1in.am- ը Գրում է .
Երևանի ընդհանուր իրավաության դատարանի՝ Նոր Նորքի տարածքում գտնվող նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ սկսվեց Օնիկ Մկրտչյանի գործով դատական քննությունը:
27-ամյա Օնիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում՝ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի դիմաց, Օնիկ Մկրտչյանը վիճաբանել է 1953 թվականին ծնված Գագիկ Հովհաննիսյանի հետ:
Վերջինս հայտնի էր «Կուճի» մականունով: Ըստ տեղեկությունների՝ տուժողը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, այդ թվում նաև՝ իր եղբոր սպանության համար…
Ըստ այս գործով առաջադրված մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը 12-13-ի սահմաններում իր տան առաջ գտնվող 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանը անհասցե հայհոյանքներ է տվել: Օնիկ Մկրտչյանը նրան դիտողություն է արել, ինչի արդյուքում վիճաբանություն է առաջացել:
Վիճաբանության ժամանակ Օնիկ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, սևեռվող շեղբ ունեցող զսպանակային ծալովի դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հովհաննիսյանին, պատճառել է ծանր վնասվածքներ ձախ քունքային շրջանում, կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, վնասել է տուժողի սրտապարկը, սիրտը: Ստացած վնասվածքներից Գագիկ Հովհաննիսյանը մահացել է:
Տուժողի դիակը հայտնաբերվել է իր տանը՝ խոհանոցի հատակին:
Օնիկ Մկրտչյանը դատարանում հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը:
Դատարանը հետազոտեց քրեական գործի երկու հատորներում առկա գրավոր ապացույցները:
Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ Գագիկ Հովհաննիսյանի դիակը հայտնաբերվել է իր տան խոհանոցային հատվածում: Դիակն ընկած էր հատակին: Դիակի տակ՝ հատակին, արյան հետքեր էին առկա: Արյան հետքեր կային դիակից ոչ հեռու գտնվող լվացարանի, դրա ներքևի հատվածում առկա սփռոցի վրա:
Լվացարանից քիչ հեռու գտնվում էր լվացքի մեքենան, որի վրա, ինչպես նաև լվացքի մեքենայի վրա առկա սփռոցի վրա նույնպես կային արյան հետքեր: Այդ բոլոր հետքերից բամբակի խծուծներով վերցվել են արյան նմուշներ:
Լվացքի մեքենայի վրա խոհանոցային դանակ է եղել, որը հատուկ փոշիով մշակման է ենթարկվել, մատնահետքեր չեն հայտնաբերվել:
Խոհանոցում առկա են եղել սպասքի պարագաներ, մեքենայի պահեստամասեր: Հայտնաբերվել է «Ախթամար» ծխախոտի տուփ, որի մեջ եղած գլանականերից մեկի ֆիլտրը պոկված էր: Այդ և տուփի մեջ առկա մյուս գլանակների պարունակությունն ուղարկվել է փորձաքննության, պարզվել է՝ միայն տվյալ գլանակի մեջ առկա էր կանեփի զանգված:
Դեպքի վայրի զննության արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց հետևյալ հանգամանքների վրա՝ խոհանոցում գտնվող լվացքի մեքենայի, այն ծածկող սփռոցի վրա առկա են եղել արյան հետքեր, նույն լվացքի մեքենայի վրա հայտնաբերվել է նաև խոհանոցային դանակ, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի առգրավվել և չի հետազոտվել՝ դրա վրա արյան հնարավոր առկայությունը պարզելու նպատակով:
Մեղադրողը հիշեցրեց, որ դանակը, ըստ հետազոտված արձանագրության, մշակվել է հատուկ փոշիով և մատնահետքեր չեն հայտնաբերվել: Ըստ մեղադրողի՝ դրանից ելնելով էլ տվյալ դանակը չի առգրավվել ու հետազոտման չի ուղարկվել:
