Պարզվում է՝ վիճակը շատ ավելի լուրջ է.

Lragir.am-ը գրում է.

2008 թ. Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը հայտարարեցին Համահայկական բանկի ստեղծման մասին։ Բանկը պետք է լիներ համայն հայության ֆինանսները մի տեղ հավաքող և  Հայաստանի տնտեսության մեջ ներդնող՝ Հայաստանը ծաղկեցնող կառույց։

Կառավարությունը, որպես հիմնադիր կապիտալ, բանկում ներդրեց 20 մլն դոլար։ Մինչև վերջին օրը Կառավարությունը եղավ բանկի միակ ներդնողը։ Համահայկական բանկն այդ 20 միլիոնը ներդրեց կառավարության Պետական Կարճաժամկետ Պարտավորությունների (ՊԿՊ) մեջ։ Այդ ներդրման համար կառավարությունը ամեն տարի 7.5 տոկոս կամ 1.5 մլն դոլար դիվիդենտ էր տալիս բանկին, ինչով բանկը ճոխ ապրեց 8-9 տարի։

 

 

Նմանատիպ ծրագիր է այս կուտակային թոշակային համակարգը։ Արդեն հավաքվել է 120 մլրդ դրամ։ Կառավարությունը գոհունակությամբ հայտնում է, որ գումարի 70 տոկոսը  ներդրվել է Հայաստանում։ Ներդրված գումարների կեսը՝ 30-35 տոկոսը ներդրված է ՊԿՊ-ների մեջ, որի դիմաց կառավարությունը ֆոնդերին վճարում է տարեկան 6․2 մլն դոլար։

Այս ահռելի միջոցները, եթե մնային ժողովրդի ձեռքին, կծախսվեին և այդպիսով ամբողջովին կներդրվեին տնտեսության մեջ։ Կներդրվեին ամենաճիշտ տեղերում և մեծ մուլտիպլիկացիայի էֆեկտով։ Բայց ցավն այն է, որ կառավարությունները մի մեծ ներդրումը, ասենք Ամուլսարում, տեսնում են, իսկ տասնյակ հազարավոր մանր գնումները, ինչը տասնյակ հազարավոր մանր ներդրումներ են, չեն տեսնում, թեև վերջիններիս միասնական էֆեկտը անհամեմատ մեծ է։

Կառավարությունն ասում է, որ եթե կուտակայինը չեղյալ անենք, կդիտվենք որպես ոչ հուսալի գործընկեր և այլևս Հայաստանում ներդրումներ չեն անի։ Ճիշտ հակառակը։ Ներդրումներ Հայաստանում չեն արվել, որովհետև վարվել է սխալ տնտեսական քաղաքականություն։ Ստեղծել ենք Համահայկական Բանկ։

 

 

Քայքայել ենք կրթական համակարգը, չունենք բարձրորակ մասնագետներ, բայց ստեղծել ենք Լույս հիմնադրամ (հիմնադիրներ Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան), որը 10 տարի միլիոնավոր դոլարներ էր ծախսում, ընտրում էր ամենաօժտված երեխաներին և ուղարկում էր արտասահման սովորելու, և որոնք էլ չէին վերադառնում, որովհետև հայրենիքում նրանց համար աշխատելու միջավայր չկար։ Հիմնել ենք կուտակային թոշակային համակարգ (հեղինակներ Սերժ Սարգսյան և Տիգրան Սարգսյան), առանց այդ էլ աղքատ ժողովրդից վերցնում ենք եկամտի 10 տոկոսը և տալիս ենք ինչ-ինչ ֆոնդերի, որոնք այդ փողերը պետք է վերադարձնեն 30-40 տարի հետո, այդպիսով այսօր ներքին առևտուրը և արտադրությունները զրկում ենք հսկայական միջոցներից։

Կարծում եմ, Կուտակային համակարգի ներդրումը պետք է սառեցնել։ Պետք է ուսումնասիրել, թե ովքե՞ր, ի՞նչ ֆինանսավորումով են մշակել այս համակարգը։ Ի՞նչ շահեր ունեն այսօր։ Արդյոք այդ նույն մարդիկ են այսօր համոզում կառավարությանը, որ այս համակարգը պետք է մնա։

 

 

Վստահ եմ, կառավարության տնտեսական բարեփոխումները՝ օրենսդրության, վարչարարության, դատական համակարգի, մրցակցության պաշտպանության, կրթության ոլորտներում, շատ ներդրումներ են բերելու, իսկ կուտակային այս սխալ համակարգի չեղարկելը միայն օգնելու է ներդրումներին։

Վերջում մի հորդոր կառավարությանը։ Պետք չէ ասել աշխատողը մուծում է 5 տոկոս, մյուս 5 տոկոսն էլ մուծում է պետությունը։ Հետո էլ թե լավ, մի քիչ էլ ենք լավություն անում, 2․5 տոկոսը մուծում է աշխատողը, 7․5 տոկոսը մուծում է պետությունը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ՝ աշխարհում ոչ մի պետություն կամ կառավարություն սեփական ոչ մի լումա չունի, որ ժողովրդին էլ լավություն անի։ Կառավարությունը ծախսում է ժողովրդի փողերը։

ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Հայկական ծրագրեր ընկերության նախագահ

Խմբ. կողմից. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, պատճառաբանելով, որ դեմ է կուտակայինի հարցով կառավարության կայացրած որոշմանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.