Փաշինյանը գծեց իր և Ծառուկյանի սահմանը...

1in.am - ը Գրում է.

 

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում օրերս ունեցած իր ծրագրային ելույթում անդրադարձել է հայաստանյան քաղաքականության ֆունդամենտալ հարցերին, քաղաքականության և կապիտալի տարանջատման խնդրին, այսպես կոչված` քաղաքական մենեջմենթի կազմակերպմանը: Հայաստանի վարչապետի մոտեցումները գուցե դասագրքային, աքսիոմատիկ ճշմարտություն են, սակայն Հայաստանի պարագայում հեղափոխական են և նույնիսկ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերը չեն պատկերացնում, չեն հավատում, որ Փաշինյանի ասածները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ:

 

Խոսելով քաղաքականության և բիզնեսի տարանջատման անհրաժեշտության մասին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այս խնդիրը ձևակերպելիս նախ և առաջ հասկանում են, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի և քաղաքականությունը, առավելևս իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի»:

Վարչապետը միանգամայն ճիշտ է, որովհետև օլիգարխներից շատերը քաղաքականության, պատգամավորական մանդատի կամ պաշտոնի մեջ, առաջին հերթին, տեսնում են իրենց բիզնեսի պաշտպանությունը: Այլ խոսքով` խոշոր կապիտալի ներկայացուցիչները վերջին 15-20 տարիներին ձգտել են ինտեգրվել կամ մոտ կանգնել, այսպես կոչված, «պոլիտբյուրոյին»` պետական վերնախավի, իշխանության բարձր ներկայացուցիչների կողմից իրենց բիզնեսի նկատմամբ ոտնձգությունները կանխելու նպատակով կամ այն պատճառով, որպեսզի դիմակայեն բյուրոկրատիայի բիզնես-էքսպանսիային: Եթե օլիգարխիային հակացուցված է քաղաքականությամբ զբաղվելը, ապա պաշտոնյան իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Միայն այս բանաձևը կարող է կազմաքանդել քրեաօլիգարխիան, մինիմալի հասցնել կոռուպցիոն ռիսկերը:

Հայաստանի քաղաքական համակարգի դեգրադացիայի հիմքերը դրվեցին 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ դրանց հետ մեկտեղված սահմանադրական հանրաքվեն երկուստեք ստվերեց համապետական երկու գործընթացների քաղաքական նշանակությունը:

 

 

Առաջին Սահմանադրությունը հասարակական կոնսենսուի ազդակ չդարձավ, որովհետև դրա ընդունումը մեկտեղվեց իշխանության և ընդդիմության անտագսնիստական պայքարի հետ` ենթարկվելով հենց կոնֆրոտացիոն ռեժիմի տրամաբանությանը: Մյուս կողմից` սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը ստիպեց, որ ՀՀՇ-ն դիմի վարչական ռեսուրսի օգտագործմանը` «Հանրապետություն» միավորման քողածածկույթի տակ լայն դաշինքի գնալով բյուրոկրատիայի, այսպես կոչված` «կարմիր տնօրենների» հետ:

Հայաստանում ձևավորվեց պետական կապիտալիզմի արատավոր համակարգը. պատահական չէ, որ 1995-96թթ-ին, ըստ էության, դադարեցվեցին քաղաքական և տնտեսական բարեփոխումները, ինչի հետևանքով պաշտոնանկ եղավ բարեփոխիչ վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարությունը:

«Պետական կապիտալիստներին» ավելի ուշ փոխարինելու եկավ, այսպես կոչված, ռազմական վերնախավը:

Սակայն Հայաստանում, դասական իմաստով, քրեսօլիգարխիա ձևավորվել է 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ իշխանությունն ու քրեաօլիգարխիան սկսեցին միաձուլվել` պաշտոնը դարձնելով հարստության աղբյուր, իսկ խոշոր կապիտալը քաղաքականության և իշխանության մեջ գտավ իր բիզնեսի ապահովության բանալին: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն, ըստ էության, փաստացի համարվում են Հայաստանի ամենահարուստ մարդիկ, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգերում նախագահի և թիվ մեկ օլիգարխի կարգավիճակները նույնացված են:

 

Նույն տրամաբանության համատեքստում օլիգարխիայի նշանային դեմքեր Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյան մաս են կազմել իշխանության համակարգին` իրենց բիզնեսի անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:

Հայաստանի քրեաօլիգարխիան, մեծ հաշվով, ավտոնոմ համակարգ չէ և ընդամենը ռուսական կոռուպցիոն, օլիգարխիկ բուրգի ենթակառույցն է: Պատահական չէ, որ հայկական քրեաօլիգարխիայի կայացումն ու զարգացումը տեղի է ունեցել Հայաստանի պետականության ճգնաժամի և ռուսական վասալության համատեքստում:

Հայաստանի թավշյա հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ ու չի ենթադրում արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխություններ: Մյուս կողմից` հայկական հեղափոխության քաղաքակրթական վեկտորն ուղղված է քրեաօլիգարխիայի դեմ, որը ռուսական շահերի հիմնական կրողն է Հայաստանում: Ըստ այդմ` Նիկոլ Փաշինյանի հակաօլիգարխիկ կամպանիան` առնվազն հետևանքների հարթության վրա, բազմաշերտ է և իր մեջ պարունակում է բաղադրիչներ, որոնք էապես խմբագրելու են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը:

«Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։

 

 

Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն»,-իրավիճակի հաղթահարման ինստիտուցիոնալ լուծում է առաջարկում Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ էության, քաղաքականությունը օլիգարխիայի ճիրաններից դուրս բերելու և հանրայնացնելու, այն ծրագրային մրցակցության հարթություն տեղափոխելու բանաձև է:

Շատերին կարող են տեսական թվալ Նիկոլ Փաշինյանի այս դատողությունները, սակայն վարչապետը խոսում է իրական, կիրառական քաղաքականության մասին, փորձում է մոդելավորել առաջիկա խորհրդարանական ընտրարշավը:

Եթե կուզեք, Փաշինյանը տողատակով խոսում է անգամ ընթացիկ քաղաքականության մասին` հասարակությանն ուղերձ հասցեագրելով, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում չի գործելու ժամանակավոր կառավարության անցումային մոդելը: Նախօրեին Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բացառել է, որ օլիգարխիան, քսակատերը կարող են մաս կազմել իր նախընտրական ցուցակին կամ ապագա կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ուղիղ տեքստով հասկացրել է, որ իր իշխանության որևէ անդամ մասնակից չի լինելու բիզնեսին` ուղղակի կամ անուղղակի, վերջինիս հորդորելով` հրաժեշտ տալ քաղաքականությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.