«Ծառուկյան» դաշինքը կարող է դառնալ ընդդիմություն, ընդամենը մեկ շաբաթ հետո

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ընդվզում են. ինչպես կարող է կառավարությունը, նրա ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան բերել և առաջարկել հրատապության կարգով փոփոխություն կատարել «Բարեգործության մասին» օրենքում, առանց խորհրդակցելու Հայաստանի թիվ մեկ բարեգործի`Գագիկ Ծառուկյանի հետ: «Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»,- զայրացած հարցնում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

 

Նաիրա Զոհրաբյանը ընդհանրապես կոչ է անում Գագիկ Ծառուկյանին այդ փոփոխությունը ընդունվելուց հետո հուլիսի 1-ից դադարեցնել բարեգործությունը, իսկ Իվետա Տոնոյանը վստահ է, որ եթե Ծառուկյանը դադարեցնի իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը, դրա շահառուների բողոքի ալիքը կուղղվի կառավարության և նրա ղեկավարի դեմ: Չի կարելի բացառել, որ «Ծառուկյան» դաշինքն էլ առաջնորդի այդ բողոքի գործողությունները, ներկայիս իշխանական կուսակցությունից դառնալով ընդդիմադիր:

Իվետա Տոնոյանն ասում է, որ այս նախագիծը մշակվել է դեռևս նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, և Կարապետյանը իր ստորագրությունը դնելով այդ նախագծի տակ, ցանկացել է հեռանալուց առաջ վերջին վատությունն անել Գագիկ Ծառուկյանին:

Բայց Տոնոյանը և «Ծառուկյան» դաշինքի մյուս պատգամավորները շատ լավ գիտեն, որ այս նախագիծը խորհրդարան է ուղարկել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ այսպիսով ցույց տալով, որ միանգամայն համաձայն է նախագծով առաջարկվող փոփոխությունների հետ:

Ավելին, կառավարությունն այս նախագիծն ընդգրկել է հունիսի 19-ին կառավարության առաջարկով հրավիրվող խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգ, և կառավարությունը, այս նախագիծը ճանաչելով հրատապ, առաջարկում է, որ այն քննարկվի և ընդունվի հրատապության կարգով:

Նոր կառավարության համար այս նախաձեռնությունը հրատապ է, քանի որ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Նա ցանկանում է խստացնել բարեգործության նկատմամբ վերահսկողությունը, քանի որ լավ գիտի, որ նախընտրական պայքարում ԲՀԿ առաջնորդի զենքը բարեգործությունն է, և եթե զրկում է Ծառուկյանին այդ զենքից, ապա կարող է համարել, որ զրկում է նրան դիմադրելու հնարավորությունից:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն առաջարկում են, որ կառավարությունը հրաժարվի իր այս նախաձեռնությունից, և հետ վերցնի օրինագիծը: Նրանք հույս ունեն, որ կարող են ճնշել Փաշինյանին, և ստիպել, որ նա հրաժարվի այս նախագիծը խորհրդարանում քննարելու և այդպիսով իրենց ծանր ընտրության առաջ կանգնեցնելուց:

Նիկոլ Փաշինյանի վարքագծին փոքր-ինչ ծանոթ մեկը դժվար թե հավատա, որ Փաշինյանը հետ քայլ կկատարի, այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը պետք է ընտրություն կատարի: Օրինակ՝ ՀՅԴ-ն իր հստակ ընտրությունը կատարել է․

երեկ հայտարարությունների ժամանակ, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները իրար հետևից քննադատում էին այս նախագիծը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ պետք է նվազեցնել բարեգործության դերը քաղաքականության մեջ, և թույլ չտալ, որ ընտրողները քվեարկություն կատարեն բարեգործությամբ և բարեգործից կաշկանդված:

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ականները ևս կաջակցեն Նիկոլ Փաշինյանին, դրանով իրենց վրեժը լուծելով «Ծառուկյան» դաշինքից: Եվ այդ դեպքում «Ծառուկյան» դաշինքը կհայտնվի անհուսալի միայնության մեջ:

Դեմ քվեարկելով կառավարության ներկայացրած նախաձեռնությանը, նրանք դեմ դուրս կգան այն կառավարությանը, որի մեկ քարորդին նշանակել է Գագիկ Ծառուկյանը: Բայց կողմ էլ չեն կարող քվեարկել, որովհետև այդ դեպքում կկտրեն այն ճյուղը, որի վրա արդեն 10 տարուց ավելի նստած են: Նաև արդեն հայտարարել են, որ անթույլատրելի են համարում նման օրենքի ընդունումը:

Պետք է սպասել, որ «Ծառուկյան» դաշինքը իսկապես դեմ կքվեարկի այս նախագծին, և դաշինքը պաշտոնապես կհայտարարի կառավարության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:

Ծառուկյանի նշանակած նախարարները և մարզպետները հրաժարական կտան, և դաշինքը կդառնա ընդդիմություն: Արտահերթ ընտրություններից առաջ սա գուցե լավագույն լուծումը կլինի Ծառուկյանի և նրա թիմակիցների համար, եթե նրանք իսկապես ցանկանան այս իրավիճակը ծառայեցնել հօգուտ իրենց ապագա քաղաքական նպատակների իրագործմանը:

Հ.Գ. «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները այլ հիմքեր էլ են նախապատրաստում կառավարության հետ խզմանը հնարավորինս գաղափարական հենք ապահովելու համար: Նրանք հայտարարում են, որ ինչպես հինգ տարի առաջ, այժմ էլ շարունակում են դեմ լինել պարտադիր կուտակայինին:

Սա այն դեպքում, երբ Ծառուկյանի նշանակած կառավարության հինգ անդամներն էլ կառավարության նիստում կողմ են քվեարկել պարտադիր կուտակայինի հուլիսի 1-ից գործադրելուն: Դրանից բացի՝ էական չէ, հիմա պետք է հնարավորինս սկզբունքային ներկայանալ:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.