ՊԵԿ ծանր գինը. Նիկոլ Փաշինյանը չի փրկի վիճակը...

Lragir.am-ը գրում է.

 

Եթե թվում է, որ մենք կարող ենք նշանակել հրեշտակի թեւերով, բացարձակապես մաքուր անձանց, ապա սխալվում եք, լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ-ը նոր իշխանության թերեւս ամենախնդրահարույց կառույցներից մեկն է, որտեղ կատարված նշանակումները ամենից շատ են հարցեր առաջացրել հանրության շրջանում: Նշանակվել կամ համակարգ են վերադարձվել մարդիկ, որոնք եղել են նախկին կոռուպցիոն համակարգի մասնակից, ընդ որում որոշ դեպքերում առանցքային մասնակից: Միաժամանակ եղել են այս կամ այն օդիոզ կերպարի հետ այս կամ այն կապի տեսքով նշանակումներ: Իհարկե եղել են հետագայում նաեւ արագ ազատումներ, այդպիսի օրինակներ էլ կան: Նույնիսկ եղել է օպերատիվ հետախուզության պետ Կարեն Կարապետյանի  գործը, որով զբաղվել է ԱԱԾ-ն:

Այդ ամենով հանդերձ, ՊԵԿ նշանակումների վերաբերյալ հարցերը շարունակվում են, եւ Դավիթ Անանյանը ստիպված է անընդհատ գտնել դրանց պատասխաններ: Պատասխանների հաջողությունը կամ համոզչությունը հարաբերական է:

Օրինակ, երբ Անանյանը հայտարարում է, որ կարեւոր է այն, թե ինչպես է աշխատում կառույցն ու իրենք չեն մնում նշանակումների գերի, նա իհարկե իրավացի է: Կարեւորն այն է, որ կառույցն աշխատի եւ ապահովի բյուջեի մուտքերը, եւ կարեւոր է, որ ՊԵԿ ղեկավարությունը հետեւի նշանակած կադրերին եւ վատ աշխատանքի կամ այլ դեպքերում չվարանի ազատվել այդ կադրերից:

Մյուս կողմից կարեւոր է, որ այդ աշխատանքով հանդերձ, ՊԵԿ-ը արմատապես փոխի իր վարկը: Իհարկե, այն մնալու է փող հավաքող կառույց, սակայն կարեւոր է, թե ինչպես է հավաքվում այդ փողը, ովքեր են հավաքում, ումից, ինչ տեսքով: Բանն այն է, որ ՊԵԿ աշխատանքը անմիջականորեն ազդում է հանրային տրամադրությունների, բիզնես սպասումների վրա, եւ կառույցը առանցքային է նաեւ ոչ միայն փող հավաքելու, այլ տրամադրություն, սպասում ձեւավորելու տեսանկյունից:

Երբ ՊԵԿ նախագահն օրինակ ասում է, թե հրեշտակի թեւեր ունեցողների չեն կարող նշանակել, դա պարզ մանիպուլյացիա է, կամ Դավիթ Անանյանը չի պատկերացնում, թե ինչ իրավիճակում եւ ինչ կարգավիճակում է հայտնվել ինքը:

Որովհետեւ, երբ հանրության տարբեր խմբեր բարձրացնում են ՊԵԿ կադրային քաղաքականության հարցը, ապա ամենեւին հրեշտակների չէ, որ սպասում են, կամ բացարձակապես մաքուր անձանց, այլ սպասում են նոր եւ հանրայնորեն չվարկաբեկված անձանց: Իսկ չվարկաբեկվածն ու հրեշտակը հոմանիշներ չեն: Ըստ այդմ պետք չէ խնդիրը բացարձակացնել հասկացությունների ու ածականների մակարդակում, իրական մակարդակում դրա առկայությունը քողարկելու կամ նենգափոխելու համար:

Դա հատուկ էր նախորդ իշխանությանը եւ ՊԵԿ նախկին ղեկավարներին, որոնց հրապարակային պատասխանները գործնականում ոչնչով չեն տարբերվել Դավիթ Անանյանի պատասխաններից: Նրանք էլ ասում էին, թե ՊԵԿ-ն անընդհատ ինքնամաքրվող կառույց է եւ հանրությանը ներկայացնում էին գերակատարումների վիճակագրությունը, իսկ թե այդ գերակատարումները բիզնեսի հետ ինչ որակի աշխատանքով են ապահովվել, հուզում էր քչերին, իսկ նրանց՝ ՊԵԿ ղեկավարներին, հուզում էր միայն խոսքով:

