Ում կարծիքն են հարցնում, որ իմն էլ հարցնեին․ Դավիթ Լոքյանը խաբե՞լ է վարչապետին

Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո։ Այդ մասին կառավարության նիստում նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ հիմնավորելով, որ դպրոցն ունի ընդամենը 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք։ «Դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չեն հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում, և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում»,- ասաց Լոքյանը։

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Խարազյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հակադարձեց Դավիթ Լոքյանին։ Նրա խոսքով՝ ճիշտ է, դպրոցում աշակերտների թիվը քիչ է, բայց կրթության որակը շատ լավ է։ Եվ հետո դպրոցը գտնվում է քաղաքից կտրված առանձին թաղամասում, որտեղ հաճախում են սպայական կազմի երեխաներ։ Այդ թաղամասի շենքերը լավ վիճակում չեն, դրանով է պայմանավորված, որ մարդիկ հեռանում են այդ թաղամասից, երեխաների թիվը նվազում է, բայց վերջին շրջանում թաղամասում գտնվող շենքերը նորոգել են, եվրոպական չափանիշների նորոգում է իրականացվել, և շատ արագ թաղամասում մարդկանց, բնակիչների, հետևաբար նաև երեխաների թիվը կաճի։

Նշենք, որ Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը հիմնվել է 1990 թ., գործել է ռուսական բանակին կից զորամասում որպես ռուսական դպրոց, այնուհետև

հայկական բանակի կազմավորումից հետո դարձել է հայկական միջնակարգ դպրոց: 2010-2011 ուստարվանից դարձել է հիմնական դպրոց:

«Պարզապես պետք էր մի քիչ սպասել, ոչ թե դպրոցը փակել ու երեխաներին ստիպել 3 կիլոմետր ճանապարհ կտրել-անցնել դպրոց հասնելու համար։ Բայց մեզ ոչ ոք չլսեց, մարզպետին, քաղաքապետին գրված մեր, ծնողների բոլոր դիմումները, ըստ էության, անհետևանք մնացին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Խարազյանը։ Վերջինս նաև նշեց, որ որոշումը կայացնելիս իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Նշենք, սակայն, որ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը

Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ հարցը տեղում համաձայնեցվա՞ծ է։ Լոքյանն էլ պատասխանեց․«Բոլորը գիտեն, հարցը բավական երկար քննարկվել է»։

«Մինչև որոշում կայացնելը պետք է իմ կարծիքը հարցնեին, եթե արդեն որոշումը կայացվել է, էլ ի՞նչ իմաստ ունի իմ կարծիքով հետաքրքրվել»,- ասաց Խարազյանը։ Այսինքն՝ Ձեր կարծիքը չե՞ն հարցրել որոշում կայացնելուց առաջ՝ հարցին դպրոցի տնօրենը պատասխանեց․«Ոչ, ինչու պետք է հարցնեին։ Ում են հարցնում, որ ինձ էլ հարցնեին։ Մենք միայն գիտեինք, որ նման նախագիծ կա, բայց ոչ մեկը չի հետաքրքրվել մեզանից՝ ուզում ենք, չենք ուզում, ճիշտ է դպրոց փակելը, թե սխալ»։

Տիկին Խարազյանի խոսքով՝ պարզ չէ նաև, թե ինչ է լինելու աշխատակազմի, ուսուցչական անձնակազմի հարցը. կկարողանա՞ն նրանք նոր դպրոցում աշխատանք գտնել, թե՞ ոչ։ «Մենք այդ հարցը ևս բարձրացրել ենք, հարցում ենք արել և որպես պատասխան ստացել ենք, որ իրենք մեր մասին մտածում են»,- նշեց տնօրենը։

Դպրոցի փակմանը դեմ են նաև ծնողները, ովքեր դեռ ամառվանից, երբ լուրերը շրջանառության մեջ դրվեցին, սկսել են հետաքրքրվել, դիմումներ գրել պատկան մարմիններին, հայտնել իրենց մտահոգությունը, սակայն անօգուտ։ «Մենք չենք պատկերացնում, թե ոնց է լինելու։ Առաջին դասարանի երեխան ոնց կարող է էդքան ճանապարհ անցնել։ Ոչ էլ ասում են, թե ինչ տրանսպորտ են տրամադրելու, տրամադրելո՞ւ են, թե՞ ոչ։ Աբսուրդ որոշում է։ Մեր թաղամասին շատ հարմար էր այս դպրոցը։ Փող

խնայելու տասնյակ այլ ճանապարհներ կան։ Պետք չէր դա անել դպրոցներ փակելու հաշվին»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց ծնողներից մեկը։

Որոշումը, սակայն, վերջնական է։ Դպրոցը կդադարի գործել 2018-ի հունիսից։ Այսինքն՝ եկող նոր ուսումնական տարվանից Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը կփակվի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am