Փաշինյանն Ալիեւին զրկեց տարածությունից. Պուտինի ակնարկը.

Lragir.am -ը Գրում է.

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ վաղ է խոսել Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման մասին: Մոսկվայում հունիսի 14-ին Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին ու Ալիեւին, ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով ԱՊՀ երկրների նախագահների համար կազմակերպած ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել է զուտ ծանոթություն եւ ոչ մի այլ քննարկում: Փաշինյանի արտաքին հարցերի խորհրդական Արսեն Խառատյանն էլ Երեւան վերադարձից հետո հայտարարել էր, որ Մոսկվա այցի ընթացքում Արցախի հարց չի քննարկվել:

Այդ կապակցությամբ Երեւանում տարբեր շրջանակներում առաջացել են հարցեր, թե ինչու՞ եւ ինչպե՞ս չի քննարկվել, եթե կա սահմանին Ադրբեջանի աշխուժություն եւ կուտակումներ: Տրամաբանական հարց է, սակայն թերեւս նույնքան տրամաբանական կարող է լինել եւ այն, որ այդ ամենով հանդերձ՝ Արցախի հարց Մոսկվայում չի քննարկվել:

Նախ, չի քննարկվելն իհարկե տվյալ դեպքում կարող է չլինել չխոսելու հոմանիշ: Այսինքն, հարց կարող է քննարկված չլինել, բայց Փաշինյանն ու Պուտինը կարող են խոսած լինել այդ թեմայով, անվտանգության ոլորտում փոխադարձ համաձայնությունները, այդ թվում գուցե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված, վերհաստատելու համար:

Առավել եւս, որ գործնականում դա Արցախի «հարց» էլ չէ, այլ անվտանգության հարց, որը անհամեմատ ավելի լայն եւ խորքային է, քան Արցախի հարցը: Օրինակ, եթե հայկական կողմը Մոսկվայի հետ քննարկում է ռազմա-տեխնիկական գործակցության հարցեր, իսկ այդպիսի հարցեր Մոսկվայում քննարկվել են, ապա դա անկասկած ներառում է նաեւ Արցախի հարցը՝ անուղղակիորեն, որովհետեւ անվտանգության խնդիրը շատ ավելի լայն է:

Վերջին հաշվով, հայկական կողմի համար Արցախի հարց, որպես այդպիսին, որտեղ կա քննարկման խնդիր, թերեւս չկա: Հայկական կողմի համար կա անվտանգության եւ կայունության հարց, որը լայն, ռեգիոնալ համատեքստ ունի եւ անշուշտ ենթադրում է աշխատանք թե Ռուսաստանի, թե համանախագահ մյուս երկրների հետ:

Բայց, նախ եւ առաջ իհարկե ենթադրում է Հայաստանի ինքնուրույն, անմիջական պաշտպանական կարողություններ, դրանց ավելացում, ընդ որում համալիր, այսինքն թե ռազմական, թե բոլոր այլ հնարավոր բաղադրիչներով:

Ահա այդ տեսանկյունից էլ Մոսկվայում Արցախի հարց քննարկած չլինելու մասին Խառատյանի հայտարարությունն ունի մեկ այլ հատկանշական կողմ: Երեւանը փաստացի «հարկ» չի համարել Մոսկվայում «քննարկել» հարցը, այդպիսով ցույց տալով իր պաշտպանունակությունն ու վստահությունը:

Ադրբեջանի սահմանային շարժերի մասին տեղեկատվության գեներացումը եթե Հայաստանի ներքին կյանքում արվող գործողություն չէ, որի նպատակը ինչ –ինչ խմբերի շահը սպասարկելն ու նոր իշխանության հանդեպ անվստահություն տարածելը չէ՝ ինչը կնշանակի կոնկրետ իրավիճակի ուռճացում, ապա մյուս դեպքում ակնառու է, որ Բաքվի շանտաժի եւ հոգեբանական ներգործության փորձ է  Հայաստանի իշխանության վրա, այդ թվում փորձ էր գուցե Մոսկվայում Փաշինյան-Ալիեւ սպասվելիք ծանոթության կոնտեքստում:

Երեւանն այդ իրավիճակում հայտարարելով, որ Մոսկվայում չի քննարկել Արցախի հարց, փաստացի ցույց է տալիս, որ ադրբեջանական շանտաժը չի աշխատել, չի ունեցել ազդեցություն եւ Բաքվին չի հաջողվել Երեւանին «մղել» Մոսկվայից օգնություն խնդրելու, ինչն էլ իր հերթին Ալիեւի համար կբացեր խաղի տեղ:

Իսկ Ալիեւը կարծես թե ակնկալում էր խաղի այդ տարածությունը, ինչը զգացվեց Կրեմլում Պուտինի հետ հանդիպմանը: Պուտինը նրան ասաց, թե Մոսկվա ֆուտբոլի առիթով այցը լավ հնարավորություն է կոլեգաների հետ շփվելու եւ որոշների հետ էլ ծանոթանալու համար, իսկ երկկողմ հարցերը կքննարկեն օգոստոսի 30-ին, երբ Ալիեւն այցելի Մոսկվա:

Այլ կերպ ասած, Պուտինը Ալիեւին ակնարկեց, որ մտադիր չէ քննարկել լուրջ հարցեր եւ դա թող մնա մինչեւ օգոստոսի 30:

Երեւանն այդպիսով չտրվելով շանտաժին ու Մոսկվայում չբացելով Արցախի հարց,  ցույց տալով պաշտպանական ինքնավստահություն, Բաքվին զրկեց խաղային ակնկալվող տարածությունից:

Միաժամանակ, դա իհարկե զսպման ենթակա դիապազոնի կարեւոր, բայց մի մասն է, որովհետեւ առանցքայյին է զսպման մեխանիզմների գործողությունը նաեւ անմիջականորեն սահմանին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.