«Պարոն Փաշինյան, ասում եմ՝ իմացիր».

Lragir.am -ը Գրում է.

Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսակ Էդուարդ Շարմազանովը

 

Պարոն Շարմազանով, ՀՀԿ խմբակցությունը լքել է երրորդ պատգամավորը։ Կարո՞ղ ենք ասել, որ ինչ-որ պահից ՀՀԿ-ն այլևս մեծամասնություն չի լինի խորհրդարանում՝ անկախ նոր ընտրություններից։

Այսօրվա քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը ՀՀԿ-ի պատգամավորների մնալ կամ հեռանալը չէ։ Այսօրվա օրակարգի կարևոր հարցերը նոր կառավարության ծրագիրն է, թե ինչպես է կառավարությունը իրականացնելու իր խոստացած թռիչքային զարգացումը։ Իսկ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ։ Թե ով կմնա Հանրապետականում, նրանց շատ շնորհակալ եմ և պատրաստ ենք միասին առաջ գնալ, իրականացնել մեր ծրագրերը։ Ով կգտնի, որ այլևս տեղ չունի ՀՀԿ-ում, գնահատական չեմ տալիս, ժողովրդավարություն է, բազմակարծություն է, ամեն մարդ ինքն է իր ընտրությունը կատարում։ Ես ճիշտ եմ համարում այն, ինչպես ես եմ վարվում, իսկ եթե մնում եմ ՀՀԿ-ում, շարունակելու եմ քաղաքականությամբ զբաղվել և իրագործել ՀՀԿ-ի գաղափարներն ու ծրագրերը։ Ինչ վերաբերում է նրան, որ հերթական պատգամավորն է լքում ՀՀԿ խմբակցությունը, առաջին անգամ չէ, որ երբ կուսակցությունը դառնում է ընդդիմություն կամ կորցնում է իր իշխանական լծակները, կարող են լինել նաև պատգամավորներ, որոնք իրենց քաղաքական ապագան այլ կառույցներում են տեսնում, այլ կուսակցություններում կամ անկուսակցական կարգավիճակում։ Չեմ ասում ողջունում եմ, բայց շատ հանգիստ եմ վերաբերվում, չեմ կարծում, որ այդտեղ շատ աժիոտաժային բան կա։ Դա տվյալ պատգամավորների խնդիրն է։ Ես զարմանում եմ որոշ լրատվամիջոցների սենսացիոն, խրախճանքային մոտեցումներին, թե ՀՀԿ-ում մնաց 54, մնաց 53 պատգամավոր, թե 20 հոգի։ Եթե դրանից երջանիկ եք լինելու, երջանկություն ենք մաղթում։ Կա կառավարություն, գնացեք հետևեք կառավարության գործունեությանը։

 

 

Սա չի՞ փաստում այն մասին, որ շատերը ՀՀԿ մտել էին ոչ թե գաղափարների, այլ պարզապես անձնական շահի համար։

Ես մշտապես ասել եմ, որ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում որևէ կուսակցություն, մասնավորապես, իշխող կուսակցություն, բոլորը մտնում են բացառապես այդ կուսակցության գաղափարախոսությունից ելնելով։ Բայց ես դատավոր չեմ, որ գնահատականներ հնչեցնեմ, ոչ էլ դատախազ եմ, որ մեղադրանքներ հնչեցնեմ։ Ես ասել եմ, որ իմ հավատամքը ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետևյալ խոսքերն են. «ՀՀԿ-ն ազգային կուսակցություն է, ՀՀԿ գալիս են տալու գաղափարը, նվիրումը, այլ ոչ թե վերցնելու»։ Ով գալիս է Հանրապետական պաշտոն ստանալու, նա սխալ ընտրություն է կատարել։ Միգուցե տարիների ընթացքում վերածվելով իշխանական կուսակցության, մեզ մոտ էլ եղել են նույն բացասական երևույթները, որոնք եղել են ՀՀՇ-ում, ինչպես այսօր կան այլ կուսակցություններում։ Դա ոչ միայն հայաստանյան քաղաքական կյանքին է բնորոշ, այլ բոլորին։ Ես ճիշտ եմ համարում այն, ինչպես ես եմ վարվում՝ միաժամանակ չմեղադրելով որևէ մեկին։ Մեզնից հեռացողներին էլ հաջողություն եմ մաղթում։ Իմ կարծիքով՝ Հայաստանում չկա և չի եղել որևէ իշխանական կուսակցություն, որտեղ կարող են մտնել բացառապես գաղափարախոսությունից ելնելով։ Ես ՀՀԿ մտել եմ երեք բանի համար. առաջինը կուսակցության անցած ճանապարհն է, դեռ Ազգային միացյալ կուսակցությունից անկախական շարժումն է։ Հայաստանում անկախության, իրական հպարտ քաղաքացիների, իրական գաղափարական ու հայկական ծնունդ է Հանրապետականը, որը ծնվել է Անկախության բանակից ու Ազգային միացյալ կուսակցությունից։ Երկրորդը կուսակցության գաղափարախոսությունն է, ազգային պահպանողականություն է, որի մեջ մտնում են ազգային ավանդական արժեքները, քրիստոնեությունը և մեր ամբողջ արժեքային համակարգը։ Երրորդը իմ լիդերների նկատմամբ իմ անվերապահ վստահությունն ու հավատն է։ Ես մտել եմ կուսակցություն՝ հավատալով Անդրանիկ Մարգարյանին, այնուհետև աշխատել եմ Սերժ Սարգսյանի հետ, շարունակում եմ վստահել իմ առաջնորդին։ Սրանք են այն երեք պատճառները, որ ինձ պահում են ՀՀԿ-ում, ոչ փողը, ոչ պաշտոնը, ոչ շահը։ Բայց ամեն մեկը մի ձև է մտածում։

ՀՀԿ-ն դասական քաղաքական կուսակցություն է և առանց ՀՀԿ-ի ազդեցիկ գործունեության ես չեմ պատկերացնում Հայաստանում քաղաքական ու գիտակցական համակարգը։ Անկախ նրանից՝ ում դուրը կգա, ում դուրը չի գա, ով է հեղափոխության ու էյֆորիայի ազդեցության տակ, եթե Հայաստանում կա երկու նորմալ կուսակցություն, որոնք ունեն գաղափարախոսություն, ունեն կառույցներ, ունեն անցած ճանապարհ, մեկը ՀՀԿ-ն է, մյուսին էլ ինքներդ փնտրեք։ ՀՀԿ-ն ունի անելիք, ունի պրոֆեսիոնալ թիմ, և նման պրոֆեսիոնալ թիմ ունեցող ուժ այսօր չկա։ Տեսնում ենք այսօրվա վիճակը, էլի մենք ենք խնդրել, որ մեր թիմակիցների մեծ մասը դեռ աշխատում է պետական կառույցներում։ Եվ պրոֆեսիոնալ կադրերը, և գաղափարախոսությունը, և անցած ճանապարհը, և մեկս մյուսի ու պետության նկատմամբ սերն ու հավատը ևս մեկ անգամ երևում է։ ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը՝ անկախ նրանից, թե լեգիտիմությունը 5 տոկոս է, 0 տոկոս է, թե 150 տոկոս։ ՀՀԿ-ն դասական քաղաքական ուժ է և առանց ՀՀԿ-ի ես չեմ պատկերացնում քաղաքական համակարգը։ Քաղաքացիական շարժումը մի բան է, քաղաքական կուսակցությունն այլ բան է։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն ոչ թե քաղաքացիական նախաձեռնությունները, այլ մասնագիտացած քաղաքական կուսակցությունները։ Ով ուզում է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ, թող մտնի քաղաքական կուսակցություն։ Ես այդպես եմ մտածում։

 

Մինչ ՀՀԿ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով ստորագրահավաք էին կազմակերպում Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու համար, դատարանը նախօրեին ազատ արձակեց նրան ու հիմա մեղադրանքներ կան դատավորի նկատմամբ։ Կա տեսակետ, որ Հայաստանում բազմիշխանություն է հաստատվել, երբ կառավարությունը նոր է, բայց դատական համակարգում հին իներցիան է գործում։

 

Այն ճանապարհով, որով գնում է նոր կառավարությունը, ժողովրդավարական չէ։ Այն ճանապարհով, որով գնում են վարչապետի աջակիցները, այն մտադրությունները, որ ունեն նրանք, ժողովրդավարական չեն։ Մենք ընտրել ենք վարչապետ, ոչ թե դիկտատոր։ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Կա դատական անկախ իշխանություն՝ անկախ Ազգային ժողովի և կառավարության կամքից։

Դատական իշխանության գործունեությանը ոչ նախկինում, ոչ այսօր ես չեմ միջամտում։ Իսկ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու համար ստորագրել եմ, որովհետև ճանաչում եմ նրան, նա իմ կուսակից ընկերն է, քաղաքապետ է։ Ես չեմ կարծում, որ քաղաքապետը, որ ընտրվել է այդքան ձայնով, նրա խափանման միջոցը պետք է ձերբակալումն ու կալանքը ընտրեին։ Դրա համար ստորագրություն եմ նախաձեռնել նաև ես, և իմ գործընկերների հետ առաջարկել ենք, որ համապատասխան իրավապահ մարմինները նախաքննությունը շարունակեն առանց քաղաքապետին ու փոխքաղաքապետին կալանավորելու։ Մենք որևէ միջամտության ոչ իրավունք ունենք, ոչ էլ մտադրություն։ Ես խորհրդակցել եմ նաև իր փաստաբանի հետ, նա ինձ տվել է որոշակի տեղեկատվություն, ևս մեկ անգամ փաստեր է ներկայացրել, որ Համբարձումյանը այն իրադարձությունների հետ, որում իրեն մեղադրում են, որևէ առնչություն չունի։ Սա է եղել պատճառը, որ ստորագրել եմ, և դա իմ իրավունքն է։ Եթե հարցնեք, թե բա ինչո՞ւ ուրիշների համար չեմ ստորագրում, ես կհիշեցնեմ, որ մարտի 1-ի ժամանակ ես և Արմեն Աշոտյանն ենք միջնորդություն ներկայացրել Աղվան Հովսեփյանին, որ Սուրեն Սուրենյանցն ազատ արձակվի։ Իսկ Սուրեն Սուրենյանցը այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ միասին ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգներն էին վարում։ Ես որևէ մեկի մոտ արդարանալու կարիք չունեմ, բայց որպեսզի չասեք՝ Հանրապետականը միայն իր կուսակցի համար է ստորագրել, հիշեցնում եմ Սուրեն Սուրենյանցի դեպքը, ով ազատ է արձակվել իմ և Արմեն Աշոտյանի միջնորդության արդյունքում։

 

Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն այս քայլին դիմեց՝ հաշվի առնելով, որ հնարավոր է Դավիթ Համբարձումյանի հետ կապված կծիկը բացվի, ու պարզ դառնա, թե ով է հրահանգ տվել ցրել ցուցարարներին։

 

 

Եթե պետք է կծիկը բացվի... իմ կարծիքով՝ այս ընթացքում այնքան անօրինական բան է եղել։ Ես ռադիոյի տուն մտնելն օրինական չեմ համարում, մարդկանց վիրավորելն օրինական չեմ համարում, այսօրվա պաշտոնյաները, որ իրենց ֆեյսբուքյան էջերում գրում էին «Շարմազանով 42», հետո ջնջեցին, օրինական չեմ համարում։ Մարդիկ, որոնք դուխից են խոսում, դուխ չունեցան ներողություն խնդրել թեկուզ պատգամավորներից։ Ես սա եմ անօրինական համարում և ևս մեկ անգամ ասում, որ եթե որևէ մեկը մեղավորը է, Դավիթը կլինի, Շարմազանովը կլինի, թե Նիկոլի ամենամոտ ընկերը, թող գնան պատժվեն։ Բոլորը պետք է օրենքի առջև լինեն հավասար, բայց ընկել են ՀՀԿ-ի հետևից, այդ մարդկանց նկատմամբ քաղաքական տեռոր եղավ, որը շարունակվում է։ Արամ Սիմոնյանին, որ վաստակաշատ գիտնական է, հիվանդանոց հասցրեցին, մեկը կանգնե՞ց ասաց՝ սա ի՞նչ վերաբերմունք է։ Ու միայն նրա համար, որ հանրապետական է։

Պարոն Փաշինյան, ասում եմ՝ իմացիր՝ հանրապետական լինելը հանցագործություն չէ, հպարտություն է։ ՀՀԿ-ն մեր պետության ակունքներում կանգնած կազմակերպություն է։ Եթե մեկը սխալվել է, օրենք է խախտել, մեռնեմ օրենքին, թող գնա պատժվի, բայց չի կարելի ընտրողաբար մոտենալ, կրկնակի ստանդարտներ կիրառել։ Ասում են՝ սիրո հեղափոխություն։ Նախ սա հեղափոխություն չէր, իշխանափոխություն էր, երկրորդ՝ սեր չկար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.