իր քաղաքականությունը: Դա չափազանց բարդ ու տեւական գործընթաց է լինելու, որն ի դեպ հնարավոր չէ իրականացնել առանց Հայաստանի:

Ահա այդ համատեքստում է նաեւ այն, որ առաջին հայացքից Մոսկվայի համար վտանգավոր թվացող կամ ներկայացվող, կամ կարծրատիպերի ազդեցության տակ ընկալվող Հայաստանի ներքին ռեֆորմների վտանգավորությունն իրականում Մոսկվայի համար ռեգիոնալ քաղաքականության ու դերի վերաիմաստավորման շանս է, ինչը սակայն փորձում են ամեն կերպ խլացնել թե Հայաստանի նախկին համակարգի տարբեր խմբեր ու շահառուներ, թե նրանց ռուսաստանյան գործընկերները, թե Ադրբեջանն ու Ռուսաստանի նրա գործընկերները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.