Գործարարներն ահազանգում են. 3 ամիս ժամանակ են սահմանել.

Lragir.am -ը Գրում է.

Գործարարները վերջին օրերին ահազանգում են, որ ներկրումների ժամանակ մաքսային մարմինները դարձյալ հսկիչ գներ են կիրառում: Այնինչ, նոր կառավարության ձևավորումից հետո առաջին օրերին գործարարները որպես դրական գործընթաց էին համարել այն, որ սահմանին ապրանքները մաքսազերծվում էին ինվոյսային արժեքով, եթե ներկայացվում էր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Խնդիրն այն է, որ հսկիչ գներով մաքսազերծումը ավելի թանկ է, բացի այդ, նախկինում կատարվել է կամայանություններով և, ինչպես գործարարներն են ասում, դրա պատճառով հենց սահմանից խաթարվել է մրցակցությունը: Եվ հիմա մտավախություն կա, որ դարձյալ նախկին գործելաոճը կորդեգրվի:

Վերջին օրերի ահազանգերը քննարկելու համար Պետական եկամուտների կոմիտեի նախագահի մաքսային գծով տեղակալ Արա Գաբրիելյանն այսօր ընդունել է գործարարների խմբի: Հանդիպման մասնակիցներից «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը  Lragir.am-ի  հետ զրույցում մանրամասներ հայտնեց:

 

 

«ՊԵԿ ղեկավարությունն ասում է՝ հսկիչ գները կողմնորոշիչ գներ են, մենք առանց դրանց չենք կարող: Մենք էլ ասում ենք՝ իսկ ինչպե՞ս մեկ ամիս կարողացանք առանց դրա աշխատել: Պայմանավորվեցինք երեք ամիս ժամանակ սահմանել, որպեսզի տեսնենք, թե ինչպես ենք կարողանում աշխատել, իրենք ինչ են կարողանում փոխել: Մեզ խնդրեցին, որ ցուցակով բոլոր ռիսկերն այդ ընթացքում ներկայացնենք իրենց: Արա Գաբրիելյանը մեզ հավաստիացրեց, որ այդ 3 ամիսը կօգտագործի՝ դաշտը մաքրելու համար»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ հսկիչ գներն իրականում կողմնորոշիչ գներ են, բայց ՊԵԿ ղեկավարությանը գործարարները ներկայացրել են, որ շատ դեպքերում հսկիչ գները 10-20 անգամ ավելի են իրական գներից: «Ասացին, որ դա պետք է փոփոխվի, տեսնենք»,- հավելեց Գրիգորյանը:

Գործարարները պահանջում են, որպեսզի ինվոյսային արժեքով լինի մաքսազերծումը, հակառակ դեպքում հնարավոր է մրցակցությունը նորից խաթարվի: «Մենք հենց այդ նկատառումներով գնացինք, որ զգուշացնենք, որ նախկինում հսկիչ գին հասկացությունը հենց օգտագործվում էր կոռուպցիոն ռիսկեր ստեղծելու համար: Հսկիչ գները շատ դեպքերում շատ բարձր էին, ինչի պատճառով կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում: Եթե հիմա էլ համատարած կիրառվեն հսկիչ գներով մաքսազերծման մեթոդները, միանշանակ նախկին կոռուպցիոն ռիսկերն են առաջանալու: Հայաստանում հսկիչ գները շատ խիստ են տարբերվում իրական գներից: Կան դեպքեր, որ շատ ցածր են, կան դեպքեր, որ բարձր են անգամ 20-30 անգամ: Իսկ եթե պետական պաշտոնյան հնարավորություն ունի կամայականություն գործադրելու, վաղը-մյուս օրը դա անպայման կբերի կոռուպցիայի»,- ասում է գործարարը:

Ըստ Սամսոն Գրիգորյանի՝ իրենք ՊԵԿ ղեկավարությանը հարցադրում են արել՝ ինչո՞ւ են բոլոր գործարարները համարվում հնարավոր խաբողներ ու գողեր, ինչո՞ւ պետությունը նրանց չի դիտարկում որպես գործընկերներ:

 

 

«Այսինքն՝ բոլորի նկատմամբ կիրառում են կողմնորոշիչ գները, ճիշտ չէ այդ մոտեցումը: Իրենք էլ համաձայնեցին մեզ հետ, որ դա ճիշտ մոտեցում չէ, ավելի ճիշտ կլինի քիչ-քիչ գալ նրան, որ կեղծարարներն առանձնացվեն մաքուր աշխատողներից: Որոշ բաներ էլ ասացին, որ չեն կարող փոխել, որովհետև ԵՏՄ պահանջն է, ինչը մեր բիզնեսի համար եթե կործանարար չէ, գոնե շատ վատ է»,- հավելեց նա:

Նշենք, որ ինվոյսային արժեքով մաքսազերծում իրականացնելու համար գործարարը մաքսային մարմիններին պետք է ներկայացնի հաշիվ-ապրանքագիր, ինչպես նաև փաստաթղթերի ցանկ: Բայց, ըստ գործարարի, այստեղ էլ խնդիր կա:

«Ինչքան էլ դու ամբողջ թղթերն ապահովես, միևնույն է, եթե հսկիչ գնի 50 տոկոսից պակաս է քո ինվոյսում գրված, ապա այդ 50 տոկոսն է կիրառվելու: Մենք դա համարում ենք անարդարացի, որովհետև կան կոնկրետ օրինակներ, որ հսկիչ գինը իրական գնից 10 անգամ բարձր է: Հիմա այս ժամանակի ընթացքում այս հարցերին էլ պետք է լուծում տան, նրանք ասացին, որ մեզ հետ աշխատելու են, հսկիչ գները վերանայվելու են: Ժամանակը ցույց կտա, մենք մեր կողմից ամեն կերպ աջակցելու ենք ՊԵԿ-ին»,- հավելեց նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.