Նոր պատերազմի պատասխանատուն.

Lragir.am - ը Գրում է.

ուտինը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը ժամանած Ալիեւին ասել էր, թե հիմա ֆուտբոլ նայելու ժամանակն է, իսկ սեպտեմբերն նախատեսված այցի ժամանակ կքննարկեն այլ հարցեր: Ալիեւը Պուտինին նաեւ խնդրել էր, որ այնպես անի, որ Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպի:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, երբ նա փաստացի հռչակել էր Հայաստանի նոր մոտեցումը բանակցային գործընթացին, ըստ որի՝ Արցախի փոխարեն չի պատրաստվում բանակցել, Ալիեւը հայտնվել է բարդ իրավիճակում: Բանն այն է, որ բանակցությունները նախկին տրամաբանությամբ ընթանում էին Ադրբեջանի իրավունքների համատեքստում:

Վերջին շրջանում Ադրբեջանն արդեն բանակցություններից չի խոսում: Սաստկացել է ռազմական հռետորաբանությունը, անընդհատ զորավարժություններ ու շարժեր են տեղի ունենում: Փորձագետները նշում են, որ այդպիսով Բաքուն ցանկանում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ բանակցության նախկին ձեւաչափին ու տրամաբանությանը վերադառնալու համար:

Պատերազմ սկսելը խնդրահարույց է ու հեռանկարի առումով՝ անորոշ: Դրա համար Ադրբեջանին երաշխիքներ են պետք, մասնավորապես ԱՄՆ-ից ու Ռուսաստանից: Առայժմ նման նշաններ չկան, Բաքուն ինչ որ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, այդպիսով նույնպես փորձելով գործընթացը վերադարձնել իր իրավունքների հուն:

Իսկ դրանք կասկածի տակ են դրվել ավելի վաղ՝ Վիեննայի օրակարգով ու Արցախի կարգավիճակն առաջնահերթ սահմանելու հայկական կողմի պայմանով:

Հայաստանի նոր մոտեցումը՝ Արցախի փոխարեն չբանակցելու մասով, ամբողջացնում է այս իրավիճակը:

Երեկ Ադրբեջանը շփման գծի հարավային հատված՝ Լելե Թեփե հենակետի մոտ էր տարել հակահայկական հայացքներով վաղուց հայտնի իր ձեռնասուններին՝ մի խումբ ռուս պատգամավորների ու վերլուծաբանների: Այցելության վայրն էլ թերեւս պատահական չէր ընտրված՝ ապրիլյան պատերազմից հետո այս հենակետը Բաքուն ներկայացնում է որպես իր ռազմական նվաճում, որն անկասկած ձեռք էր բերվել Ռուսաստանի աջակցությամբ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ադրբեջանում տարիներ շարունակ Ռուսաստանի ուղղությամբ քաղաքականության նպատակը մեկն է եղել՝ հասկանալ, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի միջոցով հասնել Հայաստանի միջազգային մեկուսացմանը եւ նրան հարկադրել զիջումների: Ադրբեջանում համոզվել էին դրանում, որի արդյունքն էլ դարձավ ապրիլյան պատերազմը:

Ադրբեջանում այլ սխեմա չեն մտածել, եւ ըստ ամենայնի ներկայում շարունակվում են Ռուսաստանին այդ քաղաքականությանը բերելու քայլերը: Սեպտեմբերին Մոսկվայում Ալիեւը փորձելու է ստանալ Ռուսաստանի «պատասխանը»:

Ավելորդ է ասել, որ Հայաստանը չպետք է տրվի շանտաժին, ինչը Ռուսաստանի այդ որոշումը եւ պատերազմը կանխելու պայմանն է: Մոսկվայում ու Բաքվում չպետք է լինի համոզվածություն, որ պատերազմի դեպքում Հայաստանը լինելու է կանխատեսելի ու կառավարելի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.