1000 դրամների հիմնադրամը խտրական մոտեցում է ցուցաբերել. Forrights.am

Forrights.am-ը Գրում է.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը դրամական փոխհատուցում կտրամադրի 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և մեկ հաշմանդամ զինծառայողի։ Որոշումը մայիսի 15-ին կայացրել է Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը։ 

 

Այսպես, 2017 թվականի նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը, և մահացած Սարգիս Մելիքյանի և Սարգիս Աբրահամյանի ընտանիքները միանվագ կստանան 10-ական միլիոն դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 դրամ։ Նույն չափով և կարգով փոխհատուցում կստանա նաև 2018-ի ապրիլի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Գևորգի Հարությունյանի ընտանիքը։ Գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին: 

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն հետաքննել է 2017 թվականի նոյեմբերի 21-ի ականի պայթյունի դեպքը, որն ավարտվեց 3 զինծառայողի մահով և 1-ի՝ վիրավորումով։ Մենք այցելել ենք մահացածների ընտանիքներին, պարբերական հրապարկումներ ենք կատարել ինչպես նրանց, այնպես էլ վիրավոր Նարեկ Հովեյանի մասին։ Մինչ փոխհատուցման որոշումը տուժած զինծառայողների ընտանիքները Պաշտպանության նախարարության կողմից անուշադրության են արժանացել, եթե չհաշվենք դրամական փոքրիկ օգնությունները։ Օրինակ՝ պետական գերատեսչությունը գոնե մեկ անգամ չի կապվել ընտանիքի հետ ու չի հետաքրքրվել աչքը կորցրած Նարեկ Հովեյանի առողջական վիճակով։  

 

Հետաքրքրական է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մայիսի 15-ի որոշմամբ փոխհատուցում չի տրամադրել ականի պայթյունի երրորդ զոհի՝ սպա Գեղամ Զաքարյանի ընտանիքին։ Փաստորեն, Հիմնադրամը անհավասարության նշան է դրել լեյտենանտ Գեղամ Զաքարյանի և 3 ժամկետային զինծառայողների միջև՝ որոշելով սպայի ընտանիքին չտրամադրել դրամական փոխհատուցում։ 1000plus.am կայքի «Հատուցումներ» բաժնում բացակայում է Գեղամ Զաքարյանի անունը։ Թե ինչ հիմքով է այսպիսի որոշում կայացվել, անհասկանալի է և Հիմնադրամը որևէ կերպ չի մեկնաբանում։ 

Թերևս կարող ենք միայն ենթադրել՝ համադրելով մեր ձեռքի տակ եղած փաստերը։ 22-ամյա լեյտենանտ Գեղամ Զաքարյանը ականի ողբերգական պայթյունից 3 ամիս առաջ էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ու որպես սակրավորական վաշտի սպա ծառայության անցել Մարտակերտի զորամասում։ 

 

Հայտնի է, որ ական տեղադրելու գործողությունը ղեկավարել է հենց նա։ Զոհված 2 զինծառայողների և վիրավոր Նարեկ Հովեյանի հարազատները համոզված են՝ ականի պայթյունը չէր լինի, եթե իրենց որդիների հետ ական տեղադրելու ուղարկված սպան անփորձ չլիներ։ Արդյո՞ք նոյեմբերի 21-ի ականի պայթյունից մահացած և վիրավորված զինծառայողների ընտանիքները ստանալու են փոխհատուցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, 2018-ի փետրվարի 20-ին այսպիսի հարցով դիմել էինք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։ 

Մարտի 14-ին ՊՆ-ից ստացանք հուսահատեցնող պատասխան։ Վիգեն Սարգսյանի ղեկավարած կառույցը հայտնում էր, որ լեյտենանտ Գեղամ Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Մելիքյանը, Սարգիս Աբրահամյանը զոհվել են հատուկ առաջադրանք կատարելիս, սակայն համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի՝ տեղի ունեցած դեպքը որպես հատուցման դեպք չի կարող համարվել, եթե «զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է»։  

 

 

ՊՆ-ն նաև նշել է, որ ականից տուժած զինծառայողների նկատմամբ օրենքի կիրառման հարցը կքննարկվի քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի տրամադրած տեղեկատվության հիման վրա։ Ելնելով Պաշտպանության նախարարության պատասխանից, թե փոխհատուցման որոշումը քննարկվում ինչից հետո է կայացվում, կարելի է եզրակացնել, թե ինչու Գեղամ Զաքարյանի ընտանիքը փոխհատուցում չի ստացել։ 

Հավանաբար, նախաքննական մարմինը համարել է, որ հատուկ գործողությունը ղեկավարած լեյտենանտը կանխամտածված օրինազանցություն է կատարել և ինքն իրեն մահ պատճառել, այդ հիմքով էլ Հիմնադրամը սպայի ընտանիքին փոխհատուցում չի տրամադրել։ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է մահացած սպայի ընտանիքին և հասարակությանը համոզիչ պատասխան տրամադրել։ Բայց եթե պատճառաբանությունն իսկապես մեր ենթադրածն է, այն անհամոզիչ է և հարցեր է առաջադրում՝ Գեղամ Զաքարյանը կանխամտածված օրինազանցություն կատարելու ի՞նչ պատճառ ուներ և ինչպես է այդ վարկածը հիմնավորվել։ 

 

Այստեղ պետք է առանձնացնել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բացասական գործոնը։ Մեզ մեր հարցմանն ի պատասխանում հատուկ մեջբերել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետը, ըստ որի՝ տեղի ունեցած դեպքը որպես հատուցման դեպք չի կարող համարվել, եթե «զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է»։ 

Սրանից հետևում էր, որ Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 21-ի ականի պայթյունի դեպքի մասին ուներ ուրույն մոտեցում՝ զինծառայողներն իրենք են մեղավոր իրենց մահվան մեջ և պետք է նրանց ընտանիքները փոխհատուցում չստանան։ Եթե Վիգեն Սարգսյանն ի սկզբանե տուժած ընտանիքների նկատմամբ մերժող դիրքորոշում չէր որդեգրել, ապա ինչո՞ւ էր մեջբերվում Օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետը։ Ստացվում է՝ հատուկ գործողության մասնակցած զինծառայողների ընտանիքները փոխհատուցում չէին ստանալու, եթե նախարարի փոփոխություն տեղի չունենար։ 

 

Որպես հավելյալ տեղեկություն նշենք, որ նոյեմբերի 21-ի ականի պայթյունից մահացած և վիրավոր զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամից փոխհատուցում տրամադրելու որոշում է կայացվել մայիսի 15-ին, որից 4 օր առաջ Պաշտպանության նախարար էր նշանակվել Դավիթ Տոնոյանը:

 

Ռոբերտ Անանյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.