Նրանք էլ այս կամ այն արատավոր պրակտիկայի մասին հարց լսելիս պատասխանում էին, թե իրենք չեն տվել այդպիսի հրահանգ, եւ դրանով հարցը համարում էին փակված: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում, որ բիզնեսին պետք չէ ծանրաբեռնել, ապա մենք պետք է ազատվենք այդ մարդկանցից, ասում է Դավիթ Անանյանը: Ու կարծես թե ճիշտ է ասում, սակայն բանն այն է, որ մարդիկ ազատվում են, իսկ բիզնեսը այդ մարդկանցից չի ազատվում: Հետեւաբար, կամ ՊԵԿ ղեկավարությունն է նրանց սխալ բացատրում իրենց գործառույթը, կամ ինչ որ այլ լուրջ բան է սխալ, եթե ՊԵԿ ղեկավարության նշանակումների շոշափելի մասը խնդիրները ճիշտ չհասկացող մարդիկ են: Ինչու՞ են հենց նրանք հայտնվում ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Ինչ խոսք, հասկանալի է, որ հարցը, ոլորտը շատ նուրբ է: Երկրում տեղի է ունենում կոռուպցիոն համակարգից անցում դեպի օրինական հարաբերությունների համակարգ, որտեղ գերական օրենքն է: Մյուս կողմից, այդ անցումը, ինչպես ցանկացած այդօրինակ տրանսֆորմացիա՝ լինի թավշյա, թե արմատական, անխուսափելիորեն ենթադրում է գին: Ցանկացած պետության համար է այդ գինը ցավոտ, առավել եւս պետության, որը պատերազմում է: Պատերազմող պետության համար առավել լուրջ եւ զգալի է դառնում կոռուպցիոն մեխանիզմներից օրինականի անցումը, քանի որ այդ կոռուպցիոն մեխանիզմները նաեւ անվտանգության եւ պաշտպանության խնդիրների լուծման շրջանակն են ներառել:

Հետեւաբար, առանցքային է դառնում հատկապես այդ ոլորտում փոփոխության գին թույլ չտալը: Դա կենսական հրամայական է: Իսկ պատերազմող պետության պարագայում ինչ որ առումով ռազմական գործառույթ է կառարում նաեւ ՊԵԿ-ը, որը հատկապես կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման պայմաններում պետք է ապահովի պաշտպանական, անվտանգային համակարգի վրա փոփոխության գնի ազդեցության բացառումը՝ ապահովելով պետական եկամուտների կայուն հավաքագրում:

ՊԵԿ առաջ այդ խնդիրը չէր լինի թերեւս, եթե Հայաստանն ունենար խոշոր՝ միլիարդավոր դոլարների ներդրումային հոսքերի աղբյուրներ: Դա չկա, այսինքն չկա գինը փոխհատուցող «դոնոր»: Հետեւաբար, այստեղ բեռը մնում է ՊԵԿ վրա:

Իսկ ոլորտում արմատական փոփոխություններն իրենց մեջ պարունակում են եկամուտների հավաքագրման նվազման, հետեւաբար որոշակի անկայունության ռիսկ: Ակնհայտ է, որ ՊԵԿ նոր ղեկավարության առաջ դրված է այդ կայունության խնդիրը, եւ այն փորձ է արվում լուծել կադրային հեղափոխությունից զերծ մնալով, պարզապես փորձելով կադրերի առաջ դնել նոր խնդիրներ:

Իսկ այստեղ արդեն առաջանում է մեկ այլ խնդիր, որը առավել զգալի կարող է դառնալ ավելի ուշ: Խոսքն այն մասին է, որ առաջանում է խզում՝ ՊԵԿ եւ թավշյա հեղափոխության գործընթացի միջեւ:

Հեղափոխությունը ՊԵԿ-ում կարող է հետ ընկնել, կամ ՊԵԿ-ը կարող է հետ ընկնել հեղափոխությունից: Արժե խորհել այդ մասին եւ կարողանալ արդյունքին զուգահեռ ապահովել նաեւ վերափոխումն ու բիզնեսի մոտ թավշյա հեղափոխությունից եկած ոգեւորության պահպանումը: Այլապես, փոփոխության գնի կառավարման հուսալի թվացող գործընթացը կարող է կտրուկ վերափոխվել անկառավարելիության կամ «արժեզրկման», ըստ այդմ թե մեծացնելով, թե անխուսափելի դարձնելով այդ գինը տնտեսության համար: Ու ՊԵԿ նախագահին նշանակելու որոշմանը Նիկոլ Փաշինյանի գերի չլինելն այդժամ չի շտկի իրավիճակը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.