Մեկնարկը տրված է. ո՞վ է լինելու Նիկոլ Փաշինյանի մրցակիցը

1in.am - ը Գրում է.

 

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները. այսօր հայտարարել է Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցությունը` տեղեկացնելով, թե մտադիր չէ քաղաքապետի թեկնածու առաջադրել և մասնակցել վաղն առավոտյան կայանալիք ավագանու նիստին, որի օրակարգային միակ հարցը հենց Երևանի նոր քաղաքապետ ընտրելն է: Երեկ նույնաբովանդակ հայտարարություն արդեն տարածել էր «Ելք» դաշինքը:

 

 

Այսպիսով` Երևանի ավագանու վաղվա նիստի շուրջ ստեղծված քաղաքական համատեքստն ամբողջանում է. առաջադրված միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է, ով թեև իր կողմնակիցներին առավոտյան ժամը 10-ին հրավիրել է քաղաքապետարանի մոտ` զորակցության հանրահավաքի, սակայն քաղաքապետ ընտրվելու նույնիսկ տեսական հնարավորություն չունի. ավագանու նիստը պարզապես չի կայանալու, ինչը ենթադրում է, որ մայրաքաղաքի ներկայացուցչական, ընտրովի մարմինն օրենքի ուժով արձակվելու է` ճանապարհ բացելով մայրաքաղաքային արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Ակնհայտ է, որ ավագանու վաղվա նիստի սցենարի հարցում որոշակի պայմանավորվածություն կա Նիկոլ Փաշինյանի և հեռացող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմերի միջև, իսկ Զարուհի Փոստանջյանը չունի քաղաքական և հանրային ռեսուրսներ` իրավիճակի վրա ազդելու համար:

Խնդիրները առաջանալու են վաղվանից հետո. օգոստոսի տապին Երևանը ներքաշվելու է քարոզչարշավի մեջ` նոր քաղաքային իշխանություն ձևավորելու նպատակով:

 

 

Այս ընտրությունները խիստ սկզբունքային նշանակություն ունեն, որովհետև, ըստ էության, խորհրդարանական ընտրությունների մանրակերտն են կամ առնվազն ստեղծելու են այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում տեղի են ունենալու ԱԺ նախընտրական գործընթացները, ձևավորվելու է որոշակի կոնֆիգուրացիա, որի ընդերքից ծնվելու են ապագա իշխանությունն ու ընդդիմությունը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները դառնալու են Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթաթուղթը քաղաքական բազմաշերտ հարաբերություններում:

Խիստ հավանական է, որ ՀՀԿ-ն չմասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ևս, համենայն դեպս` դա կլինի կանխատեսելի որոշում այսօրվա հայտարարությունից հետո: Սա ինքնին ենթադրում է, որ հակահեղափոխության ռևանշի ռիսկերը չեզոքացվում են արդեն մինչև խորհրդարանական ընտրությունները: Դա մի կողմից հեղափոխության քաղաքական հաղթանակի տրամաբանական դրսևորումն է, մյուս կողմից` Փաշինյանին ավելի անկաշկանդ է դարձնում, այսպես կոչված, հեղափոխությանն աջակից ուժերի հետ հարաբերություններում: Եթե վերանում է հակահեղափոխական ռևանշի ռիսկը, ապա վերանում է նաև` այսպես կոչված, հեղափոխական ռեժիմը սպասարկող ֆորմատների, դաշինքների, միասնական ցուցակների գոյության անհրաժեշտությունը: Այս տրամաբանությունը խոսում է այն վարկածի օգտին, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը միայնակ է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

 

 

Հայաստանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով թևակոխում է ընտրական մեծ ցիկլի մեջ, որը մի կողմից կապիտալիզացնելու է հեղափոխության հաղթանակը, մյուս կողմից` հստակեցնելու է քաղաքական դաշտը, ինչի հետևանքով օբյեկտիվորեն ձևավորվելու է նոր ընդդիմություն:

Հենց այստեղ առաջ են գալիս առաջին լուրջ մտահոգությունները, որովհետև առայժմ քաղաքական դաշտում տեսանելի չէ այն պոտենցիալը, որը դեմոկրատական հակակշիռ ստեղծելու հնարավորություն կտա: Մյուս կողմից` իշխանությունը նույնպես ռացիոնալ դեմք ունենալու անհրաժեշտություն ունի, որովհետև հեղափոխության էյֆորիայով ձևավորված բարենպաստ համատեքստը կարող է գործել մինչև խորհրդարանական ընտրությունները:

 

 

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն, ըստ էության, վերացնում են նաև այն քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերը, որոնց հիման վրա ձևավորվել է գործող ժամանակվոր կառավարությունը. ԲՀԿ- ն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է մայրաքաղաքի ընտրություններին և, ըստ ամենայնի, լինելու է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի քիչ թե շատ լուրջ մրցակիցը: Ակնհայտ է, որ ընտրական գործընթացի մրցակիցները չեն կարող արդյունավետ աշխատել նույն կառավարությունում: Այս իմաստով ավագանու վաղվա նիստը սահմանագծային, նշանային գործընթաց է, որով տրվում է ընտրական մեծ կամպանիայի մեկնարկը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.