Փաստաբան Երեմ Սարգսյանը չհամաձայնեց մեղադրողի դիրքորոշման հետ և ասաց՝ եթե դանակի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, չի նշանակում, որ արյան հետքեր էլ չէին հայտնաբերվի: Ինչ-որ մեկը այդ դանակը տեղափոխել, դրել էր լվացքի մեքենայի վրա՝ դիակի ընկած վայրի հարևանությամբ…
Մեղադրողը իր հերթին չհամաձայնեց պաշտպանի ենթադրությանը և պնդեց, որ դիակն ընկած է եղել խոհանոցում, որտեղ մեծ քանակությամբ սպասքի պարագաներ կային, այդ թվում՝ կար դանակ. «Խոհանոցային հատվածում գտնվող դանակը չեմ կարծում, թե կարող էր հետաքրքրություն ներկայացնել»,- ասաց մեղադրողը:
Փաստաբան Ե. Սարգսյանը հայտարարեց. «Սա կանխակալության ակնհայտ դրսևորում է: Մեղադրանքի կողմը պարտավոր է բազմակողմանի քննություն անցկացնել: Ո՛չ քննիչը, ո՛չ մեղադրողը չեն կարող դանակի արտաքին տեսքից դատելով՝ եզրակացության հանգել, որ այն գործի քննության համար հետաքրքրություն չի ներկայացնում…»:
Գործով խուզարկություն է անցկացվել այն տանը, որտեղ վերջին երկու տարին վարձակալությամբ բնակվել է ամբաստանյալ Օնիկ Մկրտչյանը: Վերջինս կամովին ներկայացել է ոստիկանություն, հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 13-ի սահմաններում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Գագիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին: Օնիկ Մկրտչյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել և իրեղեն ապացույց է ճանաչվել:
Օնիկ Մկրտչյանի մասնակցությամբ անցկացվել է քննչական փորձարարություն, որի ընթացքը տեսանկարահանվել է:
Օնիկ Մկրտչյանի ներկայացրած երթուղիով երթևեկելով՝ հասել են Սարի Թաղի 18-րդ փողոցի այն հատվածը, որը Օնիկ Մկրտչյանը մատնացույց է արել ու ասել, որ այդ վայրում Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ է տվել, ինչի պատճառով ինքը վիճաբանության ժամանակ գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածներ է հասցրել Գագիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև արյունոտ դանակը դրել է գրպանը: Տուժողը դանակով հարվածներ ստանալուց անմիջապես հետո հեռացել է՝ մտել է իր տուն, ուստի Օնիկ Մկրտչյանը չի կարողացել բացատրել, թե հիշյալ տան դիմաց ում արյան հետքերն են եղել գետնի վրա:
Այնուհետև Օնիկ Մկրտչյանը փորձարարության մասնակիցներին տարել է Սարի Թաղի 20-րդ փողոց, հայտնել է, որ դանակահարությունից հետո հասել է այդ վայրը, իր հագի սև, դեպքի ընթացքում արյունոտված ու պատռված բաճկոնը նետել է այդտեղ: Իրավապահները որոնողական աշխատանք են կատարել, բայց բաճկոնը չեն հայտնաբերել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ, հեմոռագիկ շոկից:
Տուժողի արյան մեջ ալկոհոլ և թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել:
Մեղադրողը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ տուժողին սուր կտրող-ծակող գործիքով պատճառվել են բազմաթիվ՝ մոտ 14 վնասվածքներ՝ հիմնականում կենսական կարևոր օրգանների շրջաններում:
Հրապարակվեց տեղեկանք տուժող Գագիկ Հովհաննիսյանի՝ «Կուճիի» դատվածությունների վերաբերյալ: Նա դատվածություններ է ունեցել խորհրդային ժամանակաշրջանից սկսած, վերջին տարիներին հիմնականում դատվել է Ռուսաստանի Դաշնությունում:
Նիստի ավարտին դատարանը հետազոտեց նախորդ նիստին մեղադրող դատախազ Է. Հարությունյանի կողմից դատարանին ներկայացված, իրեղեն ապացույց հանդիսացող սևեռվող շեղբով դանակը՝ մետաղագույն, սև ռեզինով ծալովի դանակ:
Դատական հաջորդ նիստին դատարան չներկայացող վկաները բերման կենթարկվեն: