Բակո Սահակյանը չպետք է ստիպի, որ մենք գնանք այդ քայլին

Lragir.am -ը Գրում է.

 

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, հայտարարվում է, որ այսօրվանից հանրահավաքներն Արցախում շարունակվելու են։ Արդյոք «Լույս Արցախին» խումբը միանում է այս հանրահավաքին։

 

 

Մեր նախաձեռնող խումբը հենց առաջինը բարձրացրեց այդ հարցը, որ պետք է Բակո Սահակյանը հրաժարական տա։ Միևնույն ժամանակ մենք մինչև հունիսի 15-ը ժամանակ ենք տվել, որ Բակո Սահակյանն արձագանքի։ Թեև չենք սպասում, որ արձագանքելու է և մեր կոչին որևէ պատասխան է տալու։ Բայց մենք ունենք հարցի լուծման մեր ձևը, և դա բնական ձևն է, այն է՝ ճնշումներն են իր վրա, որ պետք է հրաժարական տա։ Մենք ունենք երկու առաջարկ։ Այսօր, երբ հայաստանյան իրադարձություններից հետո փոխված տրամադրություններ կան, խորհրդարանը ամբողջությամբ չի արտացոլում ժողովրդի կարծիքը, պատկերը, դրա համար մենք մեզ համարում ենք արտախորհրդարանական ուժ, որը պետք է մասնակցություն ունենա Արցախի բարեփոխումներին։ Հիմա մենք առաջարկել ենք երկու տարբերակ. առաջին տարբերակը քաղաքական հարթակն է, որտեղ պետք է որոշենք, համաձայնության գանք, և ԱԺ-ն քննարկումների արդյունքում ընտրի նոր նախագահ և ընդունի Բակո Սահակյանի հրաժարականը։

Իսկ թե ինչու Բակո Սահակյանի հրաժարականը, քանի որ նա խախտել է սահմանադրությունը, կեղծիքով իր հագուկապով սահմանադրություն է անցկացրել, որպեսզի ևս 3 տարով երկարացնի իր իշխանությունը։ Հայաստանյան իրադարձությունները շատ լավ միջոց են, որպեսզի արցախցիները թոթափվեն այս սխալներից, գաղջ մթնոլորտից և թույլ չտան, որ հենց երկրի առաջին դեմքը խախտի սահմանադրությունը։

Մյուս պատճառն այն է, որ ինքն այլևս չի տիրապետում իրադրությանը և չի կարողանում երկիրը խաղաղ և բնականոն ձևով ղեկավարել։ Ինքը պետք է հրաժարական տա, և ԱԺ-ն ընտրի նոր նախագահին։

Բակո Սահակյանը երեկ ասուլիս է տվել, որտեղ նշել է, որ 2020 թվականին չի առաջադրվելու։ Սա փաստորեն բավարար չէ, և դուք հենց հիմա եք պահանջում նրա հրաժարականը։

Երբ նա մամուլի ասուլիսին հայտարարեց, որ չի մասնակցելու 2020 թվականի ընտրությանը, սա ապացույց է, որ ինքը իրոք սահմանադրությունը կարել է իր հագով, որ մինչև 30 թվականը ևս երկու ժամանակաշրջան սահմանադրությամբ նոր առաջադրումով երկարացնի իր իշխանությունը։ Սա իշխանության զավթում է, կողոպուտ է, և ինքը պետք է հեռանա, իսկ հաջորդ նախագահի թեկնածուն քաղաքական հարթակը պիտի ընտրի, ԱԺ-ն էլ ընտրի նոր նախագահին։

Նոր նախագահը պետք է ձևավորի ժամանակավոր կառավարություն, սա ժամանակավոր, անցումային նախագահ է, որը պետք է ողջամիտ և օրենքով սահմանված ժամկետում շատ արագ  ԸՕ-ի և սահմանադրության փոփոխություններով նոր ընտրություն կազմակերպի։

Երկրորդ տարբերակ. մեր նախաձեռնող խումբը գյուղերում և շրջաններում ունի իր կողմնակիցները, և մենք արդեն որոշ չափով մոբիլիզացնելու ենք գյուղեգյուղ և Ստեփանակերտում ճնշումով հասնելու այդ փոփոխություններին։ Բայց արդեն կարող է նոր օրակարգ առաջ գալ, այդ թվում՝ ԱԺ հրաժարական և այլն։

Այս ճգնաժամը ինչի՞ արդյունք էր, և  մինչև 2020 թվական այն լուծում կստանա՞։

Այս վիճակը մինչև 20 թվական չի կարող շարունակվել։ Ճգնաժամը այսպես թե այնպես հասունանալու էր։ Երիտասարդների նախաձեռնությունը, որի կողքը մենք էլ կանգնեցինք և պահանջեցինք չորս ուժային կառույցների հրաժարականը, դա ոչ թե պատճառ էր, այլ առիթ Արցախում տարիների ընթացքում կուտակված բոլոր պրոբլեմների։ Հայաստանում ազգային զարթոնքի ֆոնի վրա այստեղ արդեն ժողովուրդը չէր կարող երկար սպասել։ Չի կարող սպասել մինչև 2020 թվական նաև այն պատճառով, որ այս իշխանությունները 20 թվականին նույնպես կեղծելու են ընտրությունները։

Այս փուլում փաստորեն Բակո Սահակյանի հրաժարականին այլընտրանք չեք տեսնում։

Այո, և Բակո Սահակյանը շուտափույթ պետք է հրաժարական տա։ Եվ որքան շուտ հրաժարական տա, այնքան լավ։

Ի՞նքն է ճգնաժամի պատճառը։

Երկուսուկես տասնամյակում ընտրակեղծումներով իշխանության եկած վարչախմբի վարած քաղաքականությունն է, որն այլևս չի կարող շարունակվել։

Հանրային տրամադրությունները Արցախում ինչպե՞ս են։ Դավիթ Բաբայանն ասում է, որ ամեն ինչ բնականոն հունով շարունակվում է Արցախում։

Մարդիկ պարզապես զուրկ են իրականության զգացումից։

Կարծում եք այս նախաձեռնությունը հանրային լայն աջակցություն կունենա՞։

Համոզված եմ՝ հանրության մեջ այդ տրամադրությունները կան, և նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, այդ թվում՝ մենք, կոնկրետ կազմակերպելու, նախապատրաստելու և ի մի բերելու, այդ ուժերը, որ կարող են իրականացնել, պարտավոր են միանալ և կարծում եմ՝ միանալու են։

Ապրիլից Ադրբեջանը սահմանի երկայնքում տեղադրած զորամիավորումներն առ այսօր հետ չի քաշում։ Ներքաղաքական իրավիճակը որքանո՞վ է բացասական անդրադառնում իրավիճակի վրա։

Սահմանին լարվածությունը միշտ եղել է, սահմանի վրա լարվածությունը վերաբերում է ամբողջ ժողովրդին և ոչ թե միայն նրան, որ այն օգտագործեն իշխանությունները և շարունակեն հոռի քաղաքականությունը ժողովրդի հանդեպ։ Դա այդպես չէ։ Եվ երբ սահմանին լարվածություն լինի և ինչ-որ բան լինի, ամբողջ ժողովուրդը պետք է կռվի։ Մենք երկու տարի առաջ ապրիլին տեսանք, որ այս իշխանությունը, որ շարունակում է հիմա անօրեն կերպով, Բակո Սահակյանը չփայլեց իր ընդունակություններով, որպեսզի կազմակերպի պաշտպանությունը։ Համոզված եմ, որ Արցախում պետք է շուտով կատարվեն բարեփոխումներ և կամաց-կամաց գնան ընտրության։ Այս տարբերակը ճիշտ է և չի ազդի սահմանի վրա։ Բակո Սահակյանը պարզապես չպետք է ստիպի, որ մենք գնանք այն քայլին, որ ժողովրդին ավելորդ տեղը շրջաններից դեպի Ստեփանակերտ բերենք և ճնշենք իրեն։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.