Իշխանության նոր հավակնորդը. Արմեն Սարգսյանը բացում է խաղաթղթերը.

1in.am-ը գրում է՝

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի. «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների. «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»,-ասել է Սարգսյանը:

Հանրապետության գործող նախագահն առաջին գործիչը չէ, ով բարձրաձայնում է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգի ռիսկերի մասին: Մյուս կողմից` զարմանալի է, որ այդ մասին խոսում է Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանից նախագահության առաջարկությունը ստանալուց հետո ոչ մի խոսք չի ասել Սահմանադրության կամ կառավարման նոր մոդելի թերությունների մասին, ավելին` հենց այդ շրջանում հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերությանը, նույնիսկ նշել է, որ Հայաստանում նախագահն ավելի շատ լիազորություններ ունի, քան դրանցով պետության գլուխներն օժտված են եվրոպական խորհրդարանական մի շարք երկրներում:

Նույնիսկ նախագահի պաշտոնում պաշտոնապես ընտրվելուց հետո` մինչև երդմնակալության պաշտոնական արարողությունը, Սարգսյանն անվրդով հետևել է, թե ինչպես է խորհրդարանը օրենսդրական կարգավորումներով «խուզում» իր` առանց այն էլ, սահմանափակ նախագահական լիազորությունները:

Ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում Արմեն Սարգսյանի առաքելությունը պայմանավորված չի եղել լիազորություններով. նա պետք է լիներ այն կրեատիվ, թարմ դեմքը, որի ֆորմալ ներկայությունը իշխանության բուրգում թույլ կտար լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի վերարտադրվող համակարգը:

Սակայն թավշյա հեղափոխությունն արմատապես փոխել է ներքաղաքական իրավիճակը և չեղարկել է Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան պայմանավորվածությունները:

Նիկոլ Փաշինյանի հետ գործող նախագահը պայմանավորվածություններ չունի և ձգտում է մեծացնել իր իշխանությունը, ընդ որում` հանրապետականների օրինակով, «բռնվելով» Փաշինյանի նախկինում արած հայտարարություններից:

Հրապարակավ Արմեն Սարգսյանն ասում է` քաղաքական հավակնություններ չունի, օրերս նույնիսկ կտրականապես հերքեց լուրերը, թե միջնորդավորված կուսակցություն է ստեղծում: Ենթադրենք` անվերապահորեն հավատում ենք Արմեն Սարգսյանի անկեղծությանը, մյուս կողմից` չենք կարող չնկատել, որ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նա թափանցիկ ակնարկ է անում առնվազն իր իշխանությունը մեծացնելու մտադրության մասին:

Դժվար չէ նկատել, որ Արմեն Սարգսյանն անուղղակիորեն խոսում է Նիկոլ Փաշինյանի սուպերվարչապետություն դեմ: Ուշագրավ է այն ժամանակային համատեքստը, որում հնչում է Սարգսյանի հայտարարությունը: Այսպես կոչված` սուպերվարչապետութունն այսօր միակ լծակն է, որը` խորհրդարանական մեծամասնության բացակայության պարագայում, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալիս` պայքարել կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ և կանխել, այսպես կոչված, հակահեղափոխության ռևանշը:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե Արմեն Սարգսյանը փորձում է յուրովի «խմբագրել» հեղափոխության արդյունքները, սակայն առնվազն նկատելի է, որ նա, ի տարբերություն նախահեղափոխական շրջանի, հետհեղափոխական

Հայաստանում չի պատրաստվում համակերպվել «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ:

Մյուս կողմից` հարց է առաջանում, թե ինչի վրա են հենվում Արմեն Սարգսյանի հավակնությունները, երբ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշը բացառում է այլընտրանքի հնարավորությունը թե ընդդիմադիր և թե` առավել ևս, իշխանության դաշտում:

Այս արձանագրումը միանգամայն ճիշտ է այսօր, սակայն իրավիճակն արմատապես կարող է փոխվել ամիսներ հետո, երբ հեղափոխական էյֆորիան կմնա անցյալում և վարչապետն ու կառավարությունը կհայտնվեն խաչաձև քննադատության թիրախում: Չի բացառվում նույնիսկ, որ Արմեն Սարգսյանը այսօր արդեն նկատում է մի բան, որ տեսանելի չէ փորձագիտական շրջանակների, հասարակության համար: Խոսքն` այսպես կոչված, իշխանության հնարավոր վակուումի մասին է, որը, վաղ թե ուշ, հանգեցնելու է ինստիտուցիոնալ ճգնաժամի:

Մի կողմից հեղափոխությունը լեգիտիմ իշխանություն ձևավորելու հնարավորություն տվեց` ըստ էության, չեղարկելով Արմեն Սարգսյանի առաքելությունը` որպես հին համակարգի քաղաքակրթական դեկորացիա, մյուս կողմից` հեղափոխությունը մեծ քաղաքական տարածություն բացեց, որը նոր առաքելությամբ կարող է օժտել Արմեն Սարգսյանին, մանավանդ` իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում, եթե հեղափոխությունը ինստիտուցիոնալ հարթության վրա չհաջողի, գործող նախագահը կարող է լինել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի միակ այլընտրանքը